«Ինձ համար, անկեղծ ասած, կինոն վաղուց մեռել է, կինո չկա». Ռուբեն Գևորգյանց
Արդեն մի քանի ամիս է` Մշակույթի նախարարության և նախարարի անմիջական մասնակցությամբ մեկնարկել են Հայաստանում «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման վերաբերյալ քննարկումները։ Դեռևս ընթացիկ տարվա հունվար ամսից Մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված ոլորտի առաջատար մասնագետները փորձում են ի մի բերել հայկական կինոյի բաց ու թերի կողմերը, հասկանալ ոլորտի առջև ծառացած բազմաթիվ ու բարդ խնդիրների լուծման մեխանիզմները ու, վերջապես, վերադարձնել տեղական կինոյի երբեմնի փառքն ու բարի համբավը։
Ինչ խոսք, ժամանակներն ուրիշ են, արվեստի մարտահրավերները` բոլորովին այլ։ Այնուամենայնիվ, ժամանակակից հայկական կինոյին բաժին է հասել տարիներով կուտակված չլուծված խնդիրների մեծ ժառանգություն` խաթարված կինոարտադրություն, չկայացած դիստրիբյուցիոն շուկա, տեխնիկական անբավարար միջոցներ, արդյունքում` մեծ իմաստով` անմրցունակ կինո։
Հայտնի չէ, թե քանի ֆիլմարտադրող ընկերություն կա Հայաստանում, քանի ֆիլմ է տարեկան արտադրվում այստեղ, նկարահանված ֆիլմերից քանիսն են խաղարկային, քանիսը` վավերագրական, մուլտիպլիկացիոն, լիամետրաժ կամ կարճամետրաժ, հայտնի չէ առհասարակ ֆիլմի արտադրության միջին արժեքը Հայաստանում, ֆիլմերի արտադրության վրա ծախսված տարեկան ընդհանուր գումարը, ինչպես նաև` չկա որևէ ստույգ տեղեկատվություն, թե, օրինակ, քանի հայկական ֆիլմ է մասնակցում միջազգային կինոփառատոներին, ինչ մրցանակներ շահում, կամ թե քանի համատեղ արտադրության ֆիլմ է նկարահանվում տարեկան հաշվարկով, որ երկրների հետ, գումարային ինչ համամասնությամբ։
Այս և այլ թեմաների շուրջ զրուցեցինք Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, Կինոյի մասին օրենքի նախագծի մասնագիտական հանձնաժողովի անդամ, ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հետ։
– Պարոն Գևորգյանց, մեր կինոն այնքան չլուծված խնդիրներ ունի, որոնց միայն թվարկումը հիմա մեզանից շատ ժամանակ կխլի։ Խոսե՞նք այդ խնդիրներից մի քանիսի մասին։
– Այո, խնդիրները շատ-շատ են, բայց եկեք զրույցը սկսենք ձեռքբերումներից։ Ինձ ուրախացնում են նոր կինոթատրոնների բացման ու վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները, հատկապես վերջին` «Հայաստան» կինոթատրոնը հրաշք է։ Նույնիսկ Եվրոպայում տեխնիկական հագեցվածությամբ նման կինոթատրոն չեմ տեսել։ Սա համաշխարհային ցանցի մի մասն է, ու համաշխարհային բոլոր պրեմիերաները միաժամանակ իրենց էկրաններին էլ կլինեն, հետևաբար` հասանելի նաև մեր հանրությանը։ Բայց պիտի ասեմ, որ աշխատեցնելը դժվար է լինելու, որովհետև կա պայման, որի համաձայն, եթե անգամ դահլիճում մի մարդ լինի, ֆիլմը պետք է ցուցադրվի։
– Հիմա, ուզենք թե չուզենք, պետք է համաձայնենք, որ Հայաստանում կինոյի վրա ներդրվող գումարի չափը մեծացել է։
– Անփոփոխ է մնացել միայն բուն կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական միջոցների ծավալը։ Ոնց եղել է 20 տարի առաջ, նույն կերպ շարունակվում է հիմա` տարեկան կտրվածքով մոտ 1 մլն դոլար ողջ կինոպրոդուկցիայի զարգացման համար` խաղարկային, դոկումենտալ, անիմացիա։
– Յուրաքանչյուր ֆիլմի նկարահանման համար այդքան գումարը բավարար չէ։
– Ծիծաղելի գումար է։
– Ո՞վ է որոշում այդ գումարի չափը։
– Կառավարությունը, հո մե՞նք չենք որոշում։ Բայց դա չի նշանակում, որ եթե հիմա ինչ-որ տեղից մեծ ֆինանսավորումներ լինեն, ֆիլմերն ավելի լավը կդառնան։ Մենք պետք է նայենք` ո՞վ ունենք, ի՞նչ ունենք։
– Իսկ ո՞վ ունենք, ի՞նչ ունենք։
– Գիտե՞ք, հիմա եկել է, պայմանական ասենք, 40-30 տարեկանների մի սերունդ, ովքեր ֆիլմեր են նկարում։ Ինձ համար, անկեղծ ասած, կինոն վաղուց մեռել է, կինո չկա, կան ֆիլմեր։ Դրանք տարբեր բաներ են։ Էդ ֆիլմերի մեծ մասն էլ նկարվում է զվարճանքի համար` վայ, ինչ լավն ա, ինչ լավ ծիծաղեցինք, ու վերջ… բարի, լավ զվարճանալու ֆիլմեր են. «Շարմն» է անում հիմնականում, բայց դա կինո չի, կրկես է, ուրիշ հարց, որ դա էլ է պետք, բան չունեմ ասելու։
– Բայց եթե դա դառնում է դոմինանտ, այստեղ վտանգ չկա՞։
– Աշխարհում արվեստները մեռնում են, համընդհանուր դեգրադացիա է գնում, չկան անհատներ, որ նոր բան կբերեն, ասելու նոր բան չկա։ Օրինակ, չկա Մալևիչ, որ մի նոր «Սև քառակուսի» կնկարի, կնայես ու այնտեղ նոր բան կգտնես։
– Նոր բան միշտ կա, ուղղակի երևի այդ նոր բանն ասելու նոր ձևերը չեն գտնում։
– Զարմանալի չէ, որովհետև աշխարհում այնքան շատ բռնություն կա, ու այնքան շատ են մեզ այդ բռնության մասին ասում, ցույց տալիս։ Աշխարհը մեզ անընդհատ ցույց է տալիս իր ներքինը։ Մի կին արթնանում, ասում է` նայեք, էս իմ տրուսիկն է, էն մեկը հրապարակավ հայտարարում է` իմ մարդն ինձ էսօր դավաճանեց։ Գաղտնիք հասկացությունը չի մնացել։
– Դա՞ էր արվեստ ստեղծում։
– Բա ոնց, բա արվեստն ի՞նչ է։ Արվեստը վարագույր է, որ քաշում ես ու տեսնում այն, ինչ թաքնված էր։
– Փաստորեն, փակ վարագույրներ չեն մնացել, բոլորը բաց են։ Չե՞ք կարծում, որ դա ինչ-որ տեղից ուղղորդվող հետևողական պրոցես է։
– Իհարկե, աշխարհում շատ հեշտ մի ձև կա, որ արդեն 3000 տարի գործում է` գտնել մեղավորին։ Շատ են, չէ՞, ասում` հրեաներն են մեղավոր, մասսոններն են մեղավոր, և այլն։ Իրականում մեղավորներ պետք չի փնտրել։ Հիմա աշխարհը բարոյական ճգնաժամի մեջ է։ Եթե երեխային ասում ես` ինքդ որոշի` դու տղա՞ ես, թե՞ աղջիկ, կամ` եթե «ամուսիններ» կարող են համարվել, ասենք, երկու տղամարդիկ, ու դա ոչ թե թաքցնում են, այլ օրենքի կարգավիճակ տալիս… Այստեղ է սատանան հաղթում։
– Այս ամենն անմիջական ազդեցություն ունի՞ ժամանակակից արվեստի որակի վրա։
– Անպայման ունի։ Նայեք այսօրվա «արվեստի» տենդենցներին, մի՞թե դա չէ։ Երբ հետադեմ ուժերը միանում են (ես իրենց այդպես եմ ասում) ու սկսում են պայքարել իրենց «էսթետիկայի» համար, դա սարսափելի հետևանքների կբերի։ Օրինակ, դու ներկայացնում ես սիրո մասին պատմող գեղեցիկ ֆիլմի սցենար, ընտրողներից առնվազն մեկն անպայման համասեռամոլ է, ու ինքն իր խոսքն այդտեղ անպայման կասի…
Ի դեպ, ես այդ փոքրամասնության դեմ ոչինչ չունեմ, նույնիսկ նման ծանոթներ ունեմ։ Դե, հիմա դա էլ հիվանդության պես մի բան է` մեկն էկզեմա ունի, մեկը բորոտ է, մյուսը գեյ է, բայց չէ՞ որ դա չէ նորման։ Թող գնան իրենց համար ապրեն, իսկ արվեստի դաշտում նրանք ընդունելի չափանիշներ չեն կարող ստեղծել։ Էլ չեմ ասում, որ նրանք գլխավոր մրցանակակիրներ են աշխարհի հեղինակավոր կինոփառատոներում` «Օսկարներ» ու «Ոսկե արմավենիներ» են ստանում։ Սա արդեն դառնում է մաֆիա։
– Կարծում եք` այդ մաֆիան այսօր արդեն շա՞տ ապահով տեղերում է։
– Այո, ու հենց այստեղ, մեր երկրում դրանք արդեն շատ վտանգավոր են` ընդհուպ մինչև ազգային անվտանգության խնդիր է։
– Լավ, ինչո՞ւ դաշտում ստեղծագործող ռեժիսորները հաճախ իրար մասին ինֆորմացիա չունեն։
– Կա նման բան։ Օրինակ, ես վերջերս այս առումով ինձ համար մեծ բացահայտում եմ արել։ Կամերային թատրոնից մի տղա կա` Արշո Հարությունյան։ Ես չգիտեի, որ ինքը ֆիլմեր է նկարում, վերջերս եմ իմացել։ Սա մեծ խնդիր է` ինֆորմացիայի պակաս կա այս փոքր երկրում, չգիտենք` ով ինչ է անում։
– Խախտված ստրուկտուրա կա այս դեպքում, բայց բազմաթիվ վարչական մեխանիզմներ կան, որ թվում է` հենց նման հարցեր պետք է լուծեին` գոնե նույն Կինոմիությունը, «Կինոկենտրոնը»։
– PR-ն է պակասում երևի, չգիտեմգ իրականում շատ հարցեր կան, որոնց պատասխանները ես ինքս չունեմ։
– Չե՞ք կարծում, որ հենց այսօր մեր երկրում այնպիսի ներքաղաքական, սոցիալական զարգացումներ են ընթանում, որոնցից ամեն մեկը մի ֆիլմի թեմա է։ Ինչո՞ւ այդ մասին ֆիլմեր չեն ստեղծվում։
– Անցյալ տարի ես մի սցենար գրեցի ու ներկայացրի «Ազգային կինոկենտրոն», որն անմիջապես ընդունվեց ու հաստատվեց իրենց կողմից։ Մեր այսօրվա կյանքի մասին է, այնպես, ինչպես կա էս կյանքը` սոցիալական խնդիրներով, ընկած բարոյական չափանիշներով։
– Դուք սցենարի հեղինակն եք, իսկ ո՞վ է նկարելու ֆիլմը։
– Դեռ չգիտեմ, երևի ես, եղբայրս և տղաս։ Երեքով։
– Նկատել եմ, որ վերջերս Դուք գրեթե միշտ ու բոլոր ֆիլմերը հենց այդ թիմով եք նկարում։ Կարիք չունե՞ք նոր ձեռագրի, նոր երիտասարդական շունչ Ձեր կինեմատոգրաֆում անհրաժեշտ չէ՞։
– Իմ տղան լրիվ նոր մտածողություն է։ Մենք անընդհատ վիճում ենք, իրար հետ համաձայն չենք։ Օրինակ, հենց վերջին ֆիլմը` «Կանանց մոլորակը», ես չէի նկարի այնպես, ինչպես արված է, շատ դժգոհ եմ։ Մեր ստեղծագործական վեճի արդյունքում ֆիլմից դուրս մնացին տեսարաններ, որոնք ես անպայման կթողնեի։ Դրանք ես, միևնույն է, մտցնելու եմ, որովհետև ինձ համար դա է ֆիլմը։ Իսկ նոր մարդու հետ դժվար է գործ բռնելը։ Վերցնում ես, ամեն մանրուքից սկսած` գործը սովորեցնում ես, հետո նստում է գլխիդ, ինչպես և եղել է մի քանի անգամ։
– Վերջին անգամ ո՞վ է մեզ մոտ կինո նկարել, Ձեր ասած կինոն, ֆիլմերը չէ։
– Լուրջ հարց է, անկեղծ չեմ մտածել… Ասեմ այսպես` կինո նկարվել է, ուրիշ հարց, որ ես դրանք չեմ ընդունում, բայց չեմ կարող չասել, որ դա լուրջ կինո չէ, օրինակ, Հարություն Խաչատրյանի կինոն։
– Ինչո՞ւ չեք ընդունում, Հարություն Խաչատրյանի կինոն, կարծում եմ` համաշխարհային ընդունելության է արժանանում։
– Իմը չեն ուղղակի, թեև իր վերջին ֆիլմը շատ եմ հավանում։ Կա Տոլստոյ ու Դոստոևսկի։ Չես կարող, չէ՞, ժխտել, որ երկուսն էլ դասականներ են, բայց Տոլստոյն իմն է, Դոստոևսկին իմը չի։ Ուրիշ կինո կամ կինո ստեղծող ես հիմա չեմ տեսնում։
– Մենք կինոշուկա ունե՞նք։
– Դե, մեր շուկան շատ փոքր է, իսկ դրսի շուկա, կոմերցիոն ֆիլմերի հաշվին, դեռ հաջողվել է դուրս գալ միայն «Շարմին»։ Մեծ շուկաներ դուրս գալու մասին խոսակցությունները ծիծաղելի են, այն, որ ասում են` հայկական կինոն Կաննի կինոշուկաներում պետք է վաճառենքգ Ի՞նչ մասին է խոսքը։ Ի վերջո, մաֆիաներ կան, ո՞վ կթողնի` գնաս քո ֆիլմը վաճառես։
– Հայաստանը ոչ մի շանս չունի, այսպես ասած, համագործակցել այդ մաֆիաների հետ։
– Նախ և առաջ` պետք է համապատասխան որակի ապրանք ունենա։ Իմ ֆիլմերից մեկը` «Հրաշագործի աշունը», «Օսկարի» ներկայացվեց, բայց եթե չլիներ ամերիկյան խոշոր կինոանուն, պրոդյուսեր Հայկ Բաքրջյանը, ով աշխատեց ֆիլմի ձայնի որակի բարձրացման վրա, երբեք ֆիլմը չէր անցնի նախընտրական փուլը։
– Ու դեռ երկա՞ր ժամանակ հետ կմնանք։
– Մենք բոլորս մոռանում ենք, որ Հայաստանը շատ աղքատ երկիր է, իսկ ամբիցաները շատ են։ Մենք բոլորս ինդիվիդուալիստներ ենք։ Սա է պատճառը, որ այս փոքր ու աղքատ երկրում միայն կինոյի 7 միջազգային փառատոն ունենք։ Մարդիկ իրենց ամբիցիաները չեն վերահսկում։
– Դուք շատ հանգիստ քննադատում եք…
– Դե հիմա… ինձ էլ բան չի մնացել, դրա համար ես հանգիստ խոսում եմ։
– Այսի՞նքն, ի՞նչ իմաստով` բան չի մնացել։
– Դե, 70 տարեկան մարդ եմ։