«Ընկերությունները պետք է հաղթահարեն սահմանների բարդույթը. այսօր սահմաններ չկան»

Վաղը` հունիսի 19-ին, «Արմենիա-Մարիոթում» մեկնարկելու է «ԴիջիԹեք բիզնես ֆորումը», որը նպատակ ունի ոգևորել և շահագրգռել Հայաստանի ոչ ՏՏ ոլորտի ընկերություններին, որպեսզի իրենց գործունեության մեջ կիրառեն բարձր տեխնոլոգիաներ։ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) փոխնախագահ Հայկ Չոբանյանը «168 Ժամին» ասաց, որ թեև ֆորումը երկօրյա է (հունիսի 19-20-ը), սակայն ֆորումի ընթացքում քննարկված հարցերը, ձեռք բերված պայմանավորվածությունները, իբրև ռազմավարական ուղղություն, դրվում են իրենց առջև, և ամբողջ տարվա ընթացքում աշխատանք է տարվում` դրանք իրականացնելու ուղղությամբ։

– Պարոն Չոբանյան, Հայաստանի ոչ ՏՏ ոլորտներում ժամանակակից լուծումների կիրառումն ի՞նչ մակարդակի վրա է։

– Մեզանում տարեցտարի բարձրանում է բիզնեսի այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառման մակարդակը, և դա երևում է թե՛ գոյություն ունեցող ստանդարտ վիճակագրական ցուցանիշներից, և թե՛ ոչ վիճակագրական ցուցանիշներից։ Մեր առօրյայում ամեն օր շփվում ենք նորագույն գործիքների հետ` սկսած ֆինանսաբանկային համակարգից, որտեղ մենք յոթ տարի առաջ գրեթե որևէ էլեկտրոնային գործիքից չէինք օգտվում, իսկ այսօր այդ ոլորտում ներդրված են ընդհուպ մինչև էլեկտրոնային վճարման համակարգեր, էլ չեմ ասում դրամավարության (banking) մասին, որը բավականին վաղուց է գործում։

Զարգանում են բջջային գործիքները, սմարտֆոնների քանակը մեծանում է, և մարդիկ հնարավորություն ունեն բջջային լուծումներով, բջջային հավելվածների միջոցով օգտվել տարբեր ծառայություններից։ Տեխնոլոգիաները մտել են կենցաղ, շնորհիվ սոցիալական ցանցերի և հաղորդակցային հավելվածների (Ուայբըր, Սկայպ և այլն) որոնք արդեն սահմաններ չեն ճանաչում, և որոնց միջոցով արդեն առօրյա է կազմակերպվում։ «ԴիջիԹեք բիզնես ֆորումն» ուղղված է նրան, որ կարևորվի յուրաքանչյուրիս զբաղմունքում տեխնոլոգիաների կիրառումը։

Կարդացեք նաև

Ե՛վ դպրոցում, և՛ համալսարանում, և՛ հատկապես բիզնեսում այսօր կարևոր է դրանց կիրառումը, որովհետև այսօր տեխնոլոգիաները դարձել են մրցունակության ապահովման թիվ մեկ գործոնը։ Տարբեր ոլորտներում գործող ընկերություններն արդեն իրենք են դարձել տեխնոլոգիաներ զարգացնող հաստատություններ։ Եթե տարիներ առաջ և հիմա էլ, տեխնոլոգիական ընկերություններն են հիմնականում աշխատում այս զարգացման ուղղությամբ, այսօր արդեն աշխարհում զգացվում է միտում, որ հենց ոլորտային ձեռնարկություններն են սկսում զբաղվել իրենց ոլորտում տարբեր տեխնոլոգիաների ներդրմամբ և զարգացմամբ։ Ասենք, օրինակ, ֆինանսական ոլորտը ստեղծում է ֆինանսական տեխնոլոգիաներ, արտադրական տարբեր ձեռնարկություններ իրենք են իրենց համար ստեղծում նորագույն տեխնոլոգիաներ և ոչ թե սպասում են, որ տեխնոլոգիական ոլորտն իրենց առաջարկ անի։

– Կա՞ն օրինակներ Հայաստանում։

– Կան, բայց քիչ են, որովհետև մենք կարծում ենք, որ տեխնոլոգիաների առումով մեզ մոտ դեռևս առաջարկն ավելի շատ է պահանջարկից։ Այսինքն, բուն ընկերությունները, որոնք աշխատում են տեխնոլոգիական կամ բարձր տեխնոլոգիական ոլորտում, ավելի ագրեսիվ են շուկայում, քան` այն ընկերությունները, ովքեր սպառում են այդ տեխնոլոգիաները։ Բայց ունենք ընկերություններ, որոնք արդեն իրենք են փորձում ինչ-որ լուծումներ տալ։ Այդպիսի օրինակներ կան ապահովագրական դաշտում։ Քանի որ այն համեմատաբար նոր ոլորտ է, իսկ նոր ոլորտների առանձնահատկությունը նաև այն է, որ նրանք հիմնականում օգտագործում են նոր գործիքակազմեր, ապա այսօր կարծես թե մրցակցություն կա այդ ընկերությունների միջև, թե ով ավելի շատ տեխնոլոգիաներ կամ ավելի շատ վեբ-գործիքներ կկիրառի իր սպասարկման մեջ։

Այսօր այդ ասպարեզում մինչև իսկ առցանց ապահովագիր (policy) տրամադրելու հնարավորություն է ստեղծված. կարող ես առցանց դիմում գրել և ստանալ ապահովագիրը։ Եվ այդ նախաձեռնությունը գալիս է հենց ա՛յդ, ոչ թե բուն տեխնոլոգիական ձեռնարկություններից։ Ոչ ՏՏ ընկերություններում շատերը նույնիսկ իրենց IT ստորաբաժանումներն ունեն, օրինակ, նույն «Ռոսգոսստրախը»։ Կամ` «Կոնվերս» բանկը, որն անցյալ տարի հրապարակեց մոբայլ վճարումների համակարգը, ինչը հնարավորություն է տալիս խանութում գնումներ կատարելիս վճարումներն իրականացնել հեռախոսով. սա համարվում է այս ոլորտի ամենաժամանակակից լուծումներից մեկը։ Այն, բարեբախտաբար, մշակել է հենց հայկական ընկերություն։
Որքան տեղյակ եմ նախապատմությանը, այս բիզնեսը կառուցվել է ոչ այնքան առաջարկի, որքան` պահանջարկի հիման վրա, այսինքն` իրական կարիքը եկել է բանկից, և բանկն է շուկայում գտել այն ընկերությունը, որն ունի նման արտադրանք և այդ արտադրանքը տեղայնացրել է` իր բանկի կարիքներին, պահանջներին համապատասխան։

Սրանք կարևոր օրինակներ են, որոնց հեղինակներին մենք պետք է ոգևորենք, շահագրգռենք, խոսենք այս մասին, որպեսզի նրանց հաջող ընթացքը վարակիչ դառնա մյուսների համար։ «ԴիջիԹեք բիզնես ֆորումին» այս տարի առաջին անգամ անցկացվող մրցանակաբաշխությունը հենց այդպիսի առաջամարտիկներին հայտնաբերելու նպատակ ունի։

– Իսկ ինչո՞ւ սովորություն չի ձևավորվել տարբեր ընկերությունների մոտ` կիրառել միմյանց արտադրանքը կամ արտադրանք ստեղծել միմյանց համար և ոչ թե դրսում փնտրել իրենց ուզածը։

– Որովհետև, ցավոք սրտի, ոչ բոլորն այս առումով ունեն դրական փորձ և չեն ուզում նույնիսկ ջանքեր գործադրել` ներքին շուկայում ռեալիզացվելու համար։ Բայց սա, իմ կարծիքով, կրիտիկական է, որովհետև ներքին շուկաները, որպես կանոն, փորձադաշտ չասեմ, այլ փորձի, հմտության ձևավորման միջավայր են դառնում, որի հիման վրա ընկերությունները կամ երկրներն իրենց արտադրանքը հանում են արտասահման։ Ֆորումի տարբեր թեմատիկ նիստերի ժամանակ կարևոր քննարկումներից մեկը հենց դա է լինելու` բացահայտել ներքին շուկան, առավելագույնս օգտագործել մեր ներքին ռեսուրսները` մեր ներքին խնդիրները կարգավորելու համար։

Պետք է մեր IT ընկերությունների համար, որոնք արտահանում են կատարում, ստեղծվեն այնպիսի պայմաններ, որ նրանք իրենց արտադրանքն ու ծառայություններն առաջարկեն ներքին շուկային։ Տեղական լուծումները կիրառելով` ոչ միայն տեղական արտադրողին են օգնում, այլև ամեն մի հաճախորդի հետ այդ արտադրողը ձեռք է բերում նոր հմտություններ, ավելի է զարգացնում իր արտադրանքը և ավելի պատրաստ է դառնում աշխարհի նմանատիպ արտադրանքների հետ մրցունակ լինելու համար։ Նրանց համար հեշտ, թափանցիկ ու գրավիչ պայմաններ պետք է ստեղծենք, որպեսզի չվարանեն իրենց արտադրանքն իրացնել նախ` այստեղ։

Այդպիսի միջավայր ստեղծելու տեսանկյունից շատ կարևոր են գնումների ընթացակարգերը` ինչքանո՞վ են դրանք թափանցիկ և ինչքանո՞վ են օբյեկտիվ, որովհետև, գիտենք, որ, որպես կանոն, դրանք կատարվում են որոշակի տենդերների միջոցով։ Եվ ընկերությունների համար շատ կարևոր է, որ այս գործընթացները թափանցիկ և օբյեկտիվ լինեն։ Իսկ երբ ընկերությունները մասնակցում են տենդերների, նրանք դրանց վրա որոշակի ջանք են գործադրում, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ են ծախսում, և եթե չեն հաջողվում, այլ` ձախողվում են, ստացվում է, որ կորուստներ են ունենում, մանավանդ, երբ տեսնում են, որ որոշակի սուբյեկտիվիզմ էլ կա, ապա երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ արդեն խուսափում են գնալ այդ ճանապարհով։

Այս ֆորումի ժամանակ մենք հաստատում ենք ձեռք բերելու և՛ բիզնեսի, և՛ պետության կողմից, որ` այո՛, մենք կարևորում ենք մեր ձեռնարկությունների համախմբվածությունը հանրապետության ներսում` տարբեր ոլորտներում, հատկապես` պետական։ Ինչո՞ւ եմ շեշտում` հատկապես պետական, որովհետև պետությունն առայժմ համարվում է ոլորտի ամենամեծ պատվիրատուն, իսկ դա երկար է տևելու` Հայաստանում պետությունը դեռ լինելու է IT ոլորտի ամենամեծ պատվիրատուն։ Ֆորումը հարմար պահ է` անցյալի ձախողված փորձի հիման վրա նոր վստահելի միջավայր ձևավորելու հարցը քննարկելու համար։ Ես կարծում եմ, որ մեր ձեռնարկություններն ունեն այն անհրաժեշտ փորձը, հմտությունները և բավարար գիտելիքները` այդ ծրագրերի մեջ մտնելու համար։

– Արդեն պա՞րզ է, թե ԵՏՄ հնարավորություններն ի՞նչ են տալու ոլորտին։

– Մենք շատ չռեալիզացված իրավիճակ ունենք ռուսական շուկայում և ընդհանրապես` ԱՊՀ երկրներում։ Մեր արտահանման 7 տոկոսն է ընդամենը պատկանում Ռուսաստանին և ԱՊՀ շուկային, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի և Կանադայի դեպքում ունենք շուրջ 69 տոկոս արտահանում։ Իսկ ռուսական և ԱՊՀ երկրների շուկան մեր կողքին է, և ԵՏՄ շրջանակներում, երբ ստեղծվում են ավելի բարենպաստ պայմաններ` վաճառքի և շփումների տեսանկյունից, պետք է օգտվենք դրանից։ Մենք մաքսային ձևակերպումների տեսակետից առնվազն շրջանցելու ենք սահման երևույթը և կարող ենք ուղղակի վաճառքներ կատարել Մաքսային միության անդամ երկրներում։ Սա նոր մարտահրավեր է մեզ համար։

– Դուք ասացիք, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների ասպարեզում համախմբում կամ համագործակցություն չկա, բայց այնպիսի տպավորություն է, թե այս ոլորտում, ի տարբերություն Հայաստանի այլ ասպարեզների, ամենամեծ համախմբումն է գործում։

– Միշտ ավելի մեծ համախմբման ձգտելու ցանկություն կա, բայց մարդիկ տարբեր ձևով են կառուցում իրենց բիզնեսները, մեկն ավելի լայն է գործում` գնում է համագործակցության ճանապարհով, մեկը գնում է մրցակցության ճանապարհով և փակ է աշխատում։ Այո, ցավոք սրտի, Հայաստանում կան փակ աշխատող ընկերություններ։ Այնպես չէ, որ մեղադրում եմ, դա իրենց բիզնեսի սկզբունքն է, իրենց ոճն է, մանավանդ, երբ ընկերությունը փոքր շրջանագիծ է իր առջև դրել և փակ պայմաններում ուզում է իրականացնել։ Բայց ես կարծում եմ, որ դա ևս իր ժամանակն ունի, և գալու է մի օր, երբ այդպիսի ընկերությունները մտնելու են ավելի բաց, համագործակցային, այսպես ասեմ` ավելի կանոնավոր զորքերի ռազմավարության մեջ։ Թվայնացման համատարած դարաշրջանում, երբ էլեկտրոնային առևտրի հարթակները լիարժեք հնարավորություն են տալիս վաճառքներ կատարել աշխարհի ամեն մի անկյունում, ընկերությունները, իրենց զարգացմանը զուգընթաց, պետք է դուրս գան այդ սահմանների գիտակցությունից, հաղթահարեն սահմանների բարդույթը. այսօր սահմաններ գոյություն չունեն։ Նրանք, ի վերջո, հասկանալու են, որ իրենց շուկան ամբողջ աշխարհն է։

Տեսանյութեր

Լրահոս