«Մնում ա՝ վերջում Հայաստանի Հանրապետության վրա մի հատ բանտիկ կապեք»
«Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» օրենքը Դիլիջանում պետական հեղաշրջում իրականացնելու մասին է: Նման տեսակետ այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտնեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ այս օրենքով գոյություն ունեցող ղեկավարման համակարգը գցում են մի կողմ, ստեղծում մի մարմին, քաղաքապետին ու ավագանուն պատանդի կարգավիճակով տալիս այդ մարմնին, որ մարիոնետի կարգավիակով օգտագործի՝ ըստ իր ցանկության:
«Սա հակապետական օրենքի նախագիծ ա: Կարո՞ղ ա վաղն էլ մի էսպիսի նախագիծ բերեք ամբողջ Հայաստանի Հանրապետության համար: Բա ՀՀ հարկային օրենսդրությունը քննարկելիս ինչի՞ ներդրողների կարծիքը չեք հաշվի առնում՝ էսօր կոնկրետ աշխատատեղեր ստեղծած: Կներեք, սա օրենքի նախագիծ է Դիլիջան քաղաքը որպես կալվածք Ռուբեն Վարդանյանին հանձնելու մասին: Ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում էն ինտելեկտուալ ծրագրերին, որ նա իրականացնում է, բայց սա ինձ համար նույն երևույթի շարունակությունն է, որ Սյունիքը կտանք Սուրիկ Խաչատրյանին, Արտաշատը կտանք Հովիկ Աբրահամյանին և իր ընտանիքին, Մալաթիա-Սեբաստիան կտանք Սամվել Ալեքսանյանին, Աբովյանը կտանք Գագիկ Ծառուկյանին, Դիլիջանն էլ կտանք Ռուբեն Վարդանյանին: Սա ընդհանրապես կառավարությունը մեր պետական կարգի դեմ օրենքի նախագծեր է բերում, մի հատ էլ ներդրումներով հիմնավորում է»,- ասաց Ն.Փաշինյանը:
Պատգամավորը նախարարությանն առաջարկեց ՀՀ բոլոր գյուղերի ու քաղաքների վրա գնապիտակներ փակցնել ցուցանակի տակ. «Դիլիջանն արժի էսքան, Սյունիքն արժի այդքան, մնում ա վերջում Հայաստանի Հանրապետության վրա մի հատ սենց բանտիկ կապեք, ասեք ներդրող կա՞, ուզո՞ւմ ա առնի: Մի հատ էլ դրել, լուրջ դեմքով նստել, քննարկում եք էս նախագիծը, ամոթ ա սա ուղղակի»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը հակադարձեց, որ այս պրակտիկան նոր հեծանիվ չի, աշխարհի շատ երկրներում է սա կիրառվում և առաջին անգամ չէ, որ ԱԺ պատերի ներսում կամ ուսանողական լսարաններում խոսվում է ներդրումների խրախուսման մասին: Տերտերյանի խոսքով՝ ներդրումների խթանման համար կան մի շարք գրոծիքներ, այդ թվում՝ հարկային արտոնությունները: Փոխնախարարը շեշտեց, որ եթե մի ծրագիր իրականացվել է մի ներդրողի կողմից, դրանից չի հետևում, թե հաջորդ ծրագրերը նույն ներդրողի կամ նույն թիմի կողմից են իրականացվելու. «Անձնավոված, թիրախավորված ուղղություն չունենք, օրենքը աշխատելու է բոլորի համարը: Մնացած գնահատականները Ձեր գնահատականներն են»:
Ն. Փաշինյանը պնդեց, որ այս նախագծում խոսքը հարկային արտոնությունների մասին չք, այլ մարմին է ստեղծվում, որտեղ մարզպետը կարող է խորհրդակցական իրավունքով մասնակցել, իսկ քաղաքապետն էլ պետք է «պատի տակ նստի» ու սպասի՝ իրեն կանչե՞ն, թե՞ ոչ:
«Ես Ձեր ո՛չ մարզպետներով եմ հիացած, ո՛չ գյուղապետերով, գտնում եմ, որ նրանք մասսայաբար ենթակա են պաշտոնանկության, բայց էն, որ էս երկիրը Ձեր կառավարման համակարգով բերել, հասցրել եք կործանման, չի նշանակում, որ կտոր-կտոր պիտի ծախեք: Ինձ համար կապ չունի էդ առնողը ինտելեկտուալ ա՞, թե՞ բութ ա: Նշանկություն ունի, որ Դիլիջանը հանել են վաճառքի»:
Վ.Տերտերյանը հայտարարեց, որ ստեղծվում է խորհուրդ, որն ունի ծրագրերն ակումուլացնելու նպատակ և այս խորհուդը որևէ իրավասություն չունի որևէ որոշում կայացնելու Դիլիջանի քաղաքապետի կամ ավագանու փոխարեն: Նա նաև նկատեց, որ ներդրողները Դիլիջանում մեկը չեն, ևս 2-3-ը կան: