Ի՞նչ կլինի Հայաստանում, երբ «Իսլամական պետության» շարքերում վերապատրաստված ահաբեկիչները վերադառնան Հարավային Կովկաս
«Իսլամական պետությունը շատ մոտ է Հարավային Կովկասին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը` անդրադառնալով տարածաշրջանում իսլամական գործոնի ազդեցության մակարդակին:
Նա նշեց, որ կա իրեն «Իսլամական պետություն» հռչակած աղետը, որն ունի գլոբալ հավակնություններ: Ըստ նրա` ԻՊ-ը թալիբերի Աֆղանստանը չէ, Բեն Լադենը չէ, սա շատ ավելի առաջադեմ և հեռուն գնացող կազմակերպություն է:
«Այս կազմակերպության ներկայացուցիչները շատ բան են սովորել, ավելի զարգացած կազմակերպություն են դարձել, որտեղ շատ լավ են աշխատում կառավարման գործիքները, այսինքն` տիրապետում են կառավարման ժամանակակից գործիքներին: Պետք չէ մտածել, որ նրանք ավտոմատներով ահաբեկիչներ են, այդկերպ ներկայանալը միայն գովազդ է, իրականում, նրանք առաջադեմ մարդիկ են, որոնք հակված են մոդեռնիզացիայի, ժամանակակից տեխնոլոգիաների բոլոր նորություններն ընկալելու, ցանցեր ձևավորելու: Նրանք կարողացել են մի ամբողջ ցանց ձևավորել մարդկանց, ովքեր միանում են այդ կազմակերպությանը և Ռուսաստանից, Հյուսիսային Կովկասից, Արևմտյան Սիբիրից, հիմա նրանք մարդկանց հավաքագրելկով են զբաղված, ողջ Կենտրոնական Ասիայով մեկ, Ադրբեջանով, Վրաստանով:
Այնպես որ՝ սա մեծ խնդիր է, այդ մարդիկ կսովորեն կառուցել իրենց իշխանությունները, կառավարման համակարգերը և կվերադառնան իրենց հայրենքիներ, նույն Ադրբեջան, Վրաստան և այդ ժամանակ մեծ խնդիրներ կլինեն, թեև ոչ Հայաստանում, բայց հարևան երկրներում և Թուրքիայում ևս, քանի որ աջակցելով ԻՊ-ին, Թուրքիան իր համար փոս է փորում: Ի՞նչ անել հայրենիք վերադարձած ահաբեկիրչների հետ, դա լուրջ խնդիր է լինելու բոլորի համար»,- մեկնաբանեց Ալեքսանդր Սկակովը:
Ներկայումս, նրա համոզմամբ, ՀԱՊԿ-ը պատրաստ չէ չեզոացնել այդ սպառնալիքը ՀԱՊԿ երկրների համար, քանի որ Ռուսաստանը սկզբունքորեն փորձում է պատրաստվել դրան, ՌԴ-ում կա սպառնալիքի ընկալում, բայց ոչ Կենտրոնական Ասիայի երկրներում: «Ես վախենում եմ Ուզբեկստանի, Ղազախստանի համար, ի վերջո այդ երկրները ղեկավարները` Քարիմովը, Նազարբաևը, ընդմիշտ չեն, վաղ թե ուշ նրանք կհեռանան, թե ինչ կլինի նրանցից հետո, հայտնի չէ, քանի որ այսօր կան ապակայունացման նախադրյալներ: Թվում է` այս ամենը հեռու է Հայաստանից, բայց այդպես չէ: Ամեն ինչ շատ մոտ է»,- ասաց Ալեքսանդր Սկակովը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում: