Բաժիններ՝

Բիբինը շանտա՞ժ է անում

«Բիբինը, արհամարհելով ԱԺ-ին, ու ՀԾԿՀ-ին, չի եկել, որ ես հարց տամ՝ չարչարվում է ԱԷԿ-ը, ՋԷԿ-ը, դու ընդամենը վաշխառուի նման վերցնում, վաճառում ես մեզ ու էդքան շահույթով չես բավարարվում: Ձեզ անվանում է ստախոս ու գործընթացը անվանում աննորմալ: Բա ո՞նց է ՀԾԿՀ-ն ստախոսի ներկայացրած տվյալները հիմք ընդունելու»,- այսօր ՀԾԿՀ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե Որոտանի ՀԷԿ-երը ձեռք բերելով «Քոնթուր գլոբալը» որքան է բարձրացնում հոսանքի գինը: ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրեց, որ առաջին 7 ամիսներին սակագինն անփոփոխ է թողնվելու, բայց հետո առաջարկել է ավելացնել մոտ 2 դրամով ու սահմանել 9 դրամ, որը փոխարժեքի փոփոխությունն է:

ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարեց, որ իրենք էլ են վրդովված ՀԷՑ-ի վարքից:

Հանրային խորհրդի ներկայացուցիչ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ վատ կառավարման հետևանքով է առաջացել այս պարտքը և «ՌԱՕ ԵԷՍ»-ը պետք է նույնպես մասնակցի դրա մարմանը: Ըստ նրա՝ հոսանքի թանկացումը մրցունակության ու սպառողների վրա է ազդում: Նա հարցրեց, թե գուցե պետք էր կառավարության, էներգետիկայի ու էկոնոմիկայի նախարարությունների հետ քննարկել, թե 6.93 դրամ ավելացումը ի՞նչ ազդեցություն կունենա մեր տնտեսության վրա:

Կարդացեք նաև

Ռ.Նազարյանը ցավ հայտնեց, որ այդ 23.4 մլրդ դրամի առաջացած վնասը լավ չհասկացվեց. «Պարզ բան կա՝ այդ վնասը ՀԷՑ-ի հետ կապ չունի, որ «ՌԱՈ ԵԷՍ»-ը մասնակցի: Մենք քննարկում ենք երեք գործոն՝ սակավաջրություն, էներգետիկ հաշվեկշիռը և ԱԷԿ-ի 80 օր ավել կանգնելը: «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ը ինչի՞ պետք ա մասնակցի ստեղ՝ իրանից անկախ գործողության արդյունքում պատճառված վնասի համար: Երբ հայտերը ստացանք, բոլոը տեղյակ էին, էկոնոմիկայի նախարարությունը, եթե ցանկություն ուներ քննարկելու, կգար ու հարցադրումներ կաներ: Ով ցանկացել է, մենք նրանց հետ քննարկումներ արել ենք, նույնիսկ շաբաթ-կիրակի օրերին: Այդ տեսակետից, մենք պետք է այն ազդակները, որ մենք հաղորդում ենք, այն գործողությունները, որ մեր աշխատակազմը ներկայացրել է, դրա շուրջ կառուցենք ճիշտ մոտեցում: Եթե ընկալումը ճիշտ չի, խնդիրն ավելի բարդանում է»:

Ռ.Նազարյանը նշեց, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Բիբինը երեկ իրենց գրություն է ուղարկել ու մեղադրում է ոչ համակարգային մոտեցման մեջ: Ըստ Նազարյանի՝ հայտի 17 դրամից 10 դրամն էր վերաբերում ՀԷՑ-ին, 7 դրամը մյուս կայանքների աշխատանքի պահանջն է, իսկ այդ 10 դրամը ՀԾԿՀ-ն չի ընդունել. «Բազմաթիվ վերլուծությունների արդյունքում մերժել ենք 13 մլրդ դրամի նորոգման և շահագործման պահպանման ծախսերը: Ես գնահատականներ չեմ տա, բայց առաջին անգամ է, որ լիցենզավորված ընկերությունը 17 դրամի հայտ է ներկայացնում ՀԾԿՀ և չի մասնակցում, աննախադեպ երևույթ է: Այլ բառեր չեմ ուզում ընտրել, որովհետև յուրաքանչյուր բառ կարող է շատ ավելի մեղմ լինել»:

Ռ.Նազարյանը հայտարարեց, որ որպես հանձնաժողով գործառույթներ ունի, եթե Բիբինը փորձում է լիցենզավորման գործունեությունը դադարեցնել, շանտաժ է կիրառում, ՀԾԿՀ-ն կաշխատի, որ ՀՀ օրենքով բոլոր սահմանված գործառույթները ՀԷՑ-ը կկատարի ու չի բացառվում, որ տանուլ տա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս