Վտանգավոր բացառություն

«Ես չեմ կարծում, որ Բաքու-Մոսկվա մերձեցումը կարող է դրամատիկ ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա բացառությամբ մեկ զարգացման. եթե Բաքուն ցանկանա դառնալ Մոսկվայի արբանյակը, ապա ես արդեն դժվարանում եմ պատկերացնել, բայց Մոսկվան կցանկանա մատուցել Երևանին և ափսեի վրա հանձնել օկուպացված տարածքներն Ադրբեջանին»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է ԱՄՆ Պետդեպի նախկին հատուկ խորհրդական, ԽՍՀՄ հարցերում մասնագիտացած ամերիկացի հեղինակավոր վերլուծաբան, ներկայումս` Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսոր, սյունակագիր Փոլ Գոբլը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հնարավոր զարգացումներին և կարգավորման հեռանկարներին։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հասնել կարգավորման, եթե արտաքին ուժերը, ինչպես Մոսկվան է, անհանգստություն չպատճառեն։ Կարգավորման, ըստ նրա, կարելի է հասնել նաև այն պարագայում, երբ Հայաստանը դուրս գա ՌԴ ազդեցությունից։

«Վստահ եմ, որ Արևմուտքն անվտանգության երաշխիքներ կտրամադրեր Հայաստանին, եթե Երևանը ցանկանար Ադրբեջանին վերադարձնել օկուպացված տարածքները և դադարեր Կովկասում Մոսկվայի գործակալը լինելու դերը խաղալուց։ Ես նույնիսկ մտածում եմ, որ Հայաստանը կարող է քայլեր նախաձեռնել այս ուղղությամբ` դրանով իսկ ստանալով որոշակի երաշխիքներ։ Բայց պարզ չէ, թե Երևանում և Արևմուտքում կա՞ն արդյոք մարդիկ, ովքեր պատրաստ են և կարող են նման գործարք իրականացնել։ Խիստ կասկածում եմ այս հարցում»,- ասել է Փոլ Գոբլը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս