«ԼՂ հակամարտության սուր ընթացքի դեպքում ՌԴ-ն կփորձի հակամարտության գոտում սակավաթիվ զինված դիտորդներ տեղակայել»
Հարցազրույց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ, սյունակագիր Պավել Ֆելգենգաուերի հետ
– Պարոն Ֆելգենգաուեր, Բաքվում մեկնարկել են Եվրոպական խաղերը, որոնցից հետո որոշ փորձագետներ գուժում են պատերազմի վերսկսման մասին, հորդորում հայկական զինված ուժերին` նախապատրաստվել հնարավոր լայնամասշտաբ գործողությունների` հատկապես, երբ Ադրբեջանը դժգոհ է բանակցային գործընթացից և ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից։ Ըստ Ձեզ` ավանդական օգոստոսյան լարվածություններից այն կողմ գործողություններ կլինե՞ն։
– Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերից հետո կփոխվի իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Սկզբունքորեն չի կարելի բացառել Եվրոպական խաղերից հետո իրավիճակի սրում, մինչև անգամ լայնածավալ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ առավել ինտենսիվ սահմանային միջադեպեր այս հակամարտության գոտում տեղի են ունենում օգոստոս ամսին, ինչպես վերջին տարիների ընթացքում, ապա բարձր է հավանականությունը, որ կլինի նոր լարվածություն։
Ես հակված եմ մտածել, որ կլինի լարվածություն, գուցե ավելի ինտենսիվ, քան նախկինում, սակայն պնդումը, որ լարվածությունը կարող է տեղափոխվել հակամարտության շփման ողջ գիծ, ինձ համար ակնհայտ չէ։ Նման լայնամասշտաբ գործողությունների համար նախ` պետք է շատ լավ պատրաստվել, իսկ դա ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ` ուժերի մոբիլիզացիա, համապատասխան ուժերի տեղակայում շփման ողջ գծում։
Սակայն նման գործողություններ այսօր չկան։ Առավել ևս, որ նման գործողությունները թաքցնելը հեշտ չէ ու չի կարելի, կողմերը կտեսնեն իրար պատրաստվելիս, իսկ այսօր, ըստ էության, կողմերը կարծես չեն նկատում, որ հակառակորդը պատրաստվում է, այսինքն` նման նախապատրաստություններ դեռ տեղի չեն ունենում, բայց բախումներ, լուրջ բախումներ կարող են լինել, իսկ լայնամասշտաբ գործողությունները միանգամից չէ, որ տեղի են ունենում, դրա համար անհրաժեշտ է հարձակողական դիրքերը նախապատրաստել, ինչը միանգամից նկատելի կլինի հակառակորդի կողմից։ Ասեմ, որ ռազմական պրակտիկան ցույց է տալիս, որ պարզապես բախումներից հարձակողական պատերազմ չի սկսվում, դրա համար անհրաժեշտ են որոշակի նախապատրաստական միջոցառումներ։
Այսինքն` պետք է հավաքել հարվածային բռունցքը, պետք է մոբիլիզացնել ուժերը լուրջ արշավների համար։ Ես կարծում եմ, որ ավելի շուտ չի լինի նման պատերազմ, բայց, ցավոք սրտի, բախումների ավելի հաճախակիացումը կհանգեցնի մարդկային կորուստների, տեխնիկա է օգտագործվում, լուրջ վնասներ են տեղի ունենում, որը շատ ցավալի է, թեև այս ամենը, իմ տպավորությամբ, ուղղված չէ սահմանների վերաձևավորմանը։
– Դուք Ձեր հարցազրույցներում բազմիցս ասել եք, որ ներկայումս Կովկասը Ռուսաստանի համար առաջնահերթություն չէ, բայց Դուք նաև նշել եք, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրմամբ, առավել ևս` լայնածավալ ռազմական գործողություններով։ Բայց եթե, այնուամենայնիվ, մենք բախվենք անսպասելի պատերազմի, որի մասին շատ հաճախ է խոսվում վերջերս, ինչպիսի՞ն է լինելու Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ վերջին ժամանակաշրջանում Բաքուն և Մոսկվան զգալիորեն ինտենսիվացրել են շփումները։
– Իրականում անսպասելի պատերազմներ չեն լինում։ Պարզապես չկա նման հասկացություն։ Յուրաքանչյուր պատերազմ իրենից ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ, ինչպես ասացի, ուժերի հավասարաչափ տեղակայում, հակառակորդի ուժերի գնահատում, մոբիլիզացիա, որից հետո միայն սկսվում է լայնամասշտաբ պատերազմը։ Սովորաբար այս բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են նախապես, այսինքն` մինչ պատերազմ հայտարարելը, ուստի վստահ կարելի է պնդել, որ չկա անսպասելի պատերազմ հասկացություն։
Այո, Ռուսաստանին այսօր ընդհանրապես պետք չէ նման լարվածություն, քանի որ Ռուսաստանն ունի լուրջ խնդիրներ, զբաղված է բացարձակապես այլ հակամարտություններով, առավել ևս, երբ անկառավարելի է դառնում իրավիճակը Մերձդնեստրում, որտեղ Ռուսաստանը դեռ չի հասկացել, թե ինչ մասշտաբի ուժեր են անհրաժեշտ լինելու։ Այնպես որ, Ռուսաստանն այս պարագայում, ամենայն հավանականությամբ, գործելու է Հարավային Կովկասում ոչինչ չտաքացնելու դիրքերից։ Այստեղ կարող են պայմանավորվել` գլուխ հանել նաև առանց Ռուսաստանի։ Ես չգիտեմ` արդյոք Մոսկվայի բարձր մակարդակներում ուշադիր հետևո՞ւմ են ԼՂ հակամարտության գոտում ծավալվող իրադարձություններին։
– Այսինքն` Ռուսաստանը կարող է նաև չմիջամտել։
– Ռուսաստանը կփորձի հակամարտության գոտում զարգացումների նման սուր ընթացքի պարագայում մարել լարվածությունը` պնդելով, որ հակամարտող երկրները պետք է հաշտվեն։ Ռուսաստանը կարող է նաև առաջարկել իր դիտորդների կամ խաղաղապահների տեղակայում հակամարտության գոտում, որոնք կվերահսկեն իրավիճակը, թեև դա կլինի թեթև տարբերակով, քանի որ Ռուսաստանն այսօր մեծ ուժեր չունի Ղարաբաղում տեղակայելու համար, բայց դիտորդներ կամ զինված դիտորդներ, խաղաղապահներ Ռուսաստանը կարող է առաջարկել։ Կարող է լինել նաև վերահսկող տարածք, որը ռուսաստանցի կամ ղազախստանցի դիտորդները կվերահսկեն ԱՊՀ-ի շրջանակում։ Արևմտյան զինվորականների, բնականաբար, այնտեղ չեն ցանկանա տեսնել։ Ամենահնարավորը Ռուսաստանը կփորձի անել, կստացվի՞, թե՞։ ոչ, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ապա դա արդեն այլ հարց է։
– Մենք Բաքու-Մոսկվա հարաբերությունների մերձեցման ականատեսն ենք, հատկապես, երբ այս երկու երկրներն էլ լարել են իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ, կարծես այս հարցում ևս նրանց միջև լուռ կոնսենսուս կա։ Այս մերձեցումն ինչպե՞ս կանդրադառնա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վրա, երբ ռուսաստանցի փորձագետներն ավելի ու ավելի ինտենսիվ են սկսում առաջարկել Ադրբեջանի ԵՏՄ անդամակցություն, իսկ Հայաստանում մտավախություններ կան, որ դա կլինի ՀՀ ազգային շահերի հաշվին։
– Իհարկե, Մոսկվան կցանկանար որպես գործընկեր ունենալ Հայաստանին, ավելացնելով նաև Ադրբեջանին, ինչպես սովետական իշխանության տարիներին։ Երբ Հայաստանի հետ բոլոր հարցերը լուծված են, համաձայնեցված, ապա պետք է սկսել համոզել, պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Այո, արդյունքում` Ռուսաստանը սկսելու է խաղալ դատավորի դեր` հնարավորության դեպքում, ինչպես Մոսկվան դա արել է սովետական շրջանում։ Բաքվից, Երևանից կուսակցական ղեկավարները ժամանում էին Մոսկվա, իսկ Մոսկվայում բացատրում էին, հաշտեցնում։
Այնպես որ, Բաքվի և Երևանի միջև Ռուսաստանը հավասարակշռելու է, բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը չեղյալ կհայտարարի Հայաստանի նկատմամբ ստանձնած իր պարտավորություններն անվտանգության ոլորտում։ Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել Հայաստանին Թուրքիայից, տեսականորեն մեզ համար բարդ է դա անելը, սակայն պրակտիկ տեսանկյունից` մեր զորքերն այդ սահմանում են տեղակայված հենց այդ նպատակով։ Բայց Մոսկվայի հավասարակշիռ քաղաքականությունն այս հակամարտության գոտում անխուսափելի է։