«Պատժելու տարբեր ձևեր կան՝ սկսած ձեռքը կտրելուց, մինչև…»
Մի քանի օրից՝ հունիսի 17-ին, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհաստատի էլեկտրաէներգիայի նոր սակագինը: Երեկ Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը ջանք չխնայեց ապացուցելու համար, թե որքան հիմնավորված է սակագնի 6.93 դրամով թանկացումը:
168.am-ը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ արդյոք իսկապես հնարավոր չէ՞ ՀԷՑ-ի հայտը մերժել կամ սառեցնել՝ մինչև լուծումներ գտնվեն: «Չեմ կարող ասել: Հայտը մերժելու իրավական հիմքերը չունենք: Դե ֆակտո ունենք պարտք, որ մենք ենք ստեղծել: Բիբինն ունի 250 մլն դոլարի պարտք, մեր մեղքով պարտքը, որ ՀԷՑ-ին թանկ ենք տվել հոսանքն ու ասել՝ բնակչությանն էժան ծախի, 60 մլն է: Բիբինն է, ինքը, իրա պարտքը՝ իրա վզով, ինչ ուզում ա՝ անի, ինձ չի հետաքրքրում իրա պարտքը»:
Ըստ նրա՝ ՀԷՑ-ը մոտ 250 մլն դոլար արժի, և քանի որ ՀՀ կառավարությունը երաշխիք է տվել վարկերին, կարող է ամբողջությամբ վերցնել ձեռքից. «Եթե վաղը դատական պրոցես սկսեց, կառավարությունը կասի՝ ես եմ երաշխիքը տվել, դու իմ ասելով ես էժան տվել, դե դու «դավայ»:
Ըստ նրա՝ եթե ՀԷՑ-ը չկարողանա իր մասով պարտքերը մարել ու գնա սնանկության, սնանկացման կառավարիչ պետք է նշանակվի, որը նախկին պարտքերի հետ գործ չի ունենա, կսկսի կառավարել ֆինանսական առկա մուտքերն ու ելքերը. «Բիբինին շինեցին բոբո, էս ամբողջ գործընթացը գցեցին Բիբինի վրա, իբր երկիրն անուժ է: Չկա տենց բան աշխարհում»:
Այվազյանը նշեց, որ լսումների ժամանակ լավ առաջարկներ եղան, որոնց ուղղությամբ պետք է աշխատել: Նրա խոսքով՝ համակարգում կարգավորման լրջագույն խնդիրներ կան, և խնդիրները ոչ միայն հանրային ծառայությունների ոլորտում են, այլ նաև օրենսդրական, ենթաօրենսդրական, կառավարման մոդելների առումով:
Թե ինչպե՞ս է լուծվելու գողության հարցը , Վ. Այվազյանը տեղյակ չէ. «Այս սակագնի մեջ գողության հետ կապված որևէ բան չկա: Իսկ ընդհանրապես, եթե կա գողություն, գողության հարցը լուծում են՝ գողի ձեռքը բռնելով ու պատժելով: Պատժելու տարբեր ձևեր կան՝ սկսած ձեռքը կտրելուց, մինչև այլ…»:
Մեր դիտարկմանը՝ եթե Դատախազությունն ինքնակամ ոչինչ չի անում, ուրիշ որևէ մեկն էլ գործ չի ուղարկում Դատախազություն, այդ դեպքում ո՞վ պետք է բռնի այդ գողի ձեռքը, Վ.Այվազյանը պատասխանեց, որ այդ հարցը միշտ քննարկում են ու գալիս-կանգնում նույն խնդրին. «Օրինակ՝ ինչի՞ ԶԼՄ-ները չեն ուղարկում, չէ՞ որ Դատախազության համար բացարձակ կապ չունի՝ ով է ուղարկում՝ ԱԺ լիագումար նիստի 131պատգամավորնե՞րը՝ կողմ սեղմելով, թե՞ մի քաղաքացի: Գողություն մասին ասել է նախարարը, թող նա էլ դիմի Դատախազություն»:
Մեր դիտարկմանը, որ ՀԷՑ-ի նախկին ղեկավար Գլադունչիկին էլ պատասխանատվության չենթարկեցին, երբ նա ճամպրուկով փողերը տանում էր ՀՀ-ից, հիմա էլ ոչ մի «մեղքի» համար ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, թե դա Աժ իրավասության շրջանակում չէ, և հորդորեց հարցը «հասցեատիրոջը տալ». «Եթե տեսնեմ, հաստատ կբռնեմ: Իսկ որպես կառավարող կուսակցության ներկայացուցիչ՝ իմ գործն օրենք գրելն է»: