Ազգային պատկերասրահի տնօրեն է դարձել Արման Ծատուրյանը
Ժամեր առաջ ՀՀ Մշակույթի նախարարությունում մեկնարկել էր Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք` տնօրենի պաշտոնի համար մրցում էր երեք թեկնածու՝ Արման Ծատուրյանը, Արթուր Ավագյանը և Սաթենիկ Վարդանյանը:
Մրցույթն անցկացվում էր երկու՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով, իսկ արդյունքների հրապարակումը կախված է հանձնաժողովի որոշումից, թեև արդյունքները սովորաբար հայտնի են դառնում հենց նույն օրը:
Հանձնաժողովը բաղկացած է 11 անդամից, նախագահը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն է, անդամներն են՝ Արա Հակոբյանը, Անատոլի Գրիգորյանը, Արևիկ Պետրոսյանը, Վիգեն Ղազարյանը, Հակոբ Սիմոնյանը, Հենրիկ Սոլախյանը, Արմինե Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանի անունը կապվում էր նաև նախորդ տարի հայտարարված Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետ:
Ծատուրյանը համերգային կազմակերպչական գործունեությամբ է նաև զբաղվում: Ի դեպ, նա, ըստ մշակութային շրջանակների՝ այդ ամենին հասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հովանավորության շնորհիվ, ում հետ քավորսանիկային և որոշ բիզնեսային հարաբերություններ ունեն:
Եվ դրանով էր նաև պայմանավորված այն հանգամանքը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպիչը և գլխավոր տնօրենը դարձյալ Արման Ծատուրյանն էր: