Բաժիններ՝

Հայտնի են Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնի համար մրցող թեկնածուների անունները

Հունիսի 12-ին Ազգային պատկերասրահը նոր տնօրեն կունենա: Մշակույթի նախարարությունը հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացման օրը: Հունիսի 12-ին նույն նախարարությունում տնօրենի պաշտոնի համար կմրցեն երեք հավանական թեկնածուներ, որոնց անունները, սակայն, Մշակույթի նախարարությունը գաղտնի է պահում: Նախարարությունում դիմումատուների անձի գաղտնիությունը մեկնաբանվում է նրանց իսկ իրավունքներով:

Փոխարենը՝ հայտնի են հավակնորդ թեկնածուներին ներկայացված պայմանները: Այսպիսով, Ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնին հավակնել կարող է ՀՀ քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթություն ունեցող (մշակութաբանություն, արվեստաբանություն, կերպարվեստի պատմություն և տեսություն, գեղանկարչություն մասնագիտություններից որևէ մեկով), մշակույթի ոլորտում կառավարման առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժով, համապատասխան իրավական ակտերի իմացությամբ, պատկերասրահի զարգացման հայեցակարգ ունեցող, առնվազն մեկ օտար լեզվի իմացությամբ, ֆինանսատնտեսագիտական գործունեության իրականացման կարողությամբ օժտված ցանկացած քաղաքացի:

168.am-ը փորձեց պարզել ԱՊ-ի նոր տնօրենի պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուների անունները: Մինչ մրցույթի մեկնարկը մամուլում շրջանառվում էին նախկին տնօրենին փոխարինելու եկած թեկնածուների մի քանի անուններ: Համապատասխան ոլորտում մասնագիտական կրթություն չունենալու հանգամանքով պայմանավորված՝ բացառվեց նախկին Մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի հավանական թեկնածությունը, ՀՀ օրենքով նախատեսված տարիքային շեմին չի համապատասխանում Մշակույթի գործող նախարարի խորհրդական Վահան Եղիազարյանը, ում անունը նույնպես կար շրջանառվող հավանական թեկնածուների շարքում: Պատկերասրահի տնօրենի պաշտոնակատար և գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Անուշ Հակոբյանը որոշել է գիտական աշխատանքը չփոխարինել վարչականով՝ ի սկզբանե չառաջադրվելով տնօրենի պաշտոնի համար նախատեսված մրցույթում:

Arman CatutyanԱյսպիսով՝ մեզ հայտնի են դարձել իրական երեք թեկնածուների անունները, որոնք, սակայն, Մշակույթի նախարարությունը չի հրապարակում: Որպես Պատկերասրահի նոր տնօրենի թեկնածու (իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ արդեն «ընտրված» տնօրեն) շրջանառվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանի անունը:

Կարդացեք նաև

Մեզ հաջողվեց զրուցել պարոն Ծատուրյանի հետ, ով, սակայն, չցանկացավ մեկնաբանել հավանական թեկնածուների շարքում ներգրավված լինելու մասին լուրերը՝ լռությունը մեկնաբանելով՝ որպես իր սահմանադրական իրավունք:

Հիշեցնենք, որ Արման Ծատուրյանի անունը կապվում էր նաև նախորդ տարի հայտարարված Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետ:

Երկրորդ թեկնածուն արվեստաբան Արթուր Ավագյանն է, երրորդ անունն է՝ Սաթենիկ Վարդանյան:

Մենք զրուցեցինք Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի առաջին նախագահ, արվեստաբան Նազարեթ Կարոյանի հետ՝ պարզելու համար վերոհիշյալ թեկնածուների մասին նրա մասնագիտական կարծիքը: «Իբրև արվեստաբան՝ նրանցից որևէ մեկի անունն ինձ ծանոթ չէ, գուցե չեմ հանդիպել, կամ չեմ կարդացել, չգիտեմ նույնիսկ՝ ինչ են գրում, եթե գրում են: Լսել եմ միայն Արման Ծատուրյանի անունը՝ որպես վարչարար՝ Կամերային երաժշտության կենտրոնի տնօրեն»,- ասաց պարոն Կարոյանը:

Մինչ մրցույթի մեկնարկը մնացել է 9 օր: Հունիսի 12-ին պարզ կդառնա երկրի խոշորագույն մշակութային հաստատություններից մեկի՝ Ազգային պատկերասրահի նոր տնօրենի անունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս