Օլիգարխների և բանկիրների «անմեղ» ակո՞ւմբ, թե՞ «համաշխարհային կառավարություն»
6 փաստ Բիլդերբերգյան ակումբի մասին
Այս կազմակերպության շուրջ գոյություն ունեն դավադրության բազմաթիվ տեսություններ: Այս ակումբն իբր և «Համաշխարհային կառավարություն» է, և «Գլոբալիզացիայի քահանայապետը», և ամերիկյան հեգեմոնիայի շարժիչը: Մենք կպատմենք ակումբի մասին առանց էմոցիաների` միայն փաստերով:
1. Կազմակերպչական կառուցվածքը:
Բիլդերբերգյան ակումբն իրենից ներկայացնում է ոչ պաշտոնական պայմաններում հանդիպում` աշխարհի քաղաքական, ֆինանսատնտեսական և լրագրողական վերնախավի ներկայացուցիչների միջև: Ակումբի անվանումն առաջացել է հոլանդական Օստերբեկ քաղաքի «Բիլդերբերգ» հյուրանոցից, որտեղ 1954 թ. կայացել է ակումբի առաջին ժողովը: Բիլդերբերգի ակտիվում կա 383 մարդ, որոնց մեկ երրորդն ամերիկացիներ են: Ակումբի քարտուղարությունը գտնվում է Նյու Յորքում:
2. Հիմնադիրները:
Ակումբը կազմակերպել են աշխարհի առաջատար 3 ֆոնդերը, որոնք հիմնվել են ամերիկացի միլիարդատերեր Ռոկֆելլերի, Կարնեգիի և Ֆորդի կողմից: Այս բոլոր ֆոնդերի կանոնադրությունում հնչում է միևնույն «աշխարհի երկրների միջև փոխհամագործակցությանը նպաստելու» խնդիրը:
3. Ավագանի:
Բիլդերբերգյան ակումբի հիմնադիրներից ամենաավագ և ամենաազդեցիկ անդամը 99-ամյա Դեյվիդ Ռոկֆելլերն է, ով հանդիսանում է «Ստանդարտ օյլի» հիմնադիր և պատմության մեջ առաջին միլիարդատեր Ջոն Ռոկֆելլերի թոռը: Նա մասնակցել է բոլոր հավաքներին և կատարել է ակումբի ղեկավար կոմիտեում օպերատիվ աշխատանք` կապված հրավիրվածների ցուցակների հետ: Ակումբի մեկ այլ ակտիվիստ`1995-2005թթ. համաշխարհային բանկի նախագահ Ջեյմս Վուլֆենսոնը շատ բարձր է գնահատել Ռոկֆելլերների ընտանիքի ներդրումը գլոբալիզացիայի զարգացման գործում:
4. Առաջին խնդիրները:
Ստեղծման օրվանից ակումբը սևեռված է եղել ԽՍՀՄ-ի գոյության և Եվրոպայի անվտանգության համակարգի ստեղծման, նաև՝ եվրոպական ինտեգրացիայի խնդիրների վրա: Ակնհայտ է, որ այս խնդիրները լուծում են ստացել: Համենայն դեպս, եվրոպական ինտեգրացիայի և եվրոյի ստեղծման գործում Բիլդերբերգյան ակումբի մասնակցությունը ոչ ոք չի ժխտում, և այն ապացուցվում է 2001 թ. ԿՀՎ-ի գաղտնազերծված փաստաթղթերով: Ակումբի հիմնադիրներից Ժոզեֆ Ռեդինգերը հանդիսանում է ընդհանուր շուկայի ստեղծողներից մեկը և եվրոպական ինտեգրացիայի ճարտարապետը: Ընդհանուր Եվրոպայի գլխավոր գաղափարը նա համարում էր եվրոպական երկրների կողմից` իրենց ինքնուրույնության որոշ չափից հրաժարումը: Մոտ 40 տարի անց այս բոլոր պլաններն իրականացվել են:
5. Մոտակա պլանները:
Եվրոպական Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ժան Կլոդ Տրիշեն Միջազգային հարաբերությունների խորհրդում պարզորոշ կերպով ներկայացրել է այդ պլանները: 2008 թ. ճգնաժամից հետո նա հայտարարեց, որ խոսքը գնում է գլոբալ ֆինանսական ղեկավարման ստեղծման մասին, այնպես, որպեսզի ֆինանսական համակարգը կարողանա դիմակայել խափանումներին:
6. Դավադրության տեսություններ:
Ակումբի հանդիպումները պարզ պատճառով անց են կացվում մաքսիմալ գաղտնիության պայմաններում: Այնտեղ չի թույլատրվում կատարել ձայնագրություն: Բայց, միևնույն է, ինչ-ինչ ինֆորմացիա դուրս է գալիս, որը և աշխատում է դավադրության տեսությունների ստեղծման վրա: Ոչ շատ վերջերս ակումբի մասին մեծ հոդված էր հրապարակվել The Guardian-ում: Հոդվածի հեղինակը փորձել էր կապվել Դեյվիդ Ռոկֆելլերի հետ, բայց վերջինիս մամլո քարտուղարը հայտնել էր, որ այդ տեսությունները զզվեցրել են Ռոկֆելլերին. «Այս թեորիայի վերաբերյալ Ռոկֆելլերի պատկերացումները կայանում են նրանում, որ այս ամբողջ ժամանակ աշխարհում տեղի է ունեցել պայքար ռացիոնալ և իռացիոնալ մտքի միջև: Ռացիոնալ մարդիկ նախապատվությունը տվել են գլոբալիզացիային, իսկ իռացիոնալները նախընտրել են ազգայինը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը