«Թուրքիայում բովանդակային առումով փոխվեց քաղաքական ուժերի հարաբերակցությունը, ինչը կարևոր է Հայաստանի և հայության համար»
Հարցազրույց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և
ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանի հետ
– Թուրքիայի ԿԸՀ-ն հրապարակեց Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, որոնք բացահայտեցին իշխանություն-ընդդիմություն ձայների ավանդական հարաբերակցության լուրջ փոփոխություն, քանի որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է ձայների 40,8%-ը, իսկ քրդական շարժումը կամ «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը», որին, ըստ որոշ վերլուծաբանների, իշխանությունը թույլ չէր տա մուտք գործել խորհրդարան, հաղթահարեց ոչ միայն 10%-անոց շեմը, այլև ավելին` ստացավ ձայների 13,1%-ը։ Ի՞նչ է սա նախանշում Թուրքիայի համար։
– Ընտրությունների արդյունքներն արդեն այս պահին կարելի է համարել շրջադարձային, որովհետև ըստ էության ավարտվեց «Արդարություն և զարգացում» կուսակցության միայնակ կառավարման 13-ամյա ժամանակաշրջանը։ Ընտրությունների արդյունքները կարևոր են նրանով, որ Թուրքիայում ձևավորվելու է կոալիցիոն կառավարություն կամ կոմպրոմիսային կառավարություն։ Դա կախված է նրանից, թե ինչպես կընթանան քաղաքական խորհրդակցությունները։ Թուրք հասարակությունը, ըստ էության, կազմակերպեց յուրօրինակ վստահության հանրաքվե Էրդողանի քաղաքական նպատակների վերաբերյալ և իր հստակ «ոչ»-ն ասաց այն քաղաքական նպատակներին, որ Էրդողանն իր առջև էր դրել, այն էր` երկիրը դարձնել ամուր կառավարման համակարգ` առանց վերահսկողական ուժեղ ինստիտուտների, որն էլ իր հերթին` կհանգեցներ ավելի ավտորիտար համակարգի։
Այս ամբողջ ընթացքում թիվ մեկ քննադատությունը, որը հնչում էր Էրդողանի հասցեին, հետևյալն էր` խորհրդարանական կառավարման նախագահականի փոխելը ոչ թե քաղաքական, սեփական նպատակներից ու կուսակցական շահերից ելնելով պետք է անել, այլ հասարակական կոնսենսուսով, ինչը նրան չհաջողվեց անել։ Եվ այն նոր Թուրքիայի մոդելին, որ Էրդողանը ցանկանում էր կառուցել, հասարակության առնվազն 27 միլիոնը դեմ քվեարկեց։ Այս ընտրության մյուս կարևոր արդյունքը, անշուշտ, վերաբերում էր Թուրքիայի քաղաքական համակարգի բոլոր ուժերի հավասարակշռության փոփոխությանը, որովհետև «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մուտքը խորհրդարան էապես փոխեց ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում ոչ միայն` քանակական, այլև` բովանդակային առումով, ինչը, թերևս, ավելի կարևոր է Հայաստանի և հայության համար։
Որովհետև Թուրքիայում հայտնվել է մի քաղաքական ուժ, որը տարիներ շարունակ, կառուցելով իր քաղաքական իմիջը, իր քաղաքական կրեդոն ձախակողմյան և ազատական գաղափարների շուրջ, կարողացել է մեծ կոնսոլիդացիոն ուժ ապահովել և որի շնորհիվ էլ շուրջ 6 միլիոն քվե է ստացել, և դա իսկապես աննախադեպ էր։ Երկար տարիներ քրդամետ կուսակցություններին չէր հաջողվում ոչ միայն կոնսոլիդացվել, այլ նաև մեկ քաղաքական տանիքի ներքո ներկայանալ ընտրություններին։ Դեմիրթաշը կարողացավ կոնսոլիդացիա ձևավորել և 13 % ներկայացվածություն ունենալ։
– Փաստորեն, փոխվելու է Թուրքիայի կառավարման համակարգը, որտեղ, ըստ Ձեզ, Հայկական հարցն ինչպիսի՞ ուրվագիծ կունենա։
– Թուրքիայի քաղաքական համակարգը չի փոխվելու, Թուրքիայի քաղաքական համակարգը ցանկանում էր փոխել Էրդողանը, բայց կարծես այս ընտրություններով հստակ ուղերձ ստացավ, որ պետք չէ շտապել։ Այն հարցում, որ Թուրքիայի քաղաքական համակարգում պետք են փոփոխություններ, երկու կարծիք չկա, այն հարցում, որ Թուրքիայի կառավարությունն ընդունված է գեներալների կողմից և հակաժողովրդական է, երկու կարծիք չկա, բայց այստեղ այն հարցն է դրված, թե ովքեր և ինչպես են դա անելու։
Էրդողանի նպատակն էր նախ` քաղաքական ուժերի կոնսոլիդացմամբ դա անելը, սակայն չստացվեց, և Էրդողանը որոշեց այդ գործընթացը միայնակ տանել և ակտիվ քաղաքական պլանները կառուցեց անցյալ տարվա երկու ընտրությունների` ՏԻՄ և նախագահական ընտրությունների, ապա` այս տարվա խորհրդարանական ընտրությունների վրա։ Սակայն հստակորեն կարելի է ասել, որ նա անհաջողության մատնվեց։ Այս քաղաքական ուժերը դառնում են օրենսդիր իշխանության մաս, ավելի մեծ ներդրում ունենալով քաղաքական որոշումների կայացման վրա։
– Ամեն դեպքում քաղաքական որոշումների կայացման հարցում այս կուսակցությունների դերակատարությունը լինելու է։
– Իհարկե, այս կուսակցությունները սկսելու են իրական դերակատարում ունենալ, հատկապես «Ժողովրդահանրապետական կուսակցությունը», որը համարվում է երկրի հիմնադիր կուսակցություններից մեկը։ Այս կուսակցությունը հավակնում է ստանձնել կարևոր դեր, թեև պետք է ասել, որ նրա հաջողությունները բավական համեստ էին։ Կարելի է ասել, որ նույն արդյունքներն արձանագրվեցին, ինչ 2011թ. ընտրությունների ժամանակ, ինչը, կարելի է ասել, որոշակի անհաջողություն էր, որովհետև կուսակցության ղեկավարը մաքրեց կուսակցությունը, և ընտրությունների արդյունքները բավական համեստ էին։ Ինձ համար երևի թե երրորդ մեծ անակնկալն «Ազգայնական շարժում կուսակցության» բավական շատ քվեներ ստանալու փաստն էր` շուրջ մեկուկես միլիոնով ավելացել են քվեները, որը բավական խոսուն է։ Սա նշանակում է, որ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության այն թևը, որը բավարարված չէր ԱԶԿ բռնած ուղով, ամենայն հավանականությամբ, տեղափոխվել է այս շարժման շարքերը։