Միայն հիվանդը կարող է պատկերացնել, որ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա. Պուտինի հարցազրույցը՝ իտալական Corriere della Sera թերթին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իտալիա այցի նախօրեին հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera թերթին ու հայտարարել, թե միայն անառողջ մարդը կարող է պատկերացնել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի երկրների վրա:
«Ինչ վերաբերում է ինչ-որ երկրների մտավախություններին Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիվ գործողությունների առնչությամբ, կարծում եմ՝ միայն անառողջ մարդը, այն էլ երազում, կարող է պատկերացնել, թե Ռուսաստանը հանկարծ կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա: Որոշ երկրներում, ըստ իս, սպեկուլյացիաներ են անում Ռուսաստանի նկատմամբ վախերի վրա»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ ԱՄՆ-ին հարկավոր է արտաքին սպառնալիք, որպեսզի պահպանի առաջատարի դիրքերը ՆԱՏՕ-ում: «Ուզում եմ ձեզ ասել, որ Ռուսաստանից վախենալու կարիք չկա: Աշխարհն այնքան է փոխվել, որ առողջ բանականություն ունեցող մարդիկ այսօր չեն կարող պատկերացնել նման խոշորամասշտաբ ռազմական կոնֆլիկտ»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեղավոր չէ Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացման մեջ ու միայն սահմանափակ կերպով է պատասխանում իր հասցեին ուղղված մարտահրավերներին:
Հարցազրույցում անդրադարձ է կատարվել նաև ուկրաինական ճգնաժամին: Պուտինը Մինսկի համաձայնագիրն անվանել է Դոնբասում ճգնաժամի լուծման միակ ուղին: Խոսելով Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների մասին՝ նա նկատել է, որ դրանք պետք է կառուցվեն համագործակցության, այլ ոչ թե հակամարտության հիման վրա:
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ դա բացարձակ մեր ընտրությունը չէ, մենք դրան չենք ձգտել ու ստիպված ենք եղել պարզապես արձագանքել այն բանին, ինչ տեղի է ունենում: Ուկրաինական ճգնաժամն սկսվել է Արևմուտքի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների հետևանքով, իսկ Մինսկի համաձայնագիրը դրանից դուրս գալու միակ եղանակն է»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա հայտարարել է, որ Մոսկվան անում է ու կանի իրենից կախված ամեն ինչ, որ ազդի Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների վրա, սակայն Եվրոպան էլ իր հերթին պետք է ազդի Կիևի իշխանությունների վրա, որպեսզի կատարի մինսկյան պայմանավորվածությունները:
«Մենք, իհարկե, մեր կողմից անում ենք ամեն ինչ ու կանենք, որպեսզի ազդենք չճանաչված ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների վրա: Սակայն ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Եվրոպայում ու ԱՄՆ-ում մեր գործընկերները պետք է համապատասխան կերպով ազդեն Կիևի իշխանությունների վրա»,- ասել է Պուտինը:
«Խնդիրն այն է, որ Կիևի այսօրվա իշխանությունների ներկայացուցիչները չեն ցանկանում անգամ մեզ հետ նստել բանակցային մեկ սեղանի շուրջ: Ու մենք չենք կարող դրա վրա ազդել: Դրա վրա կարող են ազդել միայն մեր եվրոպացի ու ամերիկացի գործընկերները: Մենք նրանց վրա չունենք այնպիսի ազդեցություն, ինչպիսին կա ԱՄՆ-ում ու Եվրոպայում, որպեսզի Կիևի իշխանությունները իրականացնեն ամեն ինչ, ինչի մասին պայմանավորվել են Մինսկում»,- ասել է Պուտինը:
Դրա հետ միասին, Պուտինը հիշեցրել է, որ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները հրապարակավ հայտարարել են, որ պատրաստ են դիտարկել իրենց ուկրաինական պետության մաս Մինսկի պայմանավորվածության իրականացման դեպքում:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարող է Ուկրաինայի արևելքում կրկնվել ղրիմյան սցենարը, Պուտինը հիշեցրել է, որ Ղրիմը Ռուսաստանի հետ միավորելու որոշումը հիմնված է եղել տեղի ընտրողների կամարտահայտմամբ (Ղրիմի 97%-ն ու Սևաստոպոլի 96%-ը քվեարկել էին Ռուսաստանին միանալու օգտին), իսկ Դոնեցկում ու Լուգանսկում մարդիկ քվեարկել են անկախության օգտին:
«Ղրիմյան սցենարը կապված է ոչ թե Ռուսաստանի դիրքորոշման, այլ այն մարդկանց դիրքորոշման հետ, որոնք բնակվում են Ղրիմում: Դոնեցկում ու Լուգանսկում մարդիկ քվեարկել են անկախության օգտին, իսկ այնտեղ իրավիճակն այլ է: Սակայն ամենագլխավորը, որ պետք է ընկալենք, այն է, որ միշտ պետք է հարգել մարդկանց տրամադրությունն ու ընտրությունը»,- ասել է Պուտինը: