Բռնաբարությունը լավ բան չի՝ թեկուզև «փոխաբերական» իմաստով. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.  «Բռնաբարությունը լավ բան չի՝ թեկուզեւ «փոխաբերական» իմաստով: Օրինակ՝ երբ մարդկանց ուղեղը բռնաբարում են վատ հայերենով՝ չկարողանալով գոնե մեկ կապակցված միտք արտահայտել:

Հենց այդպես են խոսում մեր պատգամավորներից շատերը՝ քյաբաբը եւ օղին այնքան են բռնաբարել նրանց ստամոքսը, որ մարսողական պրոցեսը երեւում է նրանց դեմքերին եւ ակնհայտորեն խոչընդոտում է մտածողության բոլոր դրսեւորումներին: Դե, իրենց տարերքը մտածելն ու խոսելը չէ՝ նրանք «ազգանվեր գործեր են անում»:

Չգիտեմ, թե որն է իրականում նրանց ազգանվեր գործը, բայց, ենթադրենք, դրանք արվում են: Հապա ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ խորհրդարանում, որտեղ, մասնավորապես, օրենքին դեմ կամ կողմ քվեարկելու համար ցանկալի է նախ՝ կարդալ դրանք, եւ երկրորդ՝ հասկանալ, թե ինչի մասին է այդ օրենքը:

Պառլամենտում հերոսներ, ազգանվերներ, ազատամարտիկներ, ֆիդայիներ պետք չեն, այնտեղ անհրաժեշտ են գրագետ, պատրաստված մարդիկ, որոնք կկարողանան հակակշիռ դառնալ գործադիր իշխանությանը: Իսկ «բռնաբարություններից», որոնք երեւի փոխարինում են ավելի թունդ հայհոյանքները, կարելի է խոսել նույն քյաբաբի սեղանի շուրջ՝ վերհիշելով սեփական հերոսական անցյալը: Ահա այդ «պերսոնաժներից» մեկը՝ Առաքել Մովսիսյանը («Շմայս»), սպառնացել է գլխատել եւ բռնաբարել որոշակի հոդվածների հեղինակներին կամ պատվիրատուներին: Այդպես է նա, իր մտահորիզոնի սահմաններում, սատարում պաշտպանության նախարարին՝ չնայած Սեյրան Օհանյանը նման «պաշտպանների» կարիքը հաստատ չունի:

Պատգամավորի այս սպառնալիքի մեջ Ազգային ժողովի նախագահը «փոխաբերական իմաստ» է տեսնում: Միայն Գալուստ Սահակյանի նման լեզվաբանը կարող է այստեղ փոխաբերություն տեսնել: Մարդն ասում է՝ հայտնաբերվելու դեպքում նրանց (հեղինակների կամ պատվիրատուների) կանայք կբռնաբարվեն՝ ո՞րն է այստեղ փոխաբերական իմաստը: Ազգային ժողովում կար, կարծես թե, էթիկայի հանձնաժողով. առաջ այն՝ լավ, թե վատ, ինչ-որ հարցեր էր քննարկում»:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ այսօրվա «Առավոտ» օրաթերթում

 

Տեսանյութեր

Լրահոս