«Ռիգայում Հայաստանին ևս մեկ հնարավորություն տրվեց»

Հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի հետ

– Պարոն Գրիգորյան, օրերս Ռիգայում մասնակցել եք Քաղաքացիական հասարակության երկօրյա կոնֆերանսին, որի շրջանակներում շփումներ եք ունեցել եվրոպացի պաշտոնյաների, դիվանագետների հետ։ Ի՞նչ ստացավ Հայաստանն այս գագաթաժողովից ու կարելի՞ է արդյոք այս արդյունքներն այս փուլի համար բավարար համարել։ Շատերը պնդում են, որ ավելի քիչ էին սպասում, բայց ավելի շատը եղավ։ Դուք ի՞նչ կասեք։

– Այո, համաձայն եմ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մենք դարձանք Եվրասիական տնտեսական միության անդամ, Ռիգայի գագաթաժողովից կարելի էր սպասել զրո արդյունք։ Ոչ թե այն պատճառով, որ Եվրոպան վատն է, և այլն, և այլն։ Շատ կարևոր է հասկանալ` Ասոցացման համաձայնագիրը չստորագրելով` Հայաստանը դուրս է գալիս այն ծրագրից, որը կար Արևելյան գործընկերության շրջանակներում։ Եթե ծրագրից դուրս եք գալիս, Եվրոպական հանձնաժողովը չի կարող ձեզ հետ բանակցություններ վարել այլ հարցերով, քանի որ մանդատ չունի։

Հիմա պետք է ձևավորվի համատեղ օրակարգ, որպեսզի հետո հանձնաժողովը դիմի ԵՄ անդամ երկրներին, որպեսզի նրանք մանդատ տրամադրեն բանակցություններ սկսելու համար։ Ասոցացման համաձայնագրից հրաժարումը մեզ զրկում էր այս ծրագրին մասնակցելու հնարավորությունից, մենք ու Եվրոպական միությունը պետք է խորհրդատվությունների միջոցով ձևավորեինք նոր շրջանակը, այս փուլում ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվեր, այդպես էլ եղավ, ու դա հասկանալի է, քանի որ մենք դուրս ենք եկել գործընթացից։

– Հռչակագրում երևակվեց ՀՀ-ԵՄ համագործակցության ավելի ընդարձակ օրակարգ, թեև դեռ հարաբերությունների իրավական շրջանակի շուրջ համատեղ աշխատանք պետք է տարվի։

– Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում տեղ գտան բավական դրական էլեմենտներ, որոնք ցույց են տալիս, որ Եվրոպան ցանկանում է մեզ հետ աշխատել, երկուստեք կարող ենք գտնել ընդհանուր համագործակցության դաշտ։ Առաջինն այդ վիզաների ազատականացման հարցն է, քանի որ Հայաստանն այդ պայմանագիրը ստորագրել է, այդ գործընթացից դուրս չի եկել, Եվրոպական հանձնաժողովն ունի մանդատ` այս ուղղությամբ Հայաստանի հետ աշխատելու համար, դա ամրագրված էր հռչակագրի 23-րդ կետում` Հայաստանն ունի առաջընթաց այդ հարցում, կարող է սկսել, կարող է բացել քննարկումներ` կապված վիզային երկխոսության հետ։

Դա վիզաների լիբերալիզացիայի երկրորդ փուլն է, որը մեծ դաշտ է բացում օրենսդրության մեջ փոփոխություններ մտցնելու համար, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և այլ մեծ հնարավորություններ։ Արձանագրվեց, որ Հայաստանը կարող է սկսել խորհրդակցություններ «Հորիզոն 20/20» ծրագրի շուրջ։ Հռչակագրում կային ձևակերպումներ նաև Ղարաբաղի հարցով։

Համատեղ օդային տարածք ստեղծելու հարցում ևս Հայաստանը կսկսի բանակցային գործընթաց, ԵՄ-ն հռչակագրով ցույց տվեց, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի համար իր դուռը բաց է պահում, ու կարող են բանակցել այս հարցի շուրջ։ Առաջին կետերից մեկում էլ նշված էր, որ կողմերը կարող են սկսել աշխատել նոր օրակարգ ձևավորելու ուղղությամբ, բայց խոսվում է ոչ թե բանակցությունների, այլ այն մասին, որ կարող են սկսել խորհրդակցություններ, որպեսզի ապագայում լինեն բանակցություններ և համաձայնագիր։

Այսինքն` մեզ մի քանի կետերով տրվեց հնարավորություն։ Այն, ինչ կարող էր լինել Ռիգայում, ունեցանք։ Այսուհետ ամեն ինչ կախված է Հայաստանից` կուզե՞նք դա օգտագործել, թե՞ ոչ։ Համարում եմ, որ ներկայիս իրողությունների պայմաններում սա դրական էր։ Մարդիկ շատ բան են սպասում։ Օրինակ` ուկրաինացիները սպասում էին վիզաների ազատականացում, չստացան, հիասթափվեցին, բայց ի՞նչ իմաստ ուներ սպասել մի բան, որը չես կարող ստանալ, նույնը` Հայաստանի դեպքում։

Օրինակ` Վանի, Ղարսի, Բիթլիսի հարցը չի լուծում Ռիգան, բայց ինչ-որ մարդիկ նման սպասելիքներ ունեին, մտածում էին` միգուցե իրենց տան պատմական Հայաստանը, ոչ, Ռիգայի և հատկապես «Արևելյան գործընկերության» ձևաչափը դա չէ։

– Հռչակագրից պարզ է դառնում, որ կողմերը կարողացել են պահպանել իրենց հարաբերությունների հիմնական բովանդակությունը, որը նույնիսկ շատ ավելի ընդարձակ է, քան Ասոցացման համաձայնագիրն էր, որից Հայաստանը հրաժարվեց։ Կա՞ն երաշխիքներ, որ այս նոր գործընթացը չի արժանանա Մոսկվայի «ոտնձգություններին»։

– Ռուսաստանը համոզվեց, որ Հայաստանի ներկայությունն ԱլԳ-ում փրկեց իրեն, հակառակ դեպքում` հռչակագրում Ղրիմի բռնակցման հարցը շատ կոշտ կերպով կդրվեր։ Ասում են, թե Բելառուսն արեց դա, այնինչ այդ մարդիկ պարզապես լավատեղյակ չեն։ Բոլորը գիտեն, որ Բելառուսի ձայնն այնտեղ զրո է, նրանք ծրագրերում չկան, ձայնը չեն լսում, նախագահի մակարդակով չեն ներկայանում, իսկ Հայաստանը, որն ավելի հեղինակավոր է այնտեղ, կարողացավ կանխել Ռուսաստանի համար վտանգները, ձևակերպումները, որոնք տհաճ էին լինելու Ռուսաստանի համար։

Հայաստանը կարողացավ մեղմացնել, ինչ է` դա վա՞տ է Ռուսաստանի համար։ Ո՛չ։ Ուրեմն` Ռուսաստանը պետք է հասկանա, որ այստեղ կա ոլորտ, որտեղ Հայաստանը կարող է Ռուսաստանի համար օգտակար լինել։ Ես չեմ ասում` Հայաստանը լինի միջնորդ լուրջ հարցերում, պարզապես այս հարցում Հայաստանը Ռուսաստանին օգտակար եղավ։

– Բայց չէ՞ որ դա արեց իր հեղինակության հաշվին։

– Ինչ-որ չափով` այո, բայց, այնուամենայնիվ, հաշվի առնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը, այդպես էլ պետք է լիներ։ Ես համաձայն եմ, թե ոչ` այլ խնդիր է։ Ես համարում եմ, որ Ղրիմում բռնակցում է տեղի ունեցել։ Բայց պաշտոնական Երևանն ասում էր, որ ինքնորոշման գործընթացին դեմ չի կարող դուրս գալ, այսինքն` իր այդ դիրքորոշումը կարողանում էր արդարացնել այս սկզբունքով` չի կարող դեմ դուրս գալ, և վերջ։ Ուստի, կարծում եմ, որ սա հասկանում են Եվրոպայում, թեև այս հարցում մենք օգտակար եղանք Ռուսաստանին։

Տեսանյութեր

Լրահոս