Հայաստանը գործուղվում է եվրոպական հարթակներ ՌԴ առաջադրած որոշ պայմաններով. Էդգար Վարդանյան
«Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը չի կարող ամբողջությամբ կտրվել Եվրոպայից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:
Ի դեպ, օրերս Ռիգայում կայացած «Արևելյան գործընկերություն» ծրագրի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղեկություններ տարածվեցին, որ ինչպես Բելառուսն, այնպես էլ Հայաստանը լրջագույն ջանքեր են ներդրել, որպեսզի գագաթնաժողովի ամփոփիչ միասնական հռչակագրում Ղրիմի բռնակցման մասին կոշտ ձևակերպումներ չընդգրկվեն, որոնք տհաճ անակնկալ կդառնային Ռուսաստանի համար:
Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է` հաշվի առնելով Հայաստանի նոր` ՌԴ շահերը միջազգային, արևմտյան հարթակներում ներկայացնելու, դերը Ռուսաստանը Հայաստանին թույլ տա որոշ հարցերում ավելի անկախ քաղաքականություն վարել, ասաց, որ անկախ քաղաքականությունը թույլատրված չի կարող լինել, այլապես այն անկախ քաղաքականություն չի լինի: Ըստ նրա` դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է գործուղել Հայաստանին տարբեր եվրոպական հարթակներ պայմանով, որ Հայաստանն այդ հարթակներում պատշաճ կերպով կներկայացնի Ռուսաստանի շահերը, փոխարենը Հայաստանը կարող է որոշակի օգուտներ ստանալ այդ հարթակներից:
Վարդանյանի համոզմամբ, Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը, գտնվելով բավականին ծանր սոցիալտնտեսական պայմաններում, գտնվելով շրջափակման մեջ, ունենալով փակ սահմաններ, չի կարող ամբողջությամբ կտրվել Եվրոպայից, համապատասխանաբար Ռուսաստանն ի վիճակի չէ դոտացիայի տակ պահել Հայաստանը, ինչպես օրինակ Չեչնիան:
«Բնականաբար, Ռուսաստանը նաև շահագրգռված է, որպեսզի Հայաստանը որոշակի ֆինանսական աջակցություն ստանա Արևմուտքից տարբեր ձևաչափերով, իհարկե, ընդունելի սահմաններում` այն չափով, որը չի հակասի Ռուսաստանի շահերին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի քաղաքական վերնախավը լեգիտիմության ահռելի պակաս ունի և այս պարագայում Ռուսաստանը կարող է հեշտությամբ օգտագործել այդ գործոնը: Հայաստանի քաղաքական վերնախավի համար ևս ստեղծվում է, ըստ էության, մի նոր հնարավորություն այդ դեֆիցիտի առկայության պայմաններում նույնսիկ ամրապնդել սեփական իշխանությունը, քանի որ մի կողմից արժեքավոր է դառնում Ռուսաստանի համար, մյուս կողմից էլ Արևմուտքը, չցանկանալով ամբողջությամբ Հայաստանին մղել Ռուսաստանի ազդեցության ոլորտ, շահագրգռված է որոշակի հարաբերություններով ունենալ իշխող վերնախավի հետ անկախ նրանից, թե այդ վերնախավը լեգիտիմության լուրջ դեֆիցիտ ունի, թե ոչ: Այսինքն`այստեղ կարևոր են աշխարհաքաղաքական նկատառումները»,- մեկնաբանեց Էդգար Վարդանյանը: