Արտաքին հարաբերությունների ծախսերը ավելացել են 8.5%-ով
2014թ. պետական բյուջեից արտաքին հարաբերությունների դասի ծրագրերին տրամադրվել է 13.2 մլրդ դրամ, որը կազմել է նախատեսված հատկացումների 98.7%-ը: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ արտաքին հարաբերությունների ծախսերը 2013 թ. համեմատ ավելացել են 8.5%-ով` հիմնականում պայմանավորված ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ինչպես նաև միջազգային կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների ծախսերի աճով:
ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը հայտնեց, որ միջազգային կազմակերպություններին անդամավճարները կազմել են 1 մլրդ 816 մլն դրամ: ՀՀ-ն այս գծով պարտք է 800մլն դոլար, բայց այդ պարտքը տարեցտարի տեղափոխովոմ է, որևէ խախտում չկա, որևէ միջազգային կազմակերպությունում ՀՀ-ն ձայնի իրավունքից զրկված չէ և պարտքը սպասարկվում է առանց որևէ խնդրի:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ դեսպանության շենք է գնել ՀՀ-ն, որի համար վճարել է 35 մլն դրամ: Փոխնախարարը պարզաբանեց, որ նոր շենք չի գնվել, դա Բրյուսելում վարկով ձևակերպված շենքի վարկի մարումն է:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը հակազդում Ադրբեջանի քարոզչությանը և ՀՀ-ն ունի՞ հստակ ռազմավարություն՝ հակազդելու Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը, Ս.Մանասարյանը պատասխանեց, թե չպետք է մրցակցության մեջ մտնել Ադրբեջանի հետ. «Գումարների ավելացման դեպքում մենք կարող ենք մեծ ծավալի աշխատանք անել, բայց բավարարվենք նրանով, ինչ կա: Ի՞նչ է նշանակում ռազմավարություն: Բարդ է այդ հարցին պատասխանելը: Մենք այդ հարցը բարձրաձայնում ենք յուրաքանչյուր պետությունում, ամեն ամբիոնից, ասելով՝ տեսեք ինչ մեթոդների են մեր հարևանները դիմում: Այլ հակազդելու միջոցներ չկան էս աշխարհում: Խոսքը վերաբերում է կաշառակերությանը, դրա դեմ ամբողջ աշխարհը պայքարում է, թե ինչ հաջողությամբ, դժվար է ասել»: