
Հաշվետվողականության իմիտացիա

Երեկ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկել են 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Դա պարտադիր գործընթաց է, որը տեղի է ունենում ամեն տարի՝ որպես սահմանադրության և օրենքի պահանջ: Կառավարությունը ներկայացնում է, թե որքան լավ է աշխատել նախորդ տարի կամ, եթե լավ չի աշխատել, որոնք են «օբյեկտիվ պատճառները», պատգամավորներն էլ տասնյակ հարցեր են ուղղում այս կամ այն ոլորտի ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ: Բայց այս ամբողջ գործընթացը, ըստ էության, ձևական է, ընդամենը հաշվետվողականության իմիտացիա, որը տեղի է ունենում ամեն տարի:
Ընդհանրապես հաշվետվողականությունը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, Հայաստանի հանրային-քաղաքական կյանքի ամենամեծ խնդիրներից է: Հասարակությունը վաղուց կորցրել է առաջին հերթին՝ իշխանություններից, նաև ընդդիմությունից հաշվետվողականություն պահանջելու ու, ամենակարևորը, դրա հիման վրա իրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը: