IDeA-ն ու Կովկասի բնության հիմնադրամը կհամագործակցեն Դիլիջանի տարածքում էկոտուրիզմի զարգացման ոլորտում
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ու Կովկասի բնության հիմնադրամի (The Caucasus Nature Fund ) միջեւ այսօր համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել Դիլիջան քաղաքում եւ հարակից համայնքներում, ինչպես նաեւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում:
Հուշագիրը ստորագրեցին IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը եւ Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը:
«Դիլիջան քաղաքն ու հարակից համայնքներն էկոտուրիզմի զարգացման համար բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ունեն, եւ մեր գործընկեր CNF-ի հետ մտադիր ենք ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնել: Ակնկալում ենք, որ դրանք կնպաստեն ոչ միայն կենսաբազմազանության պահպանությանն ու զբոսաշրջության զարգացմանը, այլեւ շոշափելի արդյունք կունենան համայնքների սոցիալ-տնտեսական կյանքի աշխուժացման, էկոտուրիզմի ոլորտում աշխատատեղերի ստեղծման առումով»,-նշեց IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը: Նա հույս հայտնեց, որ հետագայում համագործակցության շրջանակները կարող են ընդլայնվել՝ ներառելով նաեւ բնության հատուկ պահպանության այլ տարածքներ:
Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Դանիել Սեպիկը նույնպես կարեւոր համարեց սկիզբ առնող գործակցությունը: «CNF հիմնադրամն արդեն վեց տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի հետ՝ աջակցելով բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը: Մենք միայն վերջերս ենք սկսել աշխատել «Դիլիջան» ազգային պարկի հետ, եւ ուրախ ենք այս ոլորտում մեր ջանքերը միավորել այնպիսի լուրջ գործընկերոջ հետ, ինչպիսին IDeA հիմնադրամն է: Միասին աշխատելով՝ մենք ավելիին կարող ենք հասնել եւ՝ ավելի կարճ ժամանակահատվածում: Սա իսկապես պայծառ օր է Դիլիջանի համար»,-նշեց նա:
IDeA –ն եւ CNF-ը ջանքերը կմիավորեն՝ Դիլիջանում եւ հարակից համայնքներում, ինչպես նաեւ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում էկոտուրիզմի կայուն զարգացման, խթանման ու կառավարման ապահովմանն ուղղված համալիր ռազմավարության մշակման, բնության հատուկ պահպանվող տարածքների եւ հարակից համայնքների զարգացմանն ուղղված արդյունավետ առաջարկների ձեւավորման, ինչպես նաեւ դրանց կյանքի կոչման համար ներդրումների ներգրավման աշխատանքներում:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին