Բաժիններ՝

«Սպայս» տեսակի թմրանյութը Հայաստան էր մտնում թեյերի տեսքով

Վերջին տարիներին աշխարհում, բնական թմրանյութերից բացի, լայն տարածում են գտնում նաև սինթետիկ ծագմամբ թմրանյութերը: Դրանց շարքին է դասվում նաև մահաբեր թմրամիջոց համարվող «Սփայսը», որի հայրենիքը և հիմնական մատակարարը Չինաստանն է: 2006 թվականից այն հասանելի է դարձել ամբողջ աշխարհում և այսօր արդեն իրական սպառնալիք է նաև Հայաստանի համար:

Ըստ 2014թ. Ռուսաստանի վիճակագրության՝ «Սփայսը» Ռուսաստանի ամեն մի խոշոր քաղաքում օրական սպանում է 60 մարդու: Այս սարսափելի թմրանյութի՝ արհեստական մարիխուանայի հայտնագործողն ամերիկացի գիտնական Ջոն Հաֆմանն է, ով այն ստեղծել էր բացառապես գիտական նպատակներով: Ի դեպ, ըստ մասնագետների՝ «Սփայսը» մարիխուանայից 10 անգամ ավելի ուժեղ է ու կործանարար, այն օգտագործողների մեծ մասն ինքնասպանություն է գործում, իսկ ողջ մնացածները դառնում են հաշմանդամ` կորցնելով տեսողությունը, լսողությունը, քայլելու ունակությունը և այլն:

Հայաստանում «Սփայսի» օգտագործումից մահվան դեպքեր գրանցվե՞լ են: ՀՀ առողջապահության Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում այս հարցին չպատասխանեցին` նշելով, որ չեն կարող ասել՝ մահը «Սփայսի՞», թե՞ այլ թմրանյութերի օգտագործումից է եղել: Սակայն կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Ասյա Գրիգորյանը փաստում է, որ այն բավական լուրջ և վտանգավոր թմրանյութ է: Նրա փոխանցմամբ՝ «Սփայսը» Հայաստանի տարածք էր մտնում թեյերի տեսքով և առավել տարածված է ակումբներում: Հիմնական օգտագործողները երիտասարդներն են, սակայն լինում են դեպքեր, երբ օգտագործում են՝ որպես սովորական թեյ`չիմանալով, որ թմրանյութ է: Եվ, քանի որ «Սփայսը» ոչ թե ներարկում, այլ ծխում են, երիտասարդները կարծում են, թե իրենք այն օգտագործելով՝ թմրամոլ չեն դառնում, իրականում համարվում է ամենադաժան թմրանյութերից մեկը:

Տիկին Գրիգորյանի խոսքով՝ այն հանգամանքը, որ «Սփայսը» ոչ թե ներարկում, այլ ծխում են, տրամադրություն է ստեղծում, որ այն թեթև թմրամիջոց է, որն առաջացնում է միայն ժամանակավոր էյֆորիա, ինչն էլ նպաստում է թմրամիջոցի ավելի լայն տարածմանը:

Կարդացեք նաև

Հետազոտությունները, սակայն, փաստում են, որ սինթետիկ ծագման այս թմրամիջոցի բաղադրության մեջ են մտնում ինչպես՝ բուսական, այնպես էլ՝ քիմիական ծագման նյութերի խառնուրդներ, որոնք առաջին իսկ օգտագործումից առաջացնում են կախվածություն, և մարդու առողջության ու կյանքի համար մի քանի անգամ վտանգավոր են, քան բուսական ծագում ունեցող թմրանյութերի ազդեցությունը: «Սփայսի» օգտագործումից առաջանում են հալյուցինացիաներ՝ մտատեսիլքներ, քանի որ այն ունի ցնորածին հատկություն: Ցնորքները լինում են տեսողական և լսողական. «Մարդկանց ենթագիտակցության մեջ ինչ նստած է, որ թմամիջոցի օգտագործումից հետո նրանք տեսնում են վառ պատկերներով, ինչն էլ հենց գայթակղիչ է դարձնում դրա օգտագործումը»,- նշում է Ասյա Գրիգորյանը:

spice1Մեր զրուցակիցը, ում անունը, հասկանալի պատճառներով, չենք նշում, պատմում է, որ ցանկացել է «պլան» ծխել, մինչդեռ ընկերները նրան ավելի ազդեցիկ և ուժեղ թմրանյութ են առաջարկել: Օգտագործումից հետո է միայն իմացել, որ «Սփայս» է ծխել: «Չէի հասկանում՝ ինչ ա հետս կատարվում, անգամ մարմինս չէի զգում, գիտակցությունս ժամանակ առ ժամանակ լրիվ անջատվում էր, բայց դուրս գալիս էր էդ վիճակը»,- պատմում է մեր զրուցակիցը, ում քայլերն աստիճանաբար դարձել են ոչ ադեկվատ. «Պահի տակ անիմաստ խնդում էի, աղբի ամանի վրա նվագում, ավտոն վերցնում էի ու հայաթի մեջ 100-ի տակ քշում էի»: «Սփայսի» մեկանգամյա օգտագործումից հետո այս խնդիրներին հետզհետե գումարվել են նաև ֆիզիկական խնդիրները` ողնաշարի ծռվածություն, քայլելու դժվարություն:

Ասյա Գրիգորյանի խոսքով՝ «Սփայս» օգտագործող մարդիկ կարող են վտանգ ներկայացնել և՛ իրենք իրենց համար, և՛ հասարակության համար: «Մահաբեր համարվող այս թմրամիջոցից հնարավոր է նաև ձերբազատում և ամբողջական ապաքինում»,- փաստում է նարկոլոգը. միայն թե հարկավոր է երկարատև և հետևողական բուժում:

Հայաստանում մինչև վերջերս «Սփայսն» օրենսդրական կարգավորում չուներ, քանի որ թմրամիջոցի քիմիական բանաձևը պարբերաբար փոփոխվում է, ինչը հնարավորություն է տալիս շրջանցել թմրաբիզնեսի զարգացման դեմ ուղղված օրենքով նախատեսված բոլոր արգելքները: Ոստիկանությունից մեզ փոխանցեցին, որ 2013 թվականին կառավարության հաստատմանն էր ներկայացվել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի ընդունումը, ոլորտի պատասխանատուների համոզմամբ, թույլ կտար «կանխել և բացահայտել Հայաստան ապօրինի ներկրվող դիզայներական և այլ ծխախոտային խառնուրդները, որոնց հոգեկան և ֆիզիկական թմրազդեցությունը մի քանի անգամ գերազանցում է արգելված կանաբիսի և ափիադների խմբին պատկանող թմրամիջոցների ազդեցությանը»: ՀՀ ԱԺ-ի կողմից 2014թ. դեկտեմբերին «Սփայս» տեսակին պատկանող սինթետիկ բաղադրությամբ որոշ թմրամիջոցներ ներառվել են ՀՀ քրեական օրենսգրքի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հավելվածների թմրամիջոցների ցանկերում։ «Սփայս» տեսակի թմրանյութերը հայտնի թմրանյութերի սինթետիկ կրկնօրինակներ և միմյանցից փոքր-ինչ տարբերվող բաղադրությամբ նյութեր են, և, ըստ պաշտոնական մեկնաբանությունների՝ այդ պատճառով մինչ վերջերս չէին ներառվել արգելված նյութերի ցուցակում:

Ազգային ժողովի Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի փոխանցմամբ՝ աշխարհում գոյություն ունեն 1000-ից ավելի «Սփայս» տեսակի թմրամիջոցներ, և այսօր էլ շարունակվում է դրանց նոր տեսակների սինթեզումը: Համապատասխան մարմիններն ուսումնասիրում են դրանց վտանգավորության աստիճանը, և համապատասխան հիմնավորումներ ունենալու դեպքում՝ առաջարկ է ներկայացվում Կառավարություն` այդ նյութերի շրջանառությունը ՀՀ տարածքում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցուցակում ներառելու համար: ՀՀ Կառավարությունը սույն թվականի մայիսի 14-ին կայացած նիստում որոշում է ընդունել ՀՀ տարածքում շրջանառությունն արգելած թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկում համապատասխան լրացումներ կատարելու և նոր թմրամիջոցներ ներառելու մասին: ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում լրացում կատարեց՝ ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկ ներառելով համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:

2013թ. տվյալներով՝ ՀՀ-ում հաշվառված թմրամոլների թիվը 4922 է, իսկ 2009թ. այդ թիվը եղել է 1686, ինչը նշանակում է, որ կա տարեկան 20-30 տոկոս թմրամոլների աճ, որը նկատվում է հատկապես 25-45 տարեկանների շրջանում: Թե նրանց մեջ քանի՞ տոկոսն են կազմում «Սփայս» օգտագործողները՝ հնարավոր չէ ասել, քանի որ Նարկոլոգիական կլինիկայից վիճակագրական տվյալներ մեզ չփոխանցեցին` նշելով, որ իրենց հիմնականում դիմում են ծանր շրջանում, որոնց կլինիկան հրաժարվում է հոսպիտալացնել ու ուղարկում է հոգեբուժարան: Սակայն կլինիկայի փոխտնօրենը փաստում է, որ «Սփայսից» օգտվողների թիվը կարող է շատ ավելի լինել, քան հաշվառված է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս