«Դատախազության քննիչների վրա կրակել էին 47 փամփուշտ, քննիչը ոչ մի վնասվածք չէր ստացել…». Ազատ Արշակյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա արձակված կրակոցների մասին
«Ես շատ հավանական եմ համարում և՛ բեմականացումը՝ ինքնավնասարարության փորձը, և՛ շատ հնարավոր է՝ նրա հակառակորդներից որևէ մեկը դա կազմակերպած և կատարած լինի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցների շուրջ քննարկվող տարբեր վարկածների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ա. Արշակյանի գնահատմամբ՝ մեր հասարակությունն ունի մեկ այլ խնդիր՝ անվստահություն իրավապահ մարմինների նկատմամբ. «Բոլոր հարցերն առաջացել են, որովհետև մենք չենք վստահում, եթե մենք վստահ լինեինք. որ կկատարվի համապատասխան հետաքննություն, նախաքննություն և կպարզվի իրողությունը, այդ դեպքում մենք կարող էինք վարկածների մարզանք անել: Այդ իմաստով՝ ես ուզում եմ ասել, գուցե այս անգամ համապատասխան պրոֆեսիոնալ մարմինները մեզ՝ քաղաքացիներիս, ապացուցեն, որ մենք սխալվում ենք, երբ ասում ենք, որ վստահ չենք նրանց վրա:
Այսինքն՝ նրանք հիմա պետք է ապացուցեն՝ դա իսկապես հարձակո՞ւմ էր Սուրիկ Խաչատրյանի վրա, թե՞ Սուրիկ Խաչատրյանի վրա ինքնահարձակում էր կազմակերպվել»: Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ մոտավորապես 20 փափուշտ է դիպչել Ս. Խաչատրյանի մեքենային, իսկ ներսում եղած 3 անձանցից որևէ մեկը չի վնասվել: Հարցին՝ որքանո՞վ եք իրատեսական համարում, որ մեքենայում եղել են մարդիկ, ու այդքան կրակոցից ոչ ոք չի վնասվել, Ա. Արշակյանն այսպես պատասխանեց. «Շատ տարիներ առաջ՝ այն ժամանակ Դատախազության քննիչների վրա կրակել էին 47 փամփուշտ, վարորդը թեթև վնասվածք էր ստացել, իսկ թիրախը՝ քննիչը, ոչ մի վնասվածք չէր ստացել, ուզում եմ ասել, որ հնարավոր է, նման բացառություններ լինում են»: