Ավելի քան 70 միլիոն դոլար գյուղատնտեսության վարկերն ի՞նչ են եղել բանկերում
«Կառավարությունը գումար հատկացրեց, ցավոք սրտի, մի փոքր ուշ, և գյուղացին հարված ստացավ»,- այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ խոսելով գյուղացիների վերցրած վարկերի և դրանց հետևանքների մասին:
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Կենտրոնական բանկի քննարկած ծրագրի՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» և մի քանի այլ բանկեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին 14 տոկոսով վարկեր էին տրամադրում, որի 6 տոկոսը սուբսիդավորում էր ՀՀ կառավարությունը: Վարկը գյուղացուն էր հասնում 8 տոկոսով: Եվ քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, վարչապետը հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ, ու որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին՝ գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկը ստանա 8 տոկոսով: Երեք միլիարդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ յոթ միլիարդը՝ մինչև տարեվերջ:
Հ. Բերբերյանի խոսքով՝ գյուղացին ցանել է այն, ինչ ունեցել է, որովհետև վարկերը ժամանակին չստացվեցին. «Այստեղ մենք շատ զայրացած ենք բանկերի աշխատանքի վրա, որովհետև բազմաթիվ գյուղացիներ գալիս են բողոքներով: Բանկերը տարբեր տեղեկանքներ են ուզում, հետո ուղարկում են ինչ-որ գույք գնահատելու գրասենյակներ, հետո այդ գույք գնահատելու գրասենյակներում վճարում են, բերում են այդ ամբողջ թղթաբանությունը հավաքում են, հետո բանից պարզվում է, որ մեր գյուղացին ինչ-որ սև ցուցակում է հայտնվել: Այսինքն՝ սա խեղկատակություն է, բյուրոկրատական արհեստական քաշքշուկներ են ստեղծում, որ գյուղացին վարկ չստանա»:
Հ. Բերբերյանը չի հասկանում, թե 70 միլիոն դոլարից ավելի գյուղատնտեսության վարկերն ի՞նչ են եղել բանկերում: Նա կարծում է՝ այդ հարցի համար պետք է ստեղծել «լուրջ» հանձնաժողով, որը կպարզի, թե ինչպե՞ս են օգտագործվել այդ վարկերը: «Այստեղ շատ հետևողական պետք է լինենք՝ այդ վարկերի ճակատագիրն իմանալու համար: Այս տարվա հիմնական գյուղատնտեսության հարվածը բանկային վատ աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա: