Ցավոք, ԼՂ հակամարտությունում Եվրոպան տիպիկ եվրոպական մոտեցում է ցուցաբերում. Ալեքսանդր Ռար
«ԵԱՀԿ-ն պետք է վերականգնի այն ներուժը, որը թույլ կտա վերահսկել հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ հակամարտությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Վալդայ» ակումբի անդամ, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված փակուղային իրավիճակին և այդ համատեքստում Ռուսաստանի և Արևմուտքի դերակատարությանը:
Նա նշեց, որ հայկական կողմի համար մեծ ողբերգություն չէ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը շարունակի մնալ սառեցված կարգավիճակում, որովհետև, նրա համոզմամբ՝ ամեն դեպքում, դա Հայաստանին ապահովագրում է հակամարտության կարգավորման իր համար անցանկալի սցենարներից: Այսինքն, նրա խոսքով՝ հակամարտությունը չի կարգավորվում, բայց չի կարգավորվում նաև այնպես, ինչպես չէր ցանկանա հայկական կողմը: Սակայն, գերմանացի վերլուծաբանի համոզմամբ, ակնհայտ ու հասկանալի է, որ կան երկրներ, որոնք հետաքրքրված են կարգավորման գործընթացում առաջընթացով, ինչն էլ լարում է իրավիճակը հակամարտության գոտում:
«Աշխարհում վերջին ամիսներին Ռուսաստանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի համար այնքան տաք օջախներ են ստեղծվել, գլոբալ մարտահրավերներ՝ ոչ միայն Ուկրաինայում, այլև Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, որ եվրոպական և արևմտյան դիվանագիտության համար արդիական չէ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի ապահովումը»,- մեկնաբանեց Ալեքսանդր Ռարը:
Վերջինիս որակմամբ՝ այս ամենը, ցավոք, տիպիկ եվրոպական մոտեցում է: Նրա խոսքով` կա հակամարտություն, բայց այն շատ դանդաղ է կարգավորվում: «Աստված չանի՝ այնտեղ հանկարծ կրկին սրվի իրավիճակը, դիվանագետները, ովքեր դրանով չեն զբաղվել տասնյակ տարիներ, կարծես թե նույնիսկ մոռացության են մատնել անգամ հակամարտության պատմությունը, քանի որ տարիներով չեն զբաղվել և հետևել զարգացումներին, կսկսեն զբաղվել, ժամանակ ծախսել հանգամանքներին մանրամասնորեն ծանոթանալու վրա:
Սա, իհարկե, շատ բացասական է, բայց բնորոշ է Եվրոպային»,- ասաց Ռարը: Անդրադառնալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն առաջարկին, որ Գերմանիան ցանկանում է ակտիվ դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, Ալեքսանդր Ռարն ասաց, որ պետք է գտնել մեխանիզմներ, գործիքներ, որոնք թույլ կտան կարգավորել այն խնդիրները, որոնք առկա են Եվրոպայում՝ արդեն քառորդ դար ԽՍՀՄ փլուզումից հետո, ինչպես ԼՂ հակամարտությունը: «Այլ հարց է, եթե, օրինակ, ԵԱՀԿ-ն սկսեր ակտիվ և ողջ ներուժով գործել, այնպես, ինչպես պետք է աշխատեր՝ որպես համաեվրոպական կազմակերպություն, ոչ թե արևմտաեվրոպական կազմակերպություն:
Եթե 2016թ. Գերմանիայի նախագահությամբ հնարավոր լինի վերականգնել ԵԱՀԿ այդ հզոր որակները, որի շնորհիվ այդ կազմակերպությունը սկսեր Եվրոպայում այն կշիռը ձեռք բերել, ինչ ՆԱՏՕ-ն, ապա այդ կազմակերպությունը կվերականգներ իր համարձակությունն ու ոգին, որը թույլ կտա ավելի ուշադիր աչքով դիտարկել անվտանգության խնդիրները, վերահսկել դրանք և կարգավորել»,- նշեց Ալեքսանդր Ռարը: