Մոսկվան Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվել է. Դուբնով

«ԵՄ-Հայաստան նոր համաձայնագիրը չի արժանանա Մոսկվայի բարկությանը, քանի որ Մոսկվան պայմանավորվել է Սերժ Սարգսյանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը` անդրադառնալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Անդրեյ Սլեպնյովի դիտարկումներին, թե ԵՏՄ բոլոր ցուցանիշերն անկում են ապրում: Նա նշեց, որ ԵՏՄ-ի վերաբերյալ վստահորեն կարելի է միայն խաղադրույքներ անել, թե Վիետնամից հետո հաջորդը որ երկիրն է ազատ շուկայական հարաբերություններ ԵՏՄ-ի հետ ունենալու ցանկություն հայտնելու:

Ըստ նրա` հաջորդը կարող է լինել Մավրիկիան կամ մեկ այլ նման երկիր: «Շատ լայն է այն ցանկը, որը կարող է ամբողջացնել մեր միությունը: Բայց ռիսկի չէի դիմի ինչ-ինչ խաղադրույքներ անելու հարցում, ամեն դեպքում: Ուստի կարծում եմ, որ այսպիսի երկրների հետ մեր միությանը ոչինչ չի սպառնում: Կարծում եմ, որ անպայմանորեն կպահպանվի, նույնիսկ կընդլայնվի, հանդիսավոր կերպով այդ ամենը կկազմակերպվի, բայց տնտեսությանը դա վերաբերելու է այնպես, ինչպես այդ միության ստեղծումը: Այս հարցում լեզվակռիվը շարունակվելու է երկար ժամանակ: Բոլոր փորձագետները կանխատեսելու են՝ առևտրաշրջանառության անկումը շարունակվելու է, կյանքի մակարդակն ընկնելու է, ոչ մի էական բան չպետք է սպասել, կապրենք այդ միությունում՝ ինչպես վերջին տարվա ընթացքում: Այն ունենալու է բացարձակապեոս վատ արհեստական բնույթ մեր բոլորի համար, բայց շարունակելու է իր գոյությունը»,- մեկնաբանեց Դուբնովը:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հույսի մասին, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և Իրանի միջև` նա ասաց, որ այդ գաղափարներն իրագործելի չեն, քանի որ կամուրջների դեպքում անհրաժեշտ են ափեր: «Այս դեպքում Իրանի ափը տեսնում եմ, բայց մյուս ափը ճահճոտ է, անորոշ, և Սարգսյանի գործողությունները և գաղափարը կարող են իրագործվել միայն կիսով չափ»,- ասաց նա:

Անդրադառնալով առաջիկա օրերին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին և տեղեկություններին, թե միջոցառման ընթացքում տրվելու է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը` նշեց, որ Մոսկվան այդ հեռանկարներով, բնականաբար, հիացած չէ: Բայց նրա համոզմամբ Մոսկվան Սերժ Սարգսյանի հետ արդեն պայմանավորվել է, այսինքն` այդ հարցում կա պայմանավորվածություն:

«Ուստի կարծում եմ, որ այդ քաղաքական համաձայնագրի բովանդակությունը բացարձակապես որևէ նշանակություն չի ունենալու: Լինելու են հերթական ընդհանուր ձևակերպումները, որ Հայաստանը հանձնառու է իրականացնել բարեփոխումներ, պայքարելու է ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման և այլնի համար: Համաձայնագիրը կունենա նման ձևակերպումներ, և դրանց Մոսկվան լինելու է միայն համաձայն: Հայաստանը նման ձևաչափով կշարունակի իր համագործակցությունը Եվրոպայի հետ, այսինքն` այդ համագործակցությունը կունենա նման մի մակարդակ, որը քաղաքական կոչելը դժվար է: Ե՛վ Հայաստանը, և՛ ԵՄ-ն այս պարագայում կարող են իրենց թույլ տալ համագործակցություն միայն այն մակարդակով, որը թույլ չի տա այդ հարաբերություններին վերջնականապես մարել»,- մեկնաբանեց Վադիմ Դուբնովը:

Տեսանյութեր

Լրահոս