«Հայաստանը կարող է մոռանալ ԵՄ-ի մասին, քանի դեռ չի հեռացել ԵՏՄ-ից». Վիտալի Պորտնիկով
Հարցազրույց ուկրաինացի հեղինակավոր հրապարակախոս-վերլուծաբան Վիտալի Պորտնիկովի հետ
– Առաջիկա օրերին Ռիգայում կմեկնարկի ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի հերթական գագաթաժողովը, որի ժամանակ, ըստ մի շարք տեղեկությունների, առաջընթաց չի գրանցվելու նույնիսկ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդավայի հետ հարաբերություններում` չնայած Մոգերինին պնդում էր` ԱլԳ յուրաքանչյուր երկիր կստանա այն, ինչին ձգտում է։ Այնինչ ԵՄ-ն կարծես դանդաղում է։ Ի՞նչն է, ըստ Ձեզ, պատճառը։
– Կարծում եմ, որ Արևելյան գործընկերության քաղաքականության հարցում խոսել ընդհանուր բեկման մասին` շատ տարօրինակ է, քանի որ Արևելյան գործընկերության մաս են կազմում թե՛ այն երկրները, որոնք ցանկանում են հետագա մերձեցում Եվրոպական միության հետ (մինչև անգամ Ասոցացման համաձայնագրի ստորագրում և ԵՄ անդամակցության քարտեզի ձեռքբերում), այնպես էլ` այն երկրները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ հետագա մերձեցման դիրքերից և արդեն միացել են Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես Բելառուսն ու Հայաստանը։ Նաև այն երկրները, որոնք չեզոք դիրքորոշում ունեն, քանի որ չեն կողմնորոշվել իրենց աշխարհաքաղաքական ընտրության հարցում, դա Ադրբեջանն է։
Պատկերացնել, որ նման ծրագրի պարագայում կարելի է խոսել ընդհանուր առաջընթացի ձեռքբերման մասին` սխալ է, նշանակում է` չհասկանալ, թե ինչպես է կազմվում համաշխարհային քաղաքականությունը։ Իմ համոզմամբ` այս գագաթաժողովի ընթացքում կամ ընդհանրապես ծրագրի շրջանակներում առաջընթացի հնարավոր է հասնել միայն ինդիվիդուալ մակարդակում։ Հիմա առաջնահերթ է ԵՄ-ասոցիացված երկրներ հարաբերությունների խորացումն այն երկրների հետ, որոնք նպատակ ունեն միանալ Եվրոպական միությանը։ Պետք է սահմանափակվեն հարաբերություններն այն երկրների հետ, որոնք միացել են Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ մեկ երկիրը չի կարող գտնվել երկու ինտեգրացիոն գործընթացի մեջ` իրականացնելով երկու տարբեր արժեհամակարգի պահանջները, հատկապես այն դեպքում, երբ դրանք ամբողջությամբ հակադրվում են։
Դժվար է պատկերացնել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիրը պատրաստ է ընդունել եվրոպական քաղաքակրթության և ազատ շուկայի օրենքները` միևնույն ժամանակ ընթանալով կոռումպացված տնտեսության և ավտորիտար համակարգերի զարգացման ուղղությամբ։ Երբ տարիներ առաջ ձևավորվում էր «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, ԵՄ երկրների կողմից այն ընկալվում էր` որպես Ռուսաստանին առաջարկվող, այսպես ասած, կոմպրոմիսային տարբերակ. ԱլԳ-ն պետք է դառնար մի գոտի, որը կզարգանար եվրոպական արժեքների համաձայն, ԱլԳ երկրները պետք է ստորագրեին ասոցիացման համաձայնագրեր` պահպանելով ավանդաբար լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ, կարողանան նորմալ կերպով զգալ եվրոպական արժեհամակարգը` չոտնահարելով նաև Ռուսաստանի հետաքրքրությունները։
Հասկանալի է, որ այս միտքն արդեն տապալվել է, քանի որ ռուսական կողմը դրան որևէ կերպ չի ցանկանում համակերպվել, ուստի կոմպրոմիսներ այլևս պետք չեն։ Եվրոպական միության անդամ երկրներն ու ԱլԳ երկրները ստիպված են լինելու ընտրություն կատարել` կա՛մ ամուր եվրոպական շուկայի ձևավորում, որը կարող է ունենալ հստակ որոշակիացված սահման Ռուսաստանի և նրա արբանյակների միջև, կա՛մ բոլոր հետսովետական երկրների հետ համագործակցությունից հրաժարում, որը կհանգեցնի ԽՍՀՄ նոր ձևաչափի ձևավորման։ Իմ առաջարկը շատ պարզ է` հստակ և հասկանալի սահման այն երկրների միջև, որոնք պետք է միանան Եվրոպական միությանը և որոնք պետք է մնան Ռուսաստանի արբանյակի դերում։ Տնտեսական և քաղաքական կրախն այս երկրներում անխուսափելի է, ուստի սահմանները հստակ պետք է լինեն, այս երկրներում արձանագրվելու է քաղաքական, կառավարման և այլ ոլորտների կրախ` այս երկրների բնակչությունների համար անկանխատեսելի հետևանքներով։
– Ուկրաինան ի՞նչ է ակնկալում Ռիգայի գագաթաժողովից։ Մյուս երկրներում, հատկապես` Վրաստանում, հիասթափություն կա ԵՄ-ից, քանի որ ԵՄ-ն դեռ չի պատրաստվում ազատ վիզային ռեժիմ տրամադրել Վրաստանին, Ուկրաինան ԵՄ-ին իր նվիրվածության դիմաց ստանո՞ւմ է արժանին։
– ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի վիզային ռեժիմ, երբ Ուկրաինան իրականացնի իր առջև դրված բոլոր պահանջները` բարեփոխումների տեսքով։ Ուկրաինան պարտավորություններ է ստանձնել Եվրոպական միության առջև, դրանք իրականացնում է վաղուց, սակայն բավականին դանդաղ։ Ռիգայի գագաթաժողովը լավ առիթ էր դեկլարատիվ կերպով հայտարարելու համար, որ Ուկրաինան իր պարտավորությունները կատարել է և շարունակում է, այսինքն` գնահատվեր իրականացվածը։ Եթե դա տեղի չունենա Ռիգայում, չարձանագրվի Ռիգայի գագաթաժողովի դեկլարացիայում, ապա ազատ վիզային ռեժիմ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի մեկ այլ առիթի և հնարավորության դեպքում` ԵՄ-Ուկրաինա երկկողմ ձևաչափով։ Արևելյան գործընկերությունը, ըստ էության, այս ամենի հետ պրակտիկ կապ չունի։
Մեր մեջ պահպանվել է սովետական մտածելակերպը, որ ինչ-ինչ գործողություններ պետք է ինչ-ինչ ժամկետներում հասցնել իրականացնել։ Վիզային ռեժիմն ԱլԳ-ի հետ բացարձակապես կապ չունի։ Սա այս ծրագրի իրավասության սահմանում չէ, ԱլԳ օրակարգում չէ, չի դիտարկվել և չի դիտարկվելու ապագայում ևս։ Ռիգայի գագաթաժողովը մի օր է, երբ Ուկրաինայի նախագահը կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, իսկ ազատ վիզային ռեժիմ մեկ այլ օր կարող է սահմանվել։ Ես ասացի, որ ծրագրում տեսնում եմ խնդիրներ, և ծրագրի ապագա հաջողության համար այդ խնդիրները պետք է կարգավորվեն։
– Թեև Դուք, կարծես, հոռետես եք այդ հարցում, սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ-ԵՏՄ անդամակցությունից ամիսներ անց ևս կրկնում է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, ընդհուպ` համաձայնագիր ստորագրելով։ Սա կարծես չեն մերժում եվրոպացի պաշտոնյաները։ Եվրոպացի վերլուծաբանների կարծիքով` Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը թույլ տալով` ՌԴ-ն ԵՄ-ին ԵՏՄ անդամ պետության «անկախ արտաքին քաղաքական ընտրությունները» հանդուրժելու պատրաստակամություն կցուցաբերի։ Հնարավո՞ր է նման զարգացում։
– Չնայած բոլոր հայտարարություններին` պնդում եմ, որ ԵՏՄ անդամակցությունն ու Արևելյան գործընկերության գոտում լիարժեքորեն քաղաքական գործունեություն ծավալելն անհամատեղելի են։ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես` ՀՀ նախագահը, խաբում է իր ժողովրդին, եթե հայտարարում է, որ Հայաստանը Եվրոպական միությանը տարբեր մակարդակներով ինտեգրվելու կամ ասոցիացվելու հնարավորություն ունի։ Ո՛չ և ո՛չ, դա հնարավոր չէ։ Այն երկրները` Բելառուսն ու Հայաստանը, որոնք արդեն միացել են Եվրասիական տնտեսական միությանը, որոշակի սահմանափակ կանոնների ներքո կարող են գործել այլ երկրների ու միությունների հետ, սրանք բոլորովին անհամատեղելի երկու ինտեգրացիոն գործընթացներ են։ Ուստի այն երկիրը, որը միացել է Եվրասիական տնտեսական միությանը, կարող է մոռանալ Եվրոպական միության մասին վերջնականապես, քանի դեռ չի լքել այդ միավորումը։ Կարծում եմ, որ ՀՀ նախագահն իր ընտրությունն արդեն կատարել է, այն է` տնտեսական ինտեգրացիան Ռուսաստանի հետ։ Եվրոպական միության հետ տնտեսական, քաղաքական ինտեգրացիա Հայաստանը չի կարող ունենալ, քանի դեռ երկրի նոր իշխանությունները նոր որոշում չընդունեն և չլքեն այդ միությունը, չվիժեցնեն այդ միության հետ կնքված պայմանագիրը։