Պուտինը սպասում է, թե երբ Ուկրաինայի ներքին խնդիրներն Արևմուտքին կհարկադրեն երես թեքել նրանից. The New York Times
Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ուկրաինան գտնվում է սնանկության շեմին, երկրում սկսվել է քաղաքական դրդապատճառներով սպանությունների պատերազմը, ուժգնանում է նրա ներքաղաքական պայքարը: Այս ամենը տեղի է ունենում պատերազմի մշտական սպառնալիքի ֆոնին:
Ուկրաինայի նախագահի պաշտոնում Պյոտր Պորոշենկոյի ընտրվելուց մեկ տարի և Ուկրաինայի օրենսդիր նոր մարմնի երդում տալուց մեկուկես տարի անց Ուկրաինան շարունակում է խորապես խրված մնալ քաղաքական ու տնտեսական քաոսի մեջ:
Ուկրաինայի կառավարությունը չափազանց թույլ և փխրուն է, որպեսզի ձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ հանուն միասնական ու անկախ պետության: Տնտեսության անկումը շարունակվում է մեծ տեմպերով. 2015 թվականի առաջին եռամսյակին ՀՆԱ-ի անկումը կազմել է 17.6 տոկոս: Դեֆոլթից խույս տալու համար ուկրաինացի պաշտոնյաները տևական բանակցությունների մեջ են մտել վարկատուների հետ և ցայժմ գործարք չեն կնքել:
Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ամենամեծ հիասթափություններից մեկն այն է, որ Պորոշենկոն ու Յացենյուկը ցայժմ չեն կարողացել կատարել համատարած կոռուպցիան արմատախիլ անելու մասին իրենց խոստումները:
Ուկրաինայի խորհրդարանը, որում մեծամասնություն է կազմում եվրոպամետ կուսակցությունը, նախորդ ամիս քվեարկեց հատուկ հանձնաժողով ստեղծելու օգտին՝ հետաքննելու համար վարչապետին հասցեագրված այն մեղադրանքները, որ նրա գլխավորած կառավարությունը իբրև թե մասնակցել է ավելի քան 325 միլիոն դոլարի պետական միջոցներ յուրացնելուն: Կառավարությունն ու նրա համախոհները հերքում են այդ ամենը:
Շարունակվող անկարգությունները ցնցումներ են առաջացնում Ուկրաինայի կառավարության ու նրա եվրոպական դաշնակիցների և մասնավորապես Գերմանիայի ու Ֆրանսիայի միջև, որոնց առաջնորդներն օգնել են հասնելու հրադադարին և մեծապես հիասթափված են փոփոխությունների դանդաղ տեմպերից:
Արևմուտքը կանխատեսելի ագրեսիվ Ռուսաստանի հետ մեկտեղ ունի անկանխատեսելի ու անհուսալի Ուկրաինա, որը ներկայումս դիտարկվում է որպես այնպիսի երկիր, որին չի կարելի վստահել: ԵՄ-ում ասում են, իսկ ո՞ւր է իշխանության ապակենտրոնացումը, ի՞նչ պատահեց պարտավորությունները կատարելու հետ, ո՞ւր են բարեփոխումները:
Զարմանալի չէ, որ զգալիորեն նվազել է Ուկրաինայի կառավարության հանդեպ հասարակական վստահությունը: Բացի այդ, Պորոշենկոն ժողովրդի աջակցությունը վայելելու համար սկսել է սահմանափակել երկրի ամենախոշոր գործարարների ազդեցությունը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հովանավոր Դմիտրի Ֆիրտաշը, շատ հարմար է հարուստ մարդկանց քավության նոխազ դարձնելը: Թերթն ընդգծում է, որ Կիևի համար ամենաբարդ թեստը լինելու է կոռուպցիայի դեմ նրա պայքարը:
Նախկինի նման համակարգային փոփոխություններ չեն իրականացվել ո՛չ իրավապահ, ո՛չ էլ դատական համակարգերում: Մայդանի գլխավոր խոստումներից մեկը եղել է Հակակոռուպցիոն բյուրոյի ստեղծումը, որի հաստիքը պետք է կազմի 700 մարդ: Ապրիլի 16-ին Պորոշենկոն վերջապես ընտրեց բյուրոյի տնօրենին՝ կիևյան նախկին դատախազ Արտյոմ Սիտնիկին:
Թերթն ընդգծում է, որ իշխանությունների դանդաղելու պատճառով հնարավոր չեղավ Յանուկովիչի ու նրա շրջապատի միլիարդները հետ վերադարձնելը: Մյուս նախկին պաշտոնյաների ու պետական ընկերությունների նախկին ղեկավարների կոռուպցիոն գործունեության դեմ հետաքննությունը մեծապես կանգ է առել:
Այն ժամանակ, երբ Ուկրաինայի կառավարությունն ասում է, որ վախենում է ռուսամետ ուժերի նոր ներխուժումից, վերլուծաբանները կարծում են, որ ուկրաինական կողմը պետք է վախենա ինքն իրենից: Նրանց խոսքերով՝ Պուտինը հուսով է, որ իրեն կհաջողվի թուլացնել Ուկրաինան, սակայն եթե վերջինս թուլացնում է ինքն իրեն, ապա Պուտինը կարող է սպասել և նրա թուլությունից օգտվել ապագայում: