Համաստեղությունն ի՞նչ է իրականում
Գիշերային երկնքում աստղերը ճանաչելու և դրանում ավելի հեշտ կողմնորոշվելու համար դեռևս հնագույն ժամանակներից մարդիկ այն բաժանել են համաստեղությունների: Հին Հայաստանում բացատրել են կենդանակերպի անունները՝ ըստ այն բանի, թե Արեգակի գտնվելը դրանցից յուրաքանչյուրում ինչ ազդեցություն է գործում Երկրի վրա։
Հին հույների մոտ կար 48 համաստեղություն (ըստ Պտղոմեոսի՝ մ. թ. 2-րդ դար), այնուհետև, միջին դարերի աշխարհագրական ճանապարհորդություններից հետո, ավելացան հարավային երկնքի համաստեղությունները, մի շարք համաստեղություններ վերանայվեցին, և 1922թ. Միջազգային աստղագիտական միության համագումարում հաստատվեցին ներկայումս ընդունված 88 համաստեղությունները: Դրանց մեջ առանձնապես կարևորվում են, այսպես կոչված, կենդանակերպի (զոդիակ) 12 համաստեղությունները, քանի որ վաղուց նկատվել էր, որ Արեգակը տարվա ընթացքում տեղաշարժվում է դրանց միջով:
Իրականում համաստեղությունը որոշակի խմբի աստղերով նախանշված երկնքի տվյալ տիրույթն է, ոչ թե այդ աստղախումբը: Սակայն աստղադիտակների բացակայության պայմաններում նախկինում հենց միայն այդ պայծառ աստղերն էին համարվում տվյալ համաստեղության անդամները, և դրանց նկարվածքով էր պայմանավորվում համաստեղության անվանումը և հնարավոր դերը երկնային և երկրային իրադարձություններում: Աստղագիտական տեսակետից բացի, կենդանակերպի համաստեղությունները ներկայացնում են նաև աստղաբանական հետաքրքրություն, որի նպատակն էր՝ դրանց միջոցով փորձել գտնել մարդկանց բնավորության ու վարքի, ինչպես նաև՝ զանազան իրադարձությունների բացատրությունը և գուշակել մարդկանց ճակատագրերը:
Եթե առաջին տեսակի փորձերը կարող են որևէ լուրջ հիմք ունենալ և պայմանավորված են երկնային մարմինների ազդեցությամբ, ապա երկրորդը զուտ աստղագուշակություն է և կարող է դասվել նախնադարյան և միջնադարյան կեղծ գիտությունների շարքին:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ