«Այս խայտառակ խախտումներով հագեցած գործի մեջ ես որևէ խախտում չեմ բացառում»

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտակ Բուդաղյանի վերաբերյալ քրեական գործով հարցաքննվել են քննություն իրականացվող քննիչները: Երեկ մեզ հետ զրույցում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ նրանք հարցաքննվել են քրեական գործում անհամապատասխանությունների հետ կապված:

– Պարո՛ն Ալումյան, ի՞նչ ցուցմունք են տվել քննիչները դատարանում:

– Քննիչն ամեն անհամապատասխանության մասին ասում էր՝ շփոթվել ենք, սխալվել ենք, հոգնած ենք եղել, չենք նկատել, տառային վրիպակ է, թվային վրիպակ է: Բայց այդ վրիպակները չափից ավելի շատ են ու հատկապես` եթե հենց Սուրիկ Խաչատրյանի հեռախոսի վերծանումների հետ են կապված երկու դեպքում էլ: Շատ կասկածելի է, որ այդ աստիճանի հետևողականորեն վրիպում են քննիչները, բայց այդ նույն քննիչը դիմել էր դատարան, Սուրիկ Խաչատրյանի երեք մերձավորների հեռախոսահամարների լսման և ձայնագրման թույլտվություն էր ստացել 2013թ. հունիսի 14-ին:

Դատարանը թույլտվությունը տվել էր, գրել էր՝ թույլատրել 30 օրվա ընթացքում լսել և ձայնագրել այդ հեռախոսահամարների հեռախոսային խոսակցությունները, և նաև գրել էր՝ որոշումն ի կատար ածել անհապաղ: Նույն օրը քննիչը որոշումն անհապաղ տանում, մուտք է անում Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ դա պետք է իրականացվեր:

Կարդացեք նաև

Հետո քրեական գործի մեջ ոչ մի տվյալ չկա: Հուլիսի 30-ին քննիչն ինքն իրեն արձանագրություն է գրում, որ եղավ ԱԱԾ համապատասխան աշխատակիցների մոտ, և այնտեղ պարզվեց, որ տեխնիկական պատճառներով լսում ու ձայնագրություն չի կատարվել: Հիմա քննիչին հրավիրել էինք, տեսնեինք՝ նախ` այդ ո՞ր ստորաբաժանում է գնացել, որ իրենք ասել են, որ լսում չի կատարվել, ի՞նչ տեխնիկական պատճառով չի կատարվել: Մենք մեր տվյալներն ունեինք, որ քննիչն ԱԱԾ անգամ մուտք չի արել:

Իրենք էլ հավանաբար հասկացել էին, որ մենք այդ տվյալներն ունենք, քննիչը եկավ, ասաց, թե իբր ոչ թե մտել է ԱԱԾ, այլ գնացել է գլխավոր մուտքի մոտ, այնտեղ պահակներն ասել են՝ այստեղից չի կարելի մտնել, գնա ուրիշ մուտքի մոտ, գնացել է ուրիշ մուտքի մոտ, այնտեղ էլ ներս չեն թողել: Ասում է՝ մի կին եկավ, պատուհանի այն կողմից ինձ ասաց՝ գնացեք, մենք չենք կարողացել ձայնագրենք ու լսենք հեռախոսային խոսակցությունները տեխնիկական պատճառներով: Ասում է՝ դե ես էլ տեսա, որ այդ կինն այդպես է ասում, հետ եկա իմ կաբինետ և այդ արձանագրությունը գրեցի: Դուք պատկերացնո՞ւմ եք այս ցուցմունքի պրիմիտիվության աստիճանը: Ոչ մի գրություն ԱԱԾ-ից:

Խոսքը դատարանի որոշման մասին է: Ասում ենք՝ ներկայացա՞վ այդ կինը, ո՞վ էր այդ կինը, ասում է՝ չէ, չներկայացավ: Ասում եմ՝ գուցե նա այնտեղ քարտուղարուհի է, ասում է՝ ես չգիտեմ: Հիմա դուք պատկերացնում եք, չէ՞, կարևորագույն գործերով քննիչը, որը կարևորագույն գործ է քննում` Սուրիկ Խաչատրյանի հետ կապված, Ավետիք Բուդաղյանի սպանության հետ կապված, ու այս աստիճանի պրիմիտիվ բացատրություն է տալիս՝ ինքը գնացել է ԱԱԾ, պատուհանի այն կողմից ասել են՝ դատարանի որոշումը չի կատարվել, կարող ես գնալ, որոշումը տեխնիկական պատճառներով չի կատարվել, ու ինքն էլ եկել է: Սա պրիմիտիվ սուտ է, այսպես չի լինում, չի էլ կարող լինել:

Իսկ եթե սա ճշմարտություն է, ավելի վատ, որովհետև դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը չեն կատարում, ու բացատրություն էլ չեն տալիս, պատուհանից մի կին գալիս է, ասում է՝ չենք կատարել: Սա կամ սուտ է, կամ հիմարություն: Երկուսից մեկը:

– Սկզբնական շրջանում գործը քննած քննիչը ևս Ձեր միջնորդությամբ հրավիրվել էր դատարան՝ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ կատարված նշման հետ կապված:

– Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ պարզ գրված է, որ դեպքի վայրի զննության ընթացքը լուսանկարվել և տեսանկարահանվել է: Եկել է, ասում է՝ ոչ, չի տեսանկարահանվել: Ասում ենք՝ բա ինչպե՞ս է, որ այնտեղ գրված է՝ տեսանկարահանվել է: Ասում է՝ ես վրիպել եմ: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք այս մարդու ցուցմունքի տրամաբանությունը: Ինքն ասում է՝ վրիպել, գրել եմ, որ տեսանկարահանվել է: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ չտեսանկարահանվի, մեկը գրի, թե տեսանկարահանվել է:

Այդպիսի բան չի լինում: Կարող է լինել հակառակը՝ տեսանկարահանեն, բայց վրիպեն, այդ մասին նշում չանեն: Բայց որ տեսանկարահանում չլինի, ինչ-որ մեկը վրիպի, ասի՝ տեսանկարահանում է եղել, դա բացառված բան է: Իրականում տեսանկարահանում եղել է: Հիմա գործի միջից այդ տեսանկարահանման կրիչը բացակայում է, որովհետև, երբ սկսել են արդեն գործը կեղծել, կոծկել, ինչ-որ բան է տեսանկարահանված եղել, որն էականորեն խոչընդոտել է: Հիմա հանել են: Իրականում այդ խոսակցությունները (խոսքը Սուրիկ Խաչատրյանի ազգականների հեռախոսային խոսակցությունների մասին է.- Օ. Հ.) ԱԱԾ-ն չէր կարող լսած չլինել, ձայնագրած չլինել. դատարանի՝ ուժի մեջ մտած որոշում կա: Եթե հունիսի 14-ին այդ որոշումն իրենց մոտ մուտք է եղել, ու հանկարծ տեխնիկական խնդիրներ ունենային, ակնհայտ է, որ նույն պահին քննիչին տեղյակ կպահեին, չէ՞:

Մենք պնդում ենք, որ լսում ու ձայնագրություն էլ է եղել: Ուղղակի հետո այնպիսի բաներ են լսվել ու ձայնագրվել, որ, երբ որոշվել է, որ գործը պիտի փակվի, գործը պիտի կոծկվի, խնդիր է առաջացել այդ ձայնագրությունները մեջտեղից վերացնելու, և ընտրել են այս տարբերակը: Այս գործը բազմաթիվ այսպիսի դրվագներից է բաղկացած՝ կեղծիքներ, խեղաթյուրումներ, ստեր: Սա է ամբողջ պատկերը: Դատարանն ԱԱԾ-ին մեր միջնորդության հիման վրա հարցում է կատարել, թե այդ ի՞նչ տեխնիկական պատճառներ են առաջացել, որ այդ որոշումը չի կատարվել: Քար լռություն:

– Իսկ կա՞ ժամկետ, որի ընթացքում ԱԱԾ-ն պետք է պատասխանի հարցմանը, թե՞ կարող է նաև չպատասխանել:

– Գիտե՞ք ինչ, մեր իրականության մեջ, այս խայտառակ խախտումներով հագեցած գործի մեջ ես որևէ խախտում չեմ բացառում: Բայց եթե խոսքը գնար նորմալ դատաիրավական համակարգի մասին և ստանդարտ գործի մասին, իհարկե, պարտավոր էին պատասխանել, ու ես կբացառեի չպատասխանելը: Բայց, ինչպես տեսնում եք, այս գործի նկատմամբ այն աստիճանի ոչ ստանդարտ մոտեցումներ կան, որ ես ոչինչ այլևս չեմ բացառում:

– Դատաքննությունը ե՞րբ կավարտվի:

– Չգիտեմ: Ամեն ինչ կախված է այս վերջին փուլից: Կարող է պատահի` այնպիսի բաներ ի հայտ գան, որ նորանոր միջնորդություններ լինեն:

Տեսանյութեր

Լրահոս