Բաժիններ՝

Ինչի համար է Հայաստանը 240 հազար դոլար վճարելու ԱԶԲ-ին

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի վարկավորման հետ կապված՝ Հայաստանն Ասիական զարգացման բանկին ներկայումս պետք է հավելյալ վճարի շուրջ 240 հազար դոլար: Այս գումարը կապ չունի վարկի մայր գումարի և տոկոսադրույքների հետ: Սա կոմիսիոն վճար է վարկի չմասհանված գումարի դիմաց՝ տարեկան 0.15%:

168.am-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ գումարը մեծ չէ: Նա կարևորեց, որ հստակ ձևակերպում լինի, թե դա ինչ գումար է. «Սա ուշացման-չուշացման խնդիր չի: Մեր Տրանշ 1-ն արտոնյալ է, այնտեղ նախատեսված չէ որևէ պարտավճարի դիմաց գանձվող տոկոս: Տրանշ 2-ը և շարունակությունը, քանի որ սկիզբն էր, և Ասիական բանկն էլ էր հասկանում, որ այս մեկնարկը բարդ է և բոլոր մնացած տրանշերը նախատեսում են համանման պարտավճար: Սա նորմալ բանկային գործիք է, որ կիրառվում է նույնիսկ մասնավոր վարկերի դեպքում՝ վարկի տոկոսի հաշվարկման մեջ: Քանի որ, ըստ էության, վարկային գծի տրամաբանությունն է գործում, այսինքն՝ մասհանվող գումարները պարբերաբար են, և ոչ թե պետությունն ամբողջ վարկը միանգամից վերցնում է ու պահում որևէ տեղ, այլ ըստ փաստացի կատարողականների է վերցնում, այդ գումարները հասանելի պահելու համար բանկի ռիսկերի ամրագրումն է: Բանկը պետք է նախատեսի այդ գումարը, որ դուք կարողանաք մասհանեք ու հաշվարկի հնարավոր պարտավորությունների մեջ, այդ գործիքն է: «Վնաս», «տուգանք», «տույժ» եզրույթներն օգտագործելու կարիք չկա, քանի որ սա նորմալ վարկավորման պրոցեսի շրջանակում ռիսկերն ամրագրելու հարց է: Ժամանակին վերցնել-չվերցնելու խնդիր չկա: Խուսափելու տարբերակ չկա»:

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրով 2013թ. հունիսի դրությամբ ՀՀ կառավարությունն ԱԶԲ-ին Ծրագիր 2-ի գծով (վարկի չափը` 170 մլն դոլար) վճարել էր 425,026.4 ԱՄՆ դոլար պարտավճար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս