Սերժ Սարգսյանի որոշումը լեգիտիմ չէր

«Տեսանելի է ՌԴ-ի մարմաջը խափանել ԵՄ-ՀՀ հարաբերությունները»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագային ԵՏՄ անդամակցության ֆոնին:

Նրա խոսքով՝ Եվրոպայի հետ հարաբերությունների վերսկսումը կարևոր, սակայն ռիսկային է Հայաստանի համար, քանի որ Ռուսաստանը ճնշումների է ենթարկում, որպեսզի Հայաստանի աթոռի երկրորդ ոտքը` ԵՄ-ի հետ հարաբերությունները, որի վրա ՀՀ-ն նստած է, չլինի: Նրա համոզմամբ, ՀՀ-ն ամբողջությամբ վերցնելու ՌԴ մարմաջը տեսանելի է: «Հետևաբար գոնե մենք պետք է հասկանանք, որ զգուշավորությունը, ճկունությունը մի կողմից, բայց ԵՄ-ի հետ հարաբերությունների վերսկսկումը խորապես անհրաժեշտ է»,- նկատեց Ստյոպա Սաֆարյանը:

Բանախոսն ասաց, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն նախապես չեն հայտնում ապագա համաձայնագրի շրջանակը, քանի որ դա կարող է արգելափակել այդ համաձայնագրի կնքումը:

«Հետևաբար մի կողմից Երևանի, մյուս կողմից Բրյուսելի համար այնքան էլ գեղեցիկ չի լինի, որպեսզի նախապես հայտարարվի, որ թեկուզ ինչ որ բան ստորագրվելու է անկախ նրանից ինչ խորություն և ինչ բովանդակություն կունենա, դա տեղի չի ունենա, որը մեծ խայտառակություն կլինի, ուստի զգուշավորությունը հասկանալի է: Եթե որոշում ընդունվի, որ ՀՀ նախագահը մասնակցություն է ունենալու այդ գագաթնաժողովին, կարելի է ակնկալել, որ ինչ որ փաստաթուղթ կստորագրվի»,- նման կարծիք հայտնեց փորձագետը:

 

Խոսելով Հայաստանի սեպտեմբեր 3-յան որոշումից և կարծիքներից, որ այդ որոշումը Հայաստանի համար ճիշտ էր, լեգիտիմ էր, ասաց, որ ԵՄ-ն Հայաստանին չի մեղադրում իր որոշման համար: «Սերժ Սարգսյանի որոշումը լեգիտիմ չէր, քանի որ սեփական կամքով չէր և անակնկալ էր հասարակության և նրա թիմի մերձավորների համար»,- նշեց Սաֆարյանը: Նա հիշեցրեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հոդվածն այն մասին, որ Հայաստանը նայում է դեպի Եվրոպա և հիմնավորում է` ինչու ՀՀ-ն չի կարող դառնալ ԵՏՄ անդամ՝ պնդելով, որ այն չէր տպագրվել առանց Սերժ Սարգսյանի գիտության, դրանից հետո 180 աստիճան հակառակ զարգացումների դեպքում լեգիտիմության մասին չեն խոսում:

«Հայաստանի ընդունած որոշումը հասկանում են, ըմբռնում և ի գիտություն են ընդունում: Մենք հասել ենք այնպիսի մի մակարդակի, երբ չենք կարող ձևական ինչ-որ բաներ անել, իրական քայլեր պետք է լինեն, որովհետև համագործակցությունը հասել է այնտեղ, որ կա՛մ տնտեսական դաշտում ԵՄ-ի հետ ազատ առևտուր ունենանք, կա՛մ շարժունակության դաշտում առաջընթաց, ավիացիայի դաշտում, բաց երկնքի քաղաքականության, քաղաքական ինստիտուտների հարցում: Պետք է ունենանք կատարյալ ժողովրդավարական ինստիտուտներ, այսինքն` այս ամենը հասունացել է և պետք է արվի: Հայաստանը որևէ մեկը բաց թողնել, չի պատրաստվում և մենք տեսանք դա շաբաթներ առաջ ԱՄՆ-ի հետ առևտրատնտեսական շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ:

Շրջանակային համաձայնագիրն իրենից լուրջ փաստաթուղթ է ներկայացնում, տալիս է շրջանակներ, որի տակ կարելի է տեղավորել շատ այլ ոլորտներ, հետագայում դառնում է մայր փաստաթուղթ, ինչպիսին ԵՄ-ի հետ մեր ստորագրած Համագորակցության և գործընկերության մասին համաձայնագիրն է ու դրանից սկսվում է ոլորտային ու տարբեր տեսակի հարաբերությունների խորացումը:

Ի դեպ, այդ համաձայնագիրը ժամանակային առումով, թե անվանումով պատահական չէր ընտրված և տեղի ունեցավ Ռիգայի գագաթնաժողովին ընդառաջ: Որքան էլ դա դուր չգա դա Ռուսաստանին, կարող է ատամներ կրճտացնել, բայց ոչ խոսել: Ինչո՞ւ պետք է բողոքեն, երկկողմ համաձայնագիր է, նույն բանը Հայաստանն ունի Ռուսաստանի հետ և ավելի, ինչո՞ւ պետք է չկարողանա ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ նույն անել:

Քանի որ տնտեսական դաշտում ԵՄ-ի և ՀՀ-ի հարաբերությունների ստորագրման խնդիր կա, կարծես թե, նախադեպ է ստեղծվում, որ ինչ կարելի է անել ԱՄՆ-ի հետ, կարելի է անել Եվրոպայի հետ ևս, գոնե այդ չափով, պլյուս ոլորտային համագործակցությունը: Քանի որ ԵՏՄ-ի լիազորությունների շրջանակը գնալով փոքրացավ, մնացած մասը մնացել է օդում և մենք փաստորեն այլ հնարավորություններ ունենք, որոնք կարող ենք օգտագործել»,- մեկնաբանեց Ստեփան Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս