Բաժիններ՝

«Բնականաբար դիմադրություն կլինի…». ՀՀԿ-ական պատգամավորը՝ համայնքների խոշորացման հանրաքվեի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով համայնքների խոշորացման անհրաժեշտության մասին՝ նշեց, որ այս խնդիրը կա 1995-96 թվականներից, երբ ստեղծվում էին մարզպետարանները:

«Խոսքը ոչ միայն տարածքային  կառավարման միավորումների մասին է, խոսքը կառավարման համակարգի մասին է, և խոսքը նաև այն մասին, է որ գյուղ-մարզպետարան, տարածքային կառավարում, այս շղթան հավասարաչափ լինի, այդ բուրգը հավասարաչափ լինի: Այսօր կյանքն ապացուցեց, որ մարզպետարանները, ինչո՞ւ չէ, նաև գյուղերը, ունեն շատ մեծ թերությունները: Այսօր գյուղապետը շատ ավելի մեծ ֆունկցիաներ է կատարում, քան օրենքով վերապահված: Այսօր մարզպետարանները ֆունկցիաներ են վերցնում իրենց վրա, որոնք բացարձակ օրենքով նախատեսված չեն մարզպետարանի համար, այսինքն՝ կյանքը ցույց տվեց, որ տարածքային կառավարման և ինքնակառավարման մասին օրենքները ճշգրտվելու կարիք ունեն, այդ շղթան համաչափ դարձնելու անհրաժեշտություն կա»,- ասաց Լ. Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ այսօր արվում է մի բան, որը շարունակություն պետք է ունենա: Ըստ նրա՝ սա այն հարցը չէ, որն «անեն, հետո քանդեն, ասեն՝ սա լավ չէր, մյուսն անենք»: «Այսինքն՝ պետք է ձև ընտրենք, որը հետո կկատարելագործենք: Իմ անձնական կարծիքով՝ խոշորացումն անհրաժեշտ է»,- ասաց նա: Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինեն կիրակի օրը սպասվող համայնքների խոշորացման հանրաքվեի արդյունքները, Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Արդյունքները կարող է դժվարությամբ լինեն, բայց ժամանակի ընթացքում նրանք կհամոզվեն, որ դա ճիշտ է: Բնականաբար, դիմադրություն կլինի, որովհետև մարդը սովոր է նույն ձևով շարունակելուն, բայց կարծում եմ, որ առաջին քայլից հետո ավելի պարզ կերևա»:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք և Սյունիք մարզի Տաթև, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի համայնքներում խոշորացման նպատակով հանրաքվե կանցկացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս