Բաժիններ՝

«Արաբկիր» բ/կ-ում մահացած 2.5 տարեկան Լիա Միսակյանի գործով պաշտպանը միջնորդեց արդարացնել բժշկին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանն այսօր դատարանին միջնորդեց արդարացնել իր պաշտպանյալին:

Փաստաբանն ասաց, որ անհերքելի է, որ 2012 թվականի հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում անդառնալի ողբերգություն է տեղի ունեցել:

«Անհերքելի է, որ 2,5 տարեկան Լիա Միսակյանի մահն անասելի ցավ և տառապանքներ է պատճառել նրա ծնողներին, ընտանիքին, հարազատներին և՝ ոչ միայն նրանց: Դժվար թե այս ողբերգության հետ առնչված, անգամ դրա մասին տեղեկացած որևէ անձի ցնցած չլինի այն: Եվ քանի որ այդ ողբերգությունը տեղի է ունեցել հենց հիվանդանոցում, ուստի, բնականաբար, երեխայի ծնողներն արդարացիորեն հիմք են ունեցել մտածելու, որ երեխայի մահը, հնարավոր է՝ բժշկական անձնակազմի կողմից իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու կամ, այսպես ասած, բժշկական սխալի հետևանքով առաջացած լինի: Այդ կարծիքը հետագայում, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ վերածվել է համոզմունքի, որից հետո էլ, բնականաբար, նրանց մոտ ցանկություն և պահանջ է ձևավորվել, որ մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության: Որևէ մեկս չենք կարող վիճարկել և ասել, որ պահանջն արդարացի չէ, հատկապես, որ, ինչպես տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանն էր նշում, հետևողականորեն փորձում է հասնել այդ նպատակին, որպեսզի այլ երեխաներ նույնպես չունենան նույն ճակատագիրը:

Սակայն, քանի որ տուժողի իրավահաջորդը բժիշկ չէ և բժշկական խորը մասնագիտական գիտելիքներ չունի, ուստի դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս օրենքով սահմանված կարգով, համապատասխան մասնագետների ներգրավմամբ՝ պարզեն, թե արդյո՞ք երեխայի բուժմամբ զբաղվող բժշկական անձնակազմից որևէ մեկը մեղավոր է նրա մահվան մեջ, և եթե՝ այո, ապա կոնկրետ՝ ով և կոնկրետ ինչում է կայանում նրա մեղքը:

Կարդացեք նաև

Բայց ի՞նչ արեցին այդ նույն իրավապահ մարմինները՝ նախաքննական մարմինը, դատախազը և դատարանը (ես ինչո՞ւ եմ արդեն իսկ այս պահին դատարանին նշում. որովհետև ինձ համար միանշանակ պարզ է, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու: Դա լինելու է մեղադրական դատավճիռ): Արդյո՞ք նրանց բոլորի նպատակն այն էր, որ իրոք օբյեկտիվ քննություն և արդարադատություն իրականացվի: Ամբողջ նախաքննությունը և դատաքննությունը ցույց տվեց, որ՝ ոչ, նրանք այդպիսի նպատակ չեն էլ ունեցել, և սույն գործի ելքը կանխորոշված է եղել ի սկզբանե»,- ասաց փաստաբանը:

Երեմ Սարգսյանն ասաց, որ այս դեպքում ևս, ինչպես և վերջին շրջանում հասարակական հնչեղություն ստացած այլ քրեական գործերի պարագայում, այդ մարմիններն անտեսեցին օրենքն ու իրավաբանությունը և ամեն գնով փորձեցին հասնել նրան, որ գոնե որոշ բժիշկներ, այս դեպքում՝ Զարինե Այվազյանն ու Լիլիթ Վարդանյանը, ենթարկվեն քրեական պատասխանատվության: Դրանով, ըստ փաստաբանի, այդ մարմինները փորձեցին խուսափել տուժող կողմի դժգոհությունից և  քննադատությունից. «Իսկ նման վարքագծի ամենահիմնական պատճառը համաներման ակտի առկայությունն է, որը,  ազատազրկման դատապարտվելու դեպքում, բժիշկներին ազատում է պատժի կրումից: Սա այն դեպքերից է, երբ համաներման ակտը ոչ թե ի օգուտ ամբաստանյալների է, այլ՝ ի վնաս: Առավել պարզ լինելու համար՝ նշեմ, որ իրավապահ մարմինների՝ նախաքննական մարմնի, Դատախազության համապատասխան պաշտոնատար անձինք, ինչպես նաև՝ Դուք, հարգելի Դատարան, Ձեր խղճի հետ գործարքի են գնացել. առանց բժիշկների մեղքը հիմնավորելու՝ որոշել եք նրանց դատապարտել այդ հանցագործության կատարման համար՝ այդ կերպ խուսափելով հասարակական հնչեղություն ստացած այս գործով տուժող կողմի և, ինչո՞ւ չէ, հասարակության որոշակի հատվածի դժգոհություններից և քննադատությունից, իսկ մյուս կողմից՝ Ձեր խղճի առաջ Ձեզ փորձում եք արդարացնել նրանով, որ միևնույն է՝ բժիշկներն ազատազրկում չեն կրելու, քանի որ նրանց նկատմամբ համաներման ակտ է կիրառվելու»:

Երկրորդ պատճառը, ըստ փաստաբանի, այն է, որ այս քրեական գործն այլ գործերից տարբերվում է նրանով, որ իրավապահ մարմինների համապատասխան պաշտոնատար անձինք և հատկապես՝ նախագահող դատավորը, բացի իրավաբանական գիտելիքներ ունենալուց, պարտավոր էին ըմբռնել նաև բժշկության էությունը, որպեսզի ի վերջո կարողանային գնահատել ոչ միայն՝ բժշկական անձնակազմի ցուցմունքները, այլ նաև՝ իրար հակասող երկու դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացությունները:

Ըստ փաստաբանի՝ դա տեղի չունեցավ,  քանի որ ամբողջ դատաքննությունից պարզ դարձավ, որ այս քրեական գործով քննիչի, դատախազի և դատավորի կարիք էլ չի եղել, քանի որ քրեական գործի ելքը երկու փորձագետներ են որոշել՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացրած փորձագետը և կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն իրականացրած հանձնաժողովի նախագահը, քանի որ նրանց կողմից տրված եզրակացությունները և ցուցմունքներն են այդ մարմինների համար անվիճելի հիմք հանդիսացել, որ հաստատված համարեն բժիշկների մեղքը:

Երեմ Սարգսյանն ասաց, որ ինքը նույնպես որոշել էր հետևել գործով մյուս ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանի օրինակին և հրաժարվել դատարանում ճառով հանդես գալու իրավունքից, քանի որ լիովին կիսում է Գ. Հովհաննիսյանի դիրքորոշումը, որ դատարանը դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունի, որ առաջին իսկ պահից սկսած էլ իր խոսքերով և վարքագծով ակնհայտորեն մեղադրել է բժիշկներին և բժշկական անձնակազմին՝ իրենց պարտականություններն անբարեխիճ կատարելու մեջ: Բացի այդ, ըստ փաստաբանի՝ դատարանն ի սկզբանե անվերապահորեն, որպես անհերքելի ապացույց է ընդունել փորձագետների մի խմբի կողմից տրված՝ Զարինե Այվազյանին և Լիլիթ Վարդանյանին մեղադրող եզրակացությունները, ինչպես նաև՝ նույն փորձագետների ցուցմունքները, որոնք, նրա գնահատմամբ՝ խիստ թերի են և չհիմնավորված, իսկ ամենաէական հանգամանքների դեպքում էլ հակասում են միմյանց:

Փաստաբանն անդրադարձավ դիակի դատաբժշկական և կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների եզրակացություններին, ինչպես նաև փորձագետներ Գագիկ Հարությունյանի և Ս. Սևոյանի ցուցմունքներին՝ նշելով, որ դրանք, մեղմ ասած, թերի են, իսկ որոշ դեպքերում էլ՝ անհեթեթ:

Երեմ Սարգսյանն ասաց, որ  փորձաքննության եզրակացության մեջ նշվել է. «Եթե ի սկզբանե ճիշտ գնահատվեր Լ.Միսակյանի առողջական` օբյեկտիվ վիճակը, կազմակերպվեր ճիշտ հետազոտություններ, կատարվեր ճիշտ և ժամանակին ախտորոշում և համապատասխան բուժում, ապա չի բացառվում, որ հնարավոր լիներ կանխել հիվանդության  արագ և հարաճուն բացասական պրոգրեսիվող ընթացքը, սակայն հարկ է նշել, որ անգամ այդպիսիք կատարվելու պարագայում էլ միանշանակ ասել, թե արդյո՞ք բուժումը կարող էր լինել համապատասխան էֆեկտիվ` հնարավոր չէ»:

«Այստեղ անհնար է չնկատել, որ փորձագիտական հանձնաժողովը խուսափել է նշել, որ առկա է անմիջական պատճառական կապ բժիշկների գործողությունների կամ անգործության և Լիա Միսակյանի մահվան միջև, քանի որ որևէ այդպիսի հիմնավորում չեն կարողացել ներկայացնել, ի տարբերություն փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի, ով, ի տարբերություն հանձնաժողովի, դատարանում գրեթե պնդում էր, որ այդ կապն առկա է: Նշվածի հիման վրա տրամաբանական հարց է ծագում. եթե այդ անմիջական պատճառական կապը հաստատված է համարել նաև փորձագիտական հանձնաժողովը (այն ժամանակ՝ նաև Գագիկ Հարությունյանը, այլ ոչ թե սուբյեկտիվ կարծիք է հայտնում), ապա ինչո՞ւ այդ մասին ուղղակիորեն չի նշվել եզրակացության հետևություններում: Միակ պատասխանն այն էր, որ հանձնաժողովը նախազգուշացված է եղել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին, ուստի այդպիսի ակնհայտ կեղծիք չէին կարող նշել, իսկ Գ.Հարությունյանը դատարանում հարցաքննվել է՝ որպես փորձագետ, և զուտ իր կարծիքի համար չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ուստի և դիմեց այդ խաբկանքին, ինչը, ցավոք, կրկին անվերապահորեն ընդունվեց մեղադրողի և դատարանի կողմից»,- ասաց Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ փորձագետի հարցաքննությունը չի կարող փոխարինել փորձագետի եզրակացությանը:

«Այսինքն՝ որևէ նշանակություն չունի, թե ինչ է դատարանում հայտնել փորձագետ Գագիկ Հարությունյանը, քանի որ, եթե նրա հայտնած հանգամանքները նշված չեն հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունում, ապա նրա ցուցմունքը չի կարող այն փոխարինել»,- ասաց նա:

Երեմ Սարգսյանն ասաց, որ  կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետևությունների 2-րդ կետում հանձնաժողովը նշել է. «Նշանակված բուժումները հիմնականում եղել են ոչ հակացուցված, սակայն հարկ է նշել, որ հիմնավորված չէ ընդունվելու ժամանակ նշանակված «դեքսամետազոն» տեսակի դեղամիջոցը, քանի որ բացակայում են օբյեկտիվ վիճակի համապատասխան ցուցմունքերը՝ օրինակ՝ շնչառության հաճախությունը»: Փաստաբանի խոսքով՝ Լիա Միսակյանի հիվանդության պատմագրի համաձայն՝ ընդունման օրը նրան «դեքսամետազոն» տեսակի դեղամիջոց չի նշանակվել, այլ այն նշանակվել է երրորդ օրը՝ 2013թ. դեկտեմբերի 2-ին:

«Այս կապակցությամբ պաշտպանության կողմը փորձագետ Գագիկ Հարությունյանին համապատասխան հարցեր ուղղեց 29.05.2014թ. դատական նիստում: Վերջինս հասկանալով փորձագիտական հանձնաժողովի ակնհայտ թերությունը, փորձեց այն նույնպես վերագրել Լիա Միսակյանին բուժող բժիշկներին, որպիսի նպատակով էլ պատասխանեց, թե այնքան աղքատիկ է հիվանդության պատմագիրը, որ  անգամ հանձնաժողովի անդամների հետ քննարկման ժամանակ են մտածել, որ առաջին օրն է նշանակվել:  Բավարար է միայն ևս մեկ անգամ զննել հիվանդության պատմագիրը, և ակնհայտ կդառնա փորձագետի պատասխանի անհեթեթությունը, քանի որ «դեքսամետազոն» դեղամիջոցի նշանակման մասին նշված է միայն պատմագրի 7-րդ թերթի հակառակ երեսի ստորին հատվածում, որից անմիջապես վերևում նշված է, որ այդ գրառումը կատարված է 02.01.2013թ.-ին,- ասաց փաստաբանը՝շարունակելով,-  Եթե սա փորձագիտական հանձնաժողովի կողմից կատարված ակնհայտ կեղծիք չէ, ապա մնում է մտածել, որ այդ հսկայական հանձնաժողովն այնքան մակերեսորեն և ձևականորեն է մոտեցել սույն փորձաքննության կատարմանը, որ դրա բազմաթիվ անդամներից գոնե մեկը չի նկատել, որ այդ նշանակումը կատարված է ոչ թե ընդունման պահին, այլ դրանից երկու օր անց՝ 02.01.2013թ.-ին, և այն թերություն գնահատելով՝ վերագրել են երեխային ընդունող բժշկին: Այսքանից հետո ինչպե՞ս պետք է համոզված լինենք, որ մնացած հետևությունները նշելիս՝ նույն մակերեսային մոտեցումը չեն ցուցաբերել, հատկապես, որ այդ հետևությունները հիմնավորող որևէ գրականություն կամ մեթոդիկա էլ չեն նշել եզրակացության մեջ»:

Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաև փորձաքննության եզրակացության այլ հատվածների և հանձնաժողովի նախագահի ցուցմունքների այլ հատվածների: Փաստաբանի խոսքով՝ այս պայմաններում դատարանն ուղղակի պարտավոր էր հաստատել այդ եզրակացության՝ որպես ապացույց, անթույլատրելիությունը, կամ գոնե կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն նշանակել: Սակայն, ըստ նրա, դրա փոխարեն, դատարանն առանց որևէ հիմնավորման՝ մերժեց իրենց միջնորդությունը՝ նշված եզրակացության՝ որպես ապացույց, անթույլատրելիությունը հաստատելու վերաբերյալ: Ըստ նրա՝ այդ միջնորդությունը մերժվել է՝ առանց որևէ պատճառաբանության:

Երեմ Սարգսյանն ասաց, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը նույնպես թերի է և չհիմնավորված, որ խախտվել են այն կատարելու դատավարական կանոնները, և, որ այն որպես ապացույց՝ անթույլատրելի նյութ է:

Փաստաբանն ասաց, որ 1,5-2 տարի տևած նախաքննությունից և դատաքննությունից հետո մեղադրողը հայտարարում է, որ թոքաբորբը կարող էր պարզվել միայն կոնկրետ արյան անալիզի արդյունքով, ինչն էլ դրել է նաև իր մեղադրական ճառի հիմքում, «այն դեպքում, որ դատաքննությամբ հաստատվեց, որ արյան անալիզների արդյունքներով թոքաբորբ հնարավոր չէ պարզել և ախտորոշել, դրա համար անհրաժեշտ է կոնկրետ ախտանիշերի համակցություն, ինչը հաստատեց անգամ փորձագետ Գագիկ Հարությունյանը»:

Երեմ Սարգսյանն ասաց նաև, որ նախաքննությամբ և դատաքննությամբ պարզվել և հաստատվել է, որ հիվանդանոցում գործող կարգի համաձայն՝ արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում՝ լաբորատորիայից դրանք բերելու պարտականությունը կրել է հիմնականում մայրապետը, երբեմն՝ նաև բուժքույրը, իսկ բժիշկն այդ արդյունքները նախատեսվածից շուտ ստանալու համար լաբորատորիա դիմել է խիստ անհրաժեշտության դեպքում:

Ըստ նրա՝ պարզվել է, որ Լիա Միսակյանի նախնական ախտորոշումը ճիշտ է դրված եղել, 2012թ, դեկտեմբերի 31-ին և 2013թ. հունվարի 1-ին կատարվել է ախտորոշված հիվանդությանը համապատասխան և ցուցված բուժում. « 01.01.2013թ. հանդիսանալով «Արաբկիր» բ/կ հերթապահ բժիշկ, Զարինե Այվազյանն այդ օրը սպասարկել է 107 հիվանդի (համապատասխան փաստաթուղթը կցված է գործին), որի դեպքում, նույնիսկ նրանցից յուրաքանչյուրին 10 րոպե տրամադրելու դեպքում՝ Զ.Այվազյանին անհրաժեշտ է եղել  մոտ 17 ժամ ժամանակ, ուստի այս ծանրաբեռնվածության պայմաններում վերջինս ոչ թե բացահայտ անգործություն է ցուցաբերել, ինչպես նշված է մեղադրանքում, այլ գործել է սահմանված կարգով` սպասելով, որ արյան ընդհանուր քննության արդյունքները պատրաստ լինելուն պես՝ մայրապետն այն կբերի բաժանմունք և կհանձնի իրեն, ինչը տեղի չի ունեցել»:

Ըստ փաստաբանի՝ մեղադրողը, առանց որևէ հիմնավոր վերլուծության և հիմնավոր ապացույցի, անտեսելով վերը նշված բոլոր թերությունները և հիմնավորումները, իր ճառում նշել է, թե առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, և միջնորդեց, որ դատարանը հիմնական պատժի հետ միաժամանակ նաև լրացուցիչ պատիժ նշանակի Զարինե Այվազյանի նկատմամբ և 2 տարի ժամկետով զրկի նրան մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքից: «Սակայն, բնականաբար, չհիմնավորեց, թե ինչո՞ւ է նման պատիժ միջնորդում, և չէր էլ կարող հիմնավորել, քանի որ երեխայի մահվանից հետո, անգամ մեղադրանք առաջադրելուց հետո, Զարինե Ավազյանի պաշտոնավարությունը թեկուզ ժամանակավորապես չի դադարեցվել, և նա մինչ օրս էլ ստացիոնար կարգով աշխատում է նույն հիվանդանոցում, ամսական մի քանի անգամ հերթապահություն է իրականացնում, որի ընթացքում նրա հսկողությանն են հանձնվում մի քանի բաժանմունքների հիվանդ երեխաներ, այդ թվում՝ ծանր վիճակում գտնվող, այս ողջ ընթացքում նրա կողմից որևէ թերացում կամ բացթողում չի արձանագրվել և որևէ բողոք չի ներկայացվել հիվանդների հարազատների կողմից: Ընդհակառակը, առկա են բազմաթիվ շնորհակալական նամակներ, որոնցից մի քանիսը պաշտոնական ընթացակարգով ստացվել են հիվանդանոցից և ներկայացվել դատարան: Բացի այդ, դատարան է ներկայացվել նաև Զարիեն Այվազյանի բնութագիրը՝ տրված  աշխատանքի վայրից, որում վերջինս բնութագրվում է դրականորեն»,- ասաց փաստաբանը:

Հանդես գալով ռեպլիկով՝ մեղադրողն ասաց, որ տպավորությունն այն էր, որ այս 1 տարի տևած դատավարության առարկան ոչ թե Լիա Միսակյանի մահվան փաստով բժիշկների գործողություններն են, այլ փորձագետ Գագիկ Հարությունյանի և մյուսների գործողությունների քննարկումը: Նա անդրադարձավ փաստաբանի մի քանի փաստարկներին, ապա նշեց. «Չի կարելի քննարկել փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքում թոքի 2 կտոր 5-ի փոխարեն վերցնելը՝ այն դեպքում, երբ ողջ երեխայի արյան անալիզները պատրաստ՝ իր պաշտպանյալը, կոպիտ ասեմ, լայաղ չի էլ արել ծանոթանալ»: Նա նշեց, որ առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ հիմնավոր է:

Մահացած երեխայի հայրը՝ Գերոգի Միսակյանը, ով նրա իրավահաջորդ է ճանաչվել, ասաց. «Բացթողումներից որ խոսում եք՝ այս դատաբժիշկն այսպիսի բացթողում է արել, մի հատ հարցիս պատասխանեք՝ ի՞նչ է արել Զարինեն: Մի բուժում, մի  լրացում: Ինչ-որ բան ասեք՝ այս բանն արել է»:

Նշենք նաև, որ այսօր դատարանը մերժեց Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը՝ վերսկսել դատաքննությունը, հետազոտել և քրեական գործին կցել մի շարք փաստաթղթեր: Փաստաբանն էլ ասաց, որ չէր էլ կասկածում, որ նման որոշում է կայացվելու, և հայտարարեց, որ դատարանն անօրինական որոշում կայացրեց:

Դատական նիստը կշարունակվի հունիսի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս