Ինչո՞ւ ԵՄ-ն փոխեց Ռիգայում կայանալիք ԱլԳ գագաթաժողովի օրակարգն Ադրբեջանի և Հայաստանի համար
«Ռիգայում Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման ոչ այնքան բովանդակությունն է կարևոր, որքան Եվրոպայի հետաքրքրվածությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, քաղաքագետ Կայծ Մինասյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ռիգայում կայանալիք հնարավոր հանդիպմանն ու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի պնդումներին, թե նախագահները պատրաստ են բանակցությունների:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հետ նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքները՝ ասել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը:
Խոսքն անցած շաբաթ կայացած հանդիպման մասին է, որի ընթացքում Ջ. Ուորլիքն ու Ս. Սարգսյանը զրուցել են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Նախագահների հնարավոր հանդիպման ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն երկու նախագահներն էլ հայտնել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը, և այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- նշել է Ուորլիքը: Սակայն եվրոպացի անանուն պաշտոնյաների հղում կատարելով՝ միջազգային մամուլը գրում է, որ մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում, հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:
Կայծ Մինասյանն ասաց, որ հանդիպումը չպետք է դիտարկել՝ որպես բացառիկ երևույթ, հատուկ իմաստ ունեցող հանդիպում կամ անպայմանորեն դրական քայլ, քանի որ, վերլուծաբանի համոզմամբ, բանակցությունները գրեթե փակուղում են, թեև երկու կողմերը ցանկանում են շարունակել բանակցությունները, բայց բովանդակությունն անհայտ է: Ըստ Մինասյանի` հանդիպմամբ կողմերը ցանկանում են ցույց տալ, թե պատրաստ են խաղաղության, սակայն իրականում երկու կողմերն էլ չեն ցանկանում որևէ զիջման գնալ, խոսքը հատկապես Ադրբեջանի մասին է: Ըստ նրա, կողմերը չեն ցանկանում բանակցությունների բովանդակության շուրջ համաձայնության գալ, որովհետև բովանդակությունը թույլ է կամ անորոշ:
«Օրինակ` Ֆրանսուա Օլանդի այցը Երևան և Բաքու ցույց է տալիս, որ Ֆրանսիան՝ իբրև համանախագահ երկիր, ավելի ակտիվ ու աշխույժ է, քան ամերիկյան կամ ռուսական կողմերը: Թերևս, ամերիկացիները՝ իբրև բարեկամ Ֆրանսիայի, և ռուսները՝ որպես շահագրգիռ կողմ, ցանկանում են օգտվել և քաջալերել այդ գործընթացը, բայց կարևորն այն է, որ Ռիգայի գագաթաժողովից հետո այդ հանդիպումը պետք է կազմակերպվի, և դա ցույց է տալիս, որ եվրոպացիների համար կարևոր են այդ բանակցությունները: Սա է ամենահետաքրքրականը, բայց ոչ այնքան՝ բանակցությունների բովանդակությունը: Ավելի կարևոր է հակամարտության նկատմամբ եվրոպացիների վերաբերմունքը, քան բանակցությունների բովանդակությունը: Սա ցուցանիշ է, որ Արևմուտքն ավելի աշխույժ աշխատանքի է պատրաստ: Բայց, կարծեմ, ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ հանդիպումը, քանի որ բանակցությունների բովանդակությունն անորոշ է»,- ասաց Կայծ Մինասյանը:
Ֆրանսաբնակ վերլուծաբանը խոսեց մեկ այլ հանգամանքի մասին ևս: Նրա կարծիքով` Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը չէին ցանկանա մասնակցել Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին, եթե այս առաջարկը չհայտնվեր սեղանին: «Նրանք կարծում էին, թե Ռիգայի գագաթաժողովը հակառուսական բնույթ է կրելու: Սերժ Սարգսյանն ու Ալիևը չէին ցանկանում մասնակցել այդ ժողովին, եթե այդ հանդիպումն օրակարգում է, ապա Ռիգա մեկնելու համար պատճառ կա և օրինական է:
Հանդիպումից էական արդյունքներ չեմ սպասում: Սա նախագահների համար հարմար առիթ է՝ ցույց տալու, որ իրենք պատրաստ են խաղաղության, բայց գիտենք, որ խաղաղության բովանդակությունն իրենց համար տարբեր է, ընդհանուր պատկերացում գոյություն չունի, որովհետև կողմերը տարբեր մոտեցումներ ունեն: Ադրբեջանում Եվրոպական խաղեր պետք է կազմակերպվեն հունիս ամսին, ադրբեջանցիները ցանկանում են ցույց տալ, որ Բաքուն խաղաղության կողմից է, քանի որ վախ ունի, որ եվրոպացի նախագահները, վարչապետները չեն մասնակցի խաղերին, որովհետև Ադրբեջանը ոչ ժողովրդավարական երկիր է: Ադրբեջանցիները վախենում են, որ շարժում կսկսվի իրենց դեմ, իսկ հայաստանցիները շատ սովորական կերպով և շատ հանգիստ կերպով են գնում Ռիգա, քանի որ այդ օրակարգը կա»,- մեկնաբանեց Կայծ Մինասյանը:
Վերջինս չի բացառում նաև, որ Ռիգայում Հայաստանն ու ԵՄ-ն փաստաթուղթ կստորագրեն, և այդ ժամանակ Հայաստանի համար նոր դուռ կբացվի դիվանագիտության ոլորտում: «ՀՀ-ն՝ լինելով ԵՏՄ անդամ, ԱՄՆ-ի հետ վերջերս տնտեսական համաձայնագիր ստորագրեց, եվրոպացիների հետ ևս հավանական է նույն համաձայնությունը՝ մի փոքր փոփոխված և հագեցած քաղաքական համագործակցությամբ: Այսկերպ ՀՀ-ն հավասարակշռելով՝ բոլոր կարևորագույն գործընկերների հետ նույնատիպ համաձայնագրեր է կնքում՝ ցույց տալու համար, որ ԵՏՄ անդամակցությունը ոչինչ չի նշանակում»,- ասաց Կայծ Մինասյանը: