«Այս պայմաններում անգամ սուպերմեն վարչապետը չի կարող գլուխ հանել». Խոսրով Հարությունյան
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը «արդարացիորեն» ձեռնամուխ է եղել ամբողջ իրավական, քաղաքական, սահմանադրաիրավական, սահմանադրաքաղաքական համակարգի արդիականացմանը:
Այս կարծիքին է Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության (ՀՔԴ) նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ հայտնեց: Այնուամենայնիվ, ՀՔԴ-ն ունի որոշակի առարկություններ և դրանք առաջարկների տեսքով ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Խ. Հարությունյանի խոսքով, շատ կարևոր է, որ հանձնաժողովն արձանագրել է, որ պետական իշխանության արդյունավետությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքով՝ կա գործառույթ, պետք է հստակ ամրագրված լինի այդ գործառույթի իրականացման պատասխանատու մարմինը:
«Մենք այստեղ մի փոքր այլ պատկերացում ունենք, մենք գտնում ենք, որ պետք է արձանագրվի այս պարզ թեզը, որ պետական իշխանությունը պատասխանատվություն է, եթե դուք գրում եք՝ գործառույթ, ինստիտուտ, լիազորություն, մեր պատկերացմամբ՝ լիազորությունը միշտ ասոցիացվում է իրավունքի հետ, և պատասխանատվությունը մղում է երկրորդ պլան»,- նշեց Խ. Հարությունյանը: Նա կարծում է՝ սոցիալական պետության հիմնական հատկանիշը ոչ այնքան՝ սոցիալական արդարության ինստիտուտների ապահովումն է, որքան տնտեսական համակարգը՝ սոցիալական պետության հիմքում.
«Տնտեսական համակարգը պետք է լինի սոցիալական, շուկայական համակարգ, որտեղ պետական իշխանությունը երաշխավորում է ազատ մրցակցություն»: ՀՔԴ-ն առաջարկում է Սահմանադրությամբ ամրագրել, որ կառավարությունը ձևավորվում է ԱԺ-ի մեծամասնության կամ քաղաքական կոալիցիայի կազմից, ոչ թե նրանց հավանությամբ, համաձայնությամբ.
«Սա նշանակում է, որ կուսակցության ղեկավարները, որոնք ստանձնում են պատասխանատվություն կուսակցության ցուցակների կազմման և համագումարում նախընտրական ցուցակների մշակման համար, միանգամից կհասկանան, որ կուսակցության ցուցակի առաջին կետերում, այն անցողիկ մասերում պետք է ընդգրկվեն մարդիկ, որոնք պրոֆեսիոնալներ են, և որոնք ունակ են վաղը չէ մյուս օրը հաջողություն արձանագրելու դեպքում՝ գնալ կառավարություն՝ աշխատելու: Իսկ այսօր գործող կարգի համաձայն՝ մարդիկ ընտրվում են, հետո համաձայնում են՝ ինչ-որ մեկը նշանակվի վարչապետ կամ նախարար»:
Խ. Հարությունյանը նաև նշեց, որ իրենց կարծիքով՝ Սահմանադրության մեջ պետք է ամրագրվի, որ պետք է լինի վարչապետ և 3-4 փոխվարչապետներ: Նրա խոսքով՝ այսօր մենք ունենք 1 փոխվարչապետ, և ամբողջ պատասխանատվությունն ընկած է վարչապետի վրա. «Վարչապետն աչք չի բացում ամենօրյա քննարկումներից: Ըստ էության, վարչապետն ընթացքի օպերատիվ աշխատանքով է զբաղվում, մինչդեռ նա պատասխանատու է իր կառավարության երկարաժամկետ, միջին ժամկետ, հեռահար քաղաքականության մշակման համար, իսկ նա ժամանակ էլ չունի դրանով զբաղվելու: Կառավարման տեսությունը ենթադրում է, որ օպտիմալ կառավարման համար հարկավոր է, որ ցանկացած կառավարիչ 7-11 ուղղակի կոնտակտներ ունենա: Այս պայմաններում անգամ սուպերմեն վարչապետը չի կարող գլուխ հանել»: