Որո՞նք են այս տարի ակնկալվող ամենախոշոր ներդրումային ծրագրերը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունենալով Ծաղկաձորում ապրիլի 17-19-ն անցկացվող «Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգը. նորարարություն, զարգացում, իրագործում» խորագրով միջբուհական ուսանողական գիտաժողովին, նշել էր, որ չնայած որոշ կանխատեսումներին՝ ՀՀ տնտեսությունն աճ կարձանագրի։
«Համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015 թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,- ասել էր վարչապետը։ Այս կապակցությամբ «168 Ժամը» մի քանի գրավոր հարց էր ուղղել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ կապված ներդրումների և ներդրումային ծրագրերի հետ։ Ներկայացնում ենք մեր ուղարկած հարցերն ու էկոնոմիկայի նախարարության պատասխանները։
168 Ժամ.- Խնդրում ենք նշել մի քանի առավել խոշոր ներդրումային ծրագիր, որոնք ընթացքի մեջ են (կամ՝ իրատեսական հնարավորություններ ունեն) և կարող են աշխուժացնել ՀՀ տնտեսությունը։
ԷՆ.- 2014 թվականից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի տարածքում մասնավոր և պետական ենթակառուցվածքային ներդրումային ծրագրերի հավաքագրմանը և ներդրումային բազայի ստեղծմանը:
Ներկա դրությամբ արդեն ունենք տարբեր ոլորտներ ընդգրկող (ագրոբիզնես, զբոսաշրջություն, տրանսպորտ, քաղաքաշինություն, էներգետիկա և այլն) ներդրումային ծրագրերի բազա, որն օգտագործվում է ըստ անհրաժեշտության. ծրագրերը տրամադրվում են օտարերկրյա ներդրողներին և համապատասխան մարմիններին բոլոր հնարավոր խողովակներով` Արտաքին գործերի նախարարության, դիվանագիտական և առևտրական ներկայացուցիչների միջոցով, տարբեր երկրներ պաշտոնական և աշխատանքային այցերի, անձնական հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ժամանակ, և այլն:
Ստեղծված ներդրումային բազայում ներառված են մոտ 5 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ու մոտ 560 միլիոն դոլարի մասնավոր ծրագրեր, որոնք իրատեսական են և ունեն առաջիկայում իրականանալու ներուժ և միտում:
Ընթացքում գտնվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերից են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը (Ծրագիր 1, 2, 3` 400 մլն ԱՄՆ դոլար), քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը (Ծրագիր 1` շուրջ 50 մլն ԱՄՆ դոլար), էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրերը (շուրջ 110 մլն ԱՄՆ դոլար), ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ծրագրերը (շուրջ 70 մլն ԱՄՆ դոլար), ենթակառուցվածքների կայունության աջակցման ծրագիրը (շուրջ 49 մլն ԱՄՆ դոլար), կենսական ճանապարհների ցանցի բարելավման ծրագիրը (շուրջ 45 մլն ԱՄՆ դոլար):
Մասնավոր նախաձեռնություններից են Գլաս Ուորլդ Քամփնի (1.75 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ) ներդրումային ծրագիրը, Արմենիա վայն գործարանի ծրագիրը (շուրջ 2.57 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ), հանքարդյունաբերության ոլորտում Թեղուտի ներդրումային ծրագիրը (2.7 մլրդ ՀՀ դրամ), «Ամուլսարի» ներդրումային ծրագիրը (մոտ 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), Ռուսալ Արմենալ ծրագիրը (մոտ 4 մլրդ ՀՀ դրամ), էներգետիկայի ոլորտում` Կոնտուր Գլոբալ ընկերության ծրագիրը (250 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ), տարբեր ջերմոցային տնտեսությունների (մոտ 200 հա) ներդրումային ծրագրերը (մոտ 25 մլրդ ՀՀ դրամ), «Ռեդիսոն Բլյու Հոթել» Երևան հյուրանոցի կառուցման (140 սենյակ) և բազմաթիվ այլ ներդրումային ծրագրեր: Վերոնշյալ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում նախատեսված է ստեղծել մոտ 2700 նոր աշխատատեղ:
Այս տարվանից գործում է «Մերիդիան» ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտին, որի ստեղծման արդյունքում արդեն իսկ կատարվել են մոտ 14 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ, ինչպես նաև՝ ստեղծվել են 120 նոր աշխատատեղեր:
– Որքա՞ն են կազմել ՀՀ տնտեսության մեջ 2015 թվականի հունվար-մարտ ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները և տոկոսային առումով՝ ի՞նչ փոփոխություն են կրել 2014-ի հունվար–մարտի համեմատ։
– Օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը վարում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) վերաբերյալ վիճակագրությունը հրապարակվում է եռամսյակային կտրվածքով, ըստ այդմ, հունվար-մարտ ամիսների վիճակագրությունը կհրապարակվի մայիսի վերջին: 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունում իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերը կազմել են 839.8 մլրդ դրամ (2.1 մլրդ ԱՄՆ դոլար), որից ուղղակի ներդրումները` 350.0 մլրդ դրամ (840 մլն ԱՄՆ դոլար):
Վիճակագրական տվյալների համեմատության վերաբերյալ հարկ է նշել, որ, ՀՀ ԱՎԾ կողմից մեթոդաբանության փոփոխությամբ պայմանավորված, 2014 թվականի տվյալները համադրելի չեն նախորդ տարիների տվյալների հետ:
– Ի՞նչ ծավալի ներդրումներ է ակնկալում ՀՀ կառավարությունն ընթացիկ տարում։
– Արդեն խոսվեց այն մասին, որ ստեղծվել է ներդրումային ծրագրերի բավականին լուրջ բազա: Ներկայումս որոշ ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա Չինաստանից, Արգենտինայից, Հնդկաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, մի շարք եվրոպական երկրներից: Պետք է նշել, սակայն, որ ցանկացած ներդրումային գործընթաց, առավել ևս՝ լուրջ ներդրումային ծրագրի իրականացում, բավականին ժամանակատար գործընթաց է, որը կախված է բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից: Այս իմաստով ճիշտ չի լինի անել որևէ կանխատեսում, առավել ևս, երբ խոսքը գնում է մասնավոր ներդրումներով իրականացվող ծրագրերի մասին: