«Անձնական համակրանք ունեմ Սերժ Սարգսյանի նկատմամբ, նա ինձ համար կարծես մեծ եղբայր լինի». Արամ Մանուկյանի գործով դատաքննությունն ավարտվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ավարտվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործի դատաքննությունը: Հունիսի 1-ին կողմերը հանդես կգան ճառերով:

Մինչ այդ, այսօր դատարանում Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանն օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, թե պնդում է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքը: Մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին նրա՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները:

Կասկածյալի կարգավիճակում Արշակ Սվազյանը հարցաքննվել էր 2014թ. դեկտեմբերի 14-ին: Նա ցուցմունք էր տվել, որ լիովին ընդունում է, որ դիտավորյալ է հարվածել Արամ Մանուկյանի դեմքին և պատճառել թեթև մարմնական վնասվածք: Արշակ Սվազյանը հայտնել էր, որ 1989-1992թթ. մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին: Նա նշել է, որ Հայաստանում աշխատանք չունի, ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ:

«Մինչև դեպքին անցնելը ցանկանում եմ նշել, որ մանկուց հայրենասեր եմ եղել, հարգել եմ ՀՀ բոլոր պետական արժեքները, դեռևս 89թ.՝ 17 տարեկան հասակում, ինքնակամ փախել եմ տանից և մեր շրջանի ազատամարտիկների հետ մեկնել եմ ճակատամարտ: Թալինի ջոկատի կազմում մասնակցել եմ Խնձորեսկի, Հադրութի շրջանի և այլ բնակավայրերի համար մղվող ռազմական գործողություններին: Երիտասարդ տարիքից ինձ բախտ է վիճակվել անձամբ ճանաչել և շփվել նախագահի, իմ հրամանատարի՝ ներկայիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Անձնական համակրանք ունեմ նրա նկատմամբ, նա ինձ համար կարծես մեծ եղբայր լինի»,- իր ցուցմունքում նշել էր Արշակ Սվազյանը:

Կարդացեք նաև

Նա հայտնել էր, որ ՌԴ-ում գտնվելու ժամանակ, «որպես հայրենասեր»՝ ամեն օր ծանոթանում էր Հայաստանում կատարվող իրադարձություններին և հաճախ լսում, որ «ընդդիմադիրները չեն գնահատում նախագահի արած գործերն այս դժվարին ժամանակներում ու նրա հասցեին ոչ վայել խոսքեր են ասում»:

Արշակ Սվազյանը հայտնել էր, որ ինտերնետով տեսել է, որ Արամ Մանուկյանը հայհոյանքներ է տալիս «իր հրամանատարի» հասցեին. «Այդ ժամանակ հետս այլազգիներ կային, և նրանք ինձ ձեռ առնելով՝ ասում էին, որ մեր երկրում իմ հրամանատարին չեն սիրում, և մենք էլ նրան չենք պահում: Այդ խոսքերից շատ ազդվեցի, մեջս մուռ պահեցի, որ Արամ Մանուկյանին քֆուրի համար՝ նրա բերանին տամ, որ երկրորդ անգամ նման բան չասի, այսինքն՝ քֆուր չտա»:

Իր ցուցմունքում Արշակ Սվազյանը հայտնել էր, որ գիտեր, թե որտեղ է բնակվում Արամ Մանուկյանը: Նա հայտնել էր, որ 2014թ. դեկտեմբերի 11-ին պատահական տաքսիով գնացել է Արամ Մանուկյանի շենքի մոտ, շենքի բակում սպասել նրան, քիչ հետո տեսել, որ նա մոտենում է, արագ քայլելով՝ մտել է շքամուտք ու վերելակի մոտ սպասել նրան: Նա նշել է, որ, երբ Արամ Մանուկյանը մտել է շքամուտք, տեսել է նրա դեմքը, գնացել է նրա ուղղությամբ և մեկ անգամ ձախ ձեռքով հարվածել նրա դեմքին և փախել:

Նախաքննության ընթացքում Արշակ Սվազյանը հայտնել էր, որ գնացել է Վրաստանի Հանրապետություն, ապա գնացել է ՌԴ, իսկ դեկտեմբերի 14-ին վերադարձել է Հայաստան, քանի որ ինտերնետից տեղեկացել է, որ Ոստիկանությունը չի պարզել կատարողի անձը: Տաքսիից իջնելուց հետո ոտքով քայլելիս է եղել տուն, երբ փողոցում սև գույնի մեքենայից դուրս են եկել քաղաքացիական հագուստով անձինք, իրեն բերման ենթարկել:

Քննիչի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ իր մոտ դիտավորություն է առաջացել հարվածել և վնասվածք պատճառել Արամ Մանուկյանին, և ոչ թե՝ այլ ընդդիմադիր քաղաքական գործչի, կասկածյալի կարգավիճակ ունեցող Արշակ Սվազյանը պատասխանել էր, որ անձնապես չի ճանաչում Արամ Մանուկյանին, նրա հետ չի շփվել, միակ պատճառն այն է եղել, որ նա՝ «բազմության առաջ իմ հրամանատարին քֆուր է տվել»:

Որպես կասկածյալ լրացուցիչ հարցաքննվելիս, պատասխանելով հարցին, թե որտեղից է իրեն հայտնի Արամ Մանուկյանի բնակության հասցեն, Արշակ Սվազյանը պատասխանել է, որ չի հիշում, թե երբ և որտեղից, բայց գիտեր նրա շենքի տեղը: Մեկ այլ հարցի պատասխանելով՝ նա հայտնել էր, որ Վրաստան է մեկնել, որ Ոստիկանությունը չբռնի իրեն, 2 օր անց վերադարձել է ՀՀ, քանի որ ինտերնետով տեղեկացել է, որ Ոստիկանությունը չի պարզել կատարողի անձը, հանգստացել է և վերադարձել Հայաստան:

Որպես մեղադրյալ հարցաքննվելիս՝ Արշակ Սվազյանը հայտնել էր, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում, չի զղջում կատարածի համար, օգտվելով իր իրավունքից՝ հրաժարվում է ցուցմունք տալ և պատասխանել հարցերին:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս