Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը ոչինչ չի նախաձեռնում ՀԷՑ-ի համար նոր կառավարիչ գտնելու ուղղությամբ
«Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության սեփանակատեր «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» խմբի «գերակա նպատակներից է բիզնեսի թափանցիկության ապահովումը, բաժնետերերի շահերի և կոռուպցիոն վտանգներից գործընկերների ու աշխատակիցների պաշտպանումը»: Այս մասին գրված է ՀԷՑ-ի կայքի գլխավոր էջում:
Արդեն տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներն ու էներգետիկ համակարգի մասնագետները դժգոհում են ՀԷՑ-ի աշխատանքից, տարեցտարի էելեկտրաէներգիան թանկանում է, բայց սպասարկման որակի բարելավում տեսանելի չէ: Անցած տարի էլ էլեկտրաէներգիայի թանկացման ժամանակ շատ ակտիվ խոսակցություններ էին հնչում, որ Հայաստանի էլեկտրացանցերի մենեջերը, մեղմ ասած, լավը չէ և պետք է փոխել կառավարչին: Սակագինը բարձրացվեց, կրքերը հանդարտվեցին, խոսակցություններն էլ մարեցին: Ինչպե՞ս կարելի է ընդվզել ռուսական հսկայի դեմ: Այժմ կրկին ՀԷՑ-ը դիմել է սակագնի վերանայման հայտով և էլեկտրաէներգիայի սակագինը ցանկանում է միանգամից 40%-ով բարձրացնել: Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը ոչինչ չի նախաձեռնում ՀԷՑ-ի համար նոր կառավարիչ գտնելու ուղղությամբ:
168.am-ի այս հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ի ղեկավարի փոփոխության անհրաժեշտությունը պետք է տեսնի հենց ՀԷՑ-ի ղեկավարությունը, իսկ ՀՀ-ն՝ որպես պետություն, կարող է առաջարկություններ անել. «ՀԷՑ-ը տրված է կառավարման: Մեր կառավարության կողմից առաջարկություններ, կարծում եմ, անպայման հնչած կլինեն»: Ըստ նրա՝ ՀԷՑ-ի ղեկավարությունն ավելի արդյունավետ ձև և միջոցներ պետք է ընտրի ՀԷՑ-ի աշխատանքները կառավարելու համար և առաջնահերթ պետք է մտածի ծախսերի նվազեցման մասին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագնի վերանայման հայտ ներկայացնելը, Գ.Մելիքյանի խոսքով, դեռևս չի նշանակում, որ դա ընդունելի է և անպայման կընդունվի. «Հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում կհստակեցվեն կատարված ծախսերը, ներկայացվող պահանջը և, համոզված եմ, որ վերջնական խոսքը պատկանում է ՀԾԿՀ-ին, որը պետք ոոշում կայացնի: ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտը դեռևս չի նշանակում, որ դա պարտադիր հաստատման ենթակա փաստաթուղթ է»: Մեր դիտարկմանը, որ արդեն ավանդույթ է դարձել, որ ընկերությունները ՀԾԿՀ-ին ներկայացնում են սակագնի մի մեծություն, հաստատվում է դրանից մի փոքր պակաս թիվ, Գ.Մելիքյանը պատասխանեց, թե առայժմ տեղեկություն չկա, թե ինչ թիվ է հաստատվելու: Ըստ նրա՝ նույնիսկ նվազեցումը պետք է հիմնավորված լինի, և պետք է հիմնավորված լինի ներկայացված հայտը, եթե ոչ՝ կնվազեցվի:
Մեր հարցին, արդյոք սահմանին գազի էժանացումը չպետք է ազդե՞ր նաև էլեկտրաէներգիայի վրա, Գ.Մելիքյանը պատասխանեց. «Գազն էժանացել է, բայց դոլար/դրամ հարաբերակացությունը փոխվել է ի վնաս դրամի, իսկ ՀԷՑ-ն աշխատում է, սակագինը հաստատվում է դրամով: Այդ դեպքում դոլար/դրամ փոխարժեքի տատանման արդյունքում թանկացումը հավանական է, բայց ոչ 40%: Ես կարծում եմ, որ 40%-ը շատ է, դժվար է այս պահին»: