Միջնորդում են կարճել քրեական գործը
«Հիմնադիր խորհրդարանի» անդամների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանն օրերս հրավիրվել են նախաքննությունն իրականացնող մարմին: Նրանց պաշտպաններից Հայկ Գրիգորյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրանք հրավիրվել էին ծանոթանալու նշանակված փորձաքննության եզրակացությանը:
«Առգրավված առարկաների փորձաքննություն էին նշանակել որոշ ժամանակ առաջ: Այդ փորձաքննության արդյունքներն էին եկել: Արձանագրվել էր, որ առարկաների մեծ մասը սառը զենք չի հանդիսանում: Փայտե մահակներ, խոհանոցային դանակներ, արվեստի գործ ներկայացնող դանակներգ բոլորը սառը զենք չէին: Մի մասը, իհարկե, սառը զենք է համարվել, բայց մեծ մասը չի համարվել: Դրան են ծանոթացրել»,- ասաց փաստաբանը: Հայկ Գրիգորյանի խոսքով՝ փորձաքննության եզրակացությունն էական նշանակություն չի կարող ունենալ քրեական գործի համար. «Լինեին սառը զենք թե չլինեին, բան չէր փոխվելու հոդվածից ու այդ մեղադրանքից: Դրա համար էական բան չէր փոխվի»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ նշանակվել է ևս մեկ փորձաքննություն՝ պարզելու համար՝ արդյոք սոդայի տուփի պարունակությունը սոդա՞ է, թե՞ այլ նյութ: Նշանակված այս փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ քրեական գործը կարճելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազին.
«Կարծում եմ, որ այս փորձաքննություններից հետո ավելի մեծ է հավանականությունը: Առարկաների մեծ մասը, որոնք գործում կային, արդեն վերաբերելի չեն այդ գործին, այդ հոդվածին»: Մեր հարցին, թե ի՞նչ հիմքով է ներկայացրել գործը կարճելու մասին միջնորդությունը, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Հիմնականում այն է, որ գործով ձեռք բերված որևէ ապացույց այդ հանցագործության մասին ուղղակի չի վկայում, չի ապացուցում: Ու նաև սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները, որովհետև 20-ից ավելի վկա են հարցաքննել, բոլոր վայրերում խուզարկություններն արված, ավարտված են: Նոր դրվագներ չկան, որ պետք է բացահայտեն, այսինքն՝ նոր ապացույց ձեռք չեն բերելու հավանաբար: Դրա համար գործի հետագա ընթացքն արդեն իրատեսական չէ»:
Անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամներին ազատ արձակելուն՝ Հայկ Գրիգորյանն ասաց. «Դա միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հատկապես Human rights watch-ի, մեր ներքին ԶԼՄ-ների ու մեր ակտիվության, հանրային ակցիաները շարունակելու համալիր արդյունք էր: Դժվար է ասել՝ մի բանի արդյունք է: Ամեն ինչն էլ իր դերը խաղացել է: Երևի նաև ոչ պաշտոնական որոշակի հարաբերություններ էլ են եղել, այսինքն՝ չասեմ ճնշումներ, բայց մտահոգությունների արտահայտում բարձր մակարդակով, որովհետև այս գործը միջազգային հնչեղություն էր ստացել: Պարոն Չուգասզյանը եղել է Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի անդամ, անդամներն էին նամակ ուղարկել Ավստրիայի արտգործնախարարին և այլն: Մեծ աշխատանք էր տարվել: Այդ ամենի արդյունքն էր: Փաստ է, որ դա աշխատանքի, ազդեցության արդյունք էր: Իրենք մտադրված չէին նրանց ազատ արձակել: Գործի ընթացքից և իրենց պահվածքից դա չէր երևում: Կարծեմ իրենց համար էլ է անակնկալ եղել, բայց ստիպված են եղել տեղի տալ, որովհետև այլ քաղաքական հանգամանքներ կան»:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու որոշումը պատճառաբանել էր հետևյալ կերպ. «Որոշումը կայացվել է` նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը»: