Նորա Արմանիի վերջին «Մերսեդեսը»` Երևանում
Ամերիկաբնակ դերասանուհի Նորա Արմանին մայիսի 9-ին կրկին անգամ բեմ բարձրացավ` հայ հանդիսատեսին վերջին անգամ ներկայացնելու Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսը։ Դեռևս` վերջին…
Ինչպես և տեղեկացրել էինք մեր ընթերցողներին, ի սկզբանե ներկայացումների օրերը նշանակված էին մայիսի 1-4-ը, որից հետո նախատեսվում էին ներկայացումներ Գյումրիում և Վանաձորում։ Սակայն, հարգելի պատճառներով, Նորա Արմանիի ժամանումը Երևան հետաձգվել էր. հայրը վատառողջ էր, ինչի արդյունքում էլ հետաձգվել էին փորձերը։ Եվ երևանյան հանդիսատեսը կարող էր ընդամենը երկու ներկայացման ներկա լինելգ։
Եվ երբ հայտարարվեց, որ մայիսի 9-ին Նորա Արմանին ևս մեկ անգամ բեմ կբարձրանա, բոլոր նրանք, ովքեր չէին հասցրել ներկա լինել նախորդ երկու ներկայացումներին, ստացան այդ հնարավորությունը։ Մենք ևս բացառություն չէինք։ Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում մայիսի 9-ին հանդիսատեսի շարքում էին նաև արվեստի գործիչներ` այլ թատրոնների դերասաններ, հաղորդավարներ, երգիչներ, ինչպես նաև` պիեսի հեղինակ Անուշ Ասլիբեկյանն ու պիեսի կոմպոզիտոր Վահան Արծրունինգ
Ներկայացման ավարտին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք մի քանի հարց ուղղել գլխավոր դերակատար Նորա Արմանիին, հատկապես, երբ վերջինս մեկնելու էր ԱՄՆ` հաջորդ իսկ օրը։
– Տիկին Նորա, վաղը Դուք մեկնում եք ԱՄՆ։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ տեսակետ հնչեց, որ հնարավոր է` ներկայացումը բեմադրվի նաև ԱՄՆ-ում։ Կա՞ն արդյոք արձագանքներ այդ ուղղությամբ։
– Դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Այսօր կայացավ վերջին ներկայացումը Երևանում, և ես մեկնելով ԱՄՆ` կփորձեմ աշխատել այդ հարցի շուրջ։ Եվ ոչ միայն` ես, մենք բոլորս պետք է փորձենք աշխատել գտնել այն մարդկանց, ովքեր կկարողանան օգնել մեզ այդ հարցում։
– Մեզ հետ զրույցում ասել էիք, թե Հայաստանում շատ ավելի լավն են պայմանները` ներկայացում բեմադրելու համար, քան ԱՄՆ-ում։ Իսկ կա՞ արդյոք տարբերություն հայ և ամերիկացի հանդիսատեսի միջև։
– Չէի ասի, թե կա տարբերություն։ Հանդիսատեսն ամեն տեղ հանդիսատես է։ Հայերեն լեզվով խաղալն առանձնահատուկ հաճույք է։
– Պարզապես հայ հանդիսատեսը սովորաբար դատավորի կարգավիճակով է գալիս դահլիճ, որ վերջում իր քննադատական «վճիռը» կայացնի` լսածի և տեսածի հանդեպ։
– Ամեն մարդ չէ այդպիսին, կասեի` միայն ոմանք։ Իսկ եթե գալու են ներկայացման դատավորի կարգավիճակով` դատելու, թող դատեն և ուրախանան իրենց դատողություններով։
– Յուրաքանչյուր ներկայացման ավարտին Դուք` զգեստափոխվելուց հետո, հանդիպում և ժամանակ եք հատկացնում Ձեզ սպասող հանդիսատեսին։
– Ես շնորհակալ եմ իմ հանդիսատեսին. ինձ շատ ջերմ ընդունեցին։
Մենք զրուցեցինք նաև պիեսի բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի հետ
– Պարոն Ղազանչյան, ապագա հյուրախաղերի ծրագրեր կա՞ն։
– Արձագանքներ արդեն եղել են, բայց ոչ միայն` ԱՄՆ-ի ուղղությամբ։ Մտածում ենք ներկայանալ այլ երկրների թատերական փառատոներին ևս։ Արդեն կապ ենք հաստատել Եգիպտոսում կայանալիք թատերական փառատոնի հետ։ Դա երկար բանակցային գործընթաց է` հատկապես, երբ ներկայացումը մարդաշատ է։ Ես չէի ցանկանա, բայց պետք է կոմպրոմիսների գնալ, և միգուցե դոկումենտալ կադրեր օգտագործվեն` որոշ մարդաշատ տեսարանների փոխարեն։
– Ներկայացումն արդեն 4-րդ անգամ բեմ բարձրացավ։ Դուք գո՞հ եք արդյունքից։
– Շատ։
– Հանդիսատեսի արձագանքին է վերաբերում հարցս։
– Ես ևս դա նկատի ունեմ, քանի որ ես իմ ներկայացումներից երբեք գոհ չեմ լինում։ Սա 4-րդ ներկայացումն է, որն անցավ քար լռության մեջ։ Բեմադրության ավարտին հանդիսատեսը երկար բաց չի թողնում դերասաններին և հուզված է դուրս գալիս դահլիճից։
– Վանաձորում ևս նախատեսում էիք խաղալ «Մերսեդեսը»։ Ինչո՞ւ այն չկայացավ։
– Վանաձորում չխաղացինք, քանի որ ժամանակային առումով անհամատեղելի իրավիճակ ստացվեց։ Մենք ներողություն խնդրեցինք իրենցից։
Սակայն Գյումրու բեմադրությունը կայացավ և կրկին` ջերմ մթնոլորտում։
Պիեսի կոմպոզիտոր Վահան Արծրունին մեզ հետ զրույցում ասաց, որ բեմադրության երաժշտությունը պատրաստ է եղել արդեն «Մերսեդեսի» դեռևս պիեսային փուլում (պիեսի հեղինակ Անուշ Ասլիբեկյանը Վահան Արծրունու կինն է)։
Վ.Արծրունի.– «Մեր ընտանիքում ստեղծագործական պրոցեսը զուգահեռ է ընթանում։ Երբ Անուշիկը գրեց պիեսը, այդ ժամանակ էլ ծնվեց երաժշտությունը` դեռևս միայն էսքիզային տարբերակով` որպես դաշնամուրային պիեսների շարք։ Ավելի շուտ, կար միայն` որպես երաժշտության տրամադրություն։ Երբ արդեն Հակոբ Ղազանչյանի կողմից պիեսը բեմադրելու առաջարկությունը եղավ, երաժշտությունը մտավ առավել գործնական փուլի մեջ։ Այն հստակեցվեց։ Հետագայում ամբողջ այդ նյութն օգտագործվեց Հ. Ղազանչյանի կողմից։ Ես երաժշտության կոմպոզիտորն եմ, բայց երաժշտական ձևավորումը Հ. Ղազանչյանինն է, որովհետև, բացի օրիգինալ երաժշտությունից, բեմադրության մեջ օգտագործվել են նաև հանրահայտ երաժշտական հատվածներ։