Ինչի՞ց պետք է վախենա Հայաստանը

Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հետ

– Պարոն Սաֆարյան, ընդդիմադիր դաշտն ինչո՞ւ այսպես ամայացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ տեղի ունեցած հայտնի դեպքերից հետո, արդյոք ԲՀԿ-ն էր լցնո՞ւմ էր ընդդիմադիր դաշտը, որին բոլորը կեղծ ընդդիմություն էին համարում։

– Քաղաքականության ռեսուրսը` փողը, վարչական լծակներն են։ Հանուն արդարության պետք է ասել` միայն այդ երկու գործոնի շնորհիվ ԲՀԿ-ն միանգամայն մեծ շանսեր ուներ դառնալ լուրջ, առաջատար ընդդիմադիր դաշտում` չլինելով կեցվածքով ընդդիմադիր։ Բայց քանի որ մարտավարական առումներով իրենց հաջողվեց քաղաքական քաշ հավաքել, բնականաբար, ֆինանսական և կազմակերպական առումներով պետք է սպասարկեր նաև ընդդիմադիր ուժերին, մասնավորապես` ՀԱԿ-ին։ Այս կտրվածքով, թերևս պատահական չէր, որ զարգացումները կախված էին նրանց որոշումներից։ Եվ քանի որ հայտնի զարգացումների բերումով ԲՀԿ առաջնորդը հայտարարեց քաղաքականությունից դուրս գալու մասին, բնականաբար, խաղը տապալվեց, և ընդդիմադիր դաշտի մյուս ուժերը, որոնք չափազանց թուլացել էին` սեփական վրիպումների, բացթողումների սպասումները չարդարացնելու պատճառով, պետք է հայտվեին այն նույն վիճակում, ինչում կային մինչև ԲՀԿ-ի` ընդդիմադիր դաշտ մուտք գործելը։

– Հիմնադիր խորհրդարանը (ՀԽ) փորձում է դառնալ ընդդիմադիր առաջատար ուժ, սակայն նրան դեռևս դա չի հաջողվում։ Ըստ Ձեզ` ՀԽ-ն կկարողանա՞ վերցնել ընդդիմադիր բաց դաշտը։

– Քաղաքականությունն այնպիսի բան չէ, որ եթե Ազատության հրապարակն ազատ է, ապա ով կանգնեց Ազատության հրապարակի հարթակին, նրանց ծափահարելու են ու գնալու են նրանց հետևից։ Այսպիսի մոլորություն, ցավոք սրտի, թույլ են տվել շատ ու շատ քաղաքական ուժեր, որոնք մտածել են, որ եթե որևէ մեկը հարթակի վրա չկա, ապա շատ արագ կարելի է զբաղեցնել նրա տեղը։ Լիդերությունն առաջին հերթին` ենթադրում է նախաձեռնողականություն, նախաձեռնողականությունը ցուցաբերվում է գաղափարների և ծրագրերի տեսքով։ Ես կարծում եմ` այն, ինչ անում է ՀԽ-ն, մնում է խորապես չհասկացված հասարակության լայն շրջանակների կողմից։ Մարդկանց մոտ շփոթն ավելի է մեծացնում, ասենք, ՀԽ-ի կատարած քայլերի և նպատակների անհամապատասխանությունը։

Օրինակ, այս օրերին տեղի է ունենում երթ` Վոլոդյա Ավետիսյանի հետ կապված։ Իհարկե, սա կարևոր խնդիր է, որ հասարակությունն ակտիվանա, բայց մարդիկ տեսնում են, որ դա ավելի շատ իրավական գործունեություն է, քան իշխանության փոփոխության գործունեություն։ Մարդիկ կարող են քաղաքագիտությունից շատ բան չհասկանալ, բայց բնազդաբար իրենք զգում են` ինչն ինչ է։ Երկրորդը` Ժիրայր Սէֆիլյանն իր կոնցեպցիայի մեջ ներմուծել է ռազմական տրամաբանություն` հայտարարելով երկրի ազատագրման մասին։ Այսինքն` նա իր կոնցեպցիայով իշխանությանը համարում է ներքին թշնամի, որից կարելի է ազատվել ռազմական եղանակներով։ Հավատացեք հասարակության ոչ բոլոր հատվածներն են ներքին հեղափոխությունն ընկալում այդ ռակուրսով։ Այսինքն` նրանք այնուամենայնիվ իշխանությանը չեն դիտում որպես թշնամի, այնպես, ինչպես, ասենք, թուրքին։ Հասարակության ոչ բոլոր անդամներն են, որ հեղափոխությունը նույնացնում են պատերազմի հետ։ Շատ հակասություններ կան։ ՀԽ անդամները, չգիտեմ` ինչպես են տեսնում այդ խնդիրները, բայց փաստն այն է, որ քաղաքագիտական տեսանկյունից կան խնդիրներ, և դրա համար այս պահի դրությամբ վստահաբար կարելի է ասել, որ ՀԽ-ն նման սխալների պարագայում երբեք չի կարող զբաղեցնել ընդդիմադիր առաջնորդի դերը։

– Այսինքն` այն զանգվածները, որ հավաքում էր եռյակը, և այն սպառնալիքը, որը ներկայանում էր իշխանությունների համար, ՀԽ-ն չի՞ կարող անել։

– ՀԽ-ն այդպիսի ֆինանսական և կազմակերպական լծակներ չունի։ Չմոռանանք, որ «Եռյակի» հավաքները մարդաշատության առումով արդյունք էին նաև ֆինանսական, կազմակերպական կամ վարչական լուրջ ներդրումների, ու դա ոչ ոք չի կարող հերքել։ Ու նաև քաղաքական բլեֆի, որ` մենք իշխանություն ենք փոխելու։ Եվ քանի որ հասարակության ներսում կար այն մտայնությունը, որ, եթե բոլորը միավորվեն, ապա ինչ-որ բան կփոխվի, ապա դա նաև հայացքներ էր ուղղում դեպի «եռյակի» հարթակը։ ՀԽ-ն բացարձակ այլ դաշտում է գործում, և այս առումով ավելի շատ ժողովրդավարական քաղաքական ուժ է դրսևորում իրեն։

– Այն ժամանակ, երբ կալանավորեցին ՀԽ անդամներին` իշխանությունները պատճառաբանեցին ապրիլի 24-ի միջոցառումները` նրանց պայքարը խոչընդոտելու համար։ Հիմա ի՞նչ պետք է անեն իշխանություններն այս անգամ ՀԽ-ի պայքարը կասեցնելու համար, կամ արդյոք կանե՞ն որևէ բան։

– Ապօրինի եմ համարել և համարում իշխանության` մարդկանց ազատազրկելու քայլերը։ Ավելին, ինքս լուրջ վտանգ միջոցառումների համար երբեք չեմ դիտել ՀԽ-ին։ Անկեղծ ասած, ես իշխանությանը խելոք չեմ համարում, որն ավելի շատ ի ցույց դրեց իր վախերը, քան կանխեց ինչ-որ իրական սպառնալիք։ Իրականում այդ օրը որևէ բան տեղի ունենալ չէր կարող և չէր լինելու, և հետևաբար` նման քայլի գնալու անհրաժեշտությունը չկար։ Իսկ հետագայում, ես մի փոքր դժվարանում եմ ասել` ինչ կանեն, քանի որ ես արդեն ասացի, որ ռազմավարության առումով կան ներքին հակասություններ ՀԽ-ի գործունեության մեջ, և այս կտրվածքով, եթե մեքենայի մի մասը չի աշխատում, այդ դեպքում մեքենան ամբողջությամբ չի աշխատում, ու այդպիսի մեքենայից որևէ մեկը վտանգ չի էլ կարող սպասել։

Բնականաբար, քաղաքականությունն ինքն էլ մեքենա է, ինքն էլ տարածության և ժամանակի մեջ ինչ-որ մեխանիզմ է, որտեղ բոլոր մասերն իրար հետ փոխկապակցված են։ Ես շատ եմ զարմանում, թե ինչից է վախենում իշխանությունը։ Իշխանությունը պետք է վախենա, որ շարունակում է պահել հասարակության հիասթափությունը, անարդարության, անհավասարության ֆոնը, իշխանությունը նման բաներից պետք է վախենա։ Իշխանության վախը միայն մեկ հիմնավորում ունի, որովհետև նման միջավայրում, որտեղ հեղափոխության բոլոր գործոններն օբյեկտիվ առումով առկա են, կարող է հայտնվել մի գրագետ թիմ, շատ հաջող մարտավարություն և մատուցել շատ մեծ անակնկալ։ Հետևաբար` իշխանությունները պետք է վախենան երկրի սոցիալ-տնտեսական ու քաղաքական ցուցանիշներից, այլ ոչ թե` ՀԽ-ից կամ որևէ քաղաքական ուժից։

– Այս օրերին բուռն քննարկվում է նաև էլեկտրաէներգիայի թանկացման հարցը, և արդեն տարբեր քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիաներ են կազմակերպում այդ սակագնի թանկացման դեմ։ Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ ամեն անգամ ԵՄ-Հայաստան փաստաթուղթ ստորագրելու նախօրեին Կրեմլը ռուսական ընկերությունների շուրթերով պահանջում է թանկացնել գազի կամ էլեկտրաէներգիայի գինը։ Այսինքն` Էլեկտրաէներգիայի նախատեսվող թանակցումն է՞լ եք պայմանավորում մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Հայաստանի մասնկացության և այնտեղ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվելու հետ։

– Այո, ես, արդեն որերրորդ տարին է` իմ վերլուծություններով և իմ հրապարակային խոսքով անդրադարձել եմ ամենատարբեր դրվագներին, որոնք չափազանց նույնական են։ 2012 թվականին, երբ ԵՄ-ն և ՌԴ-ն մրցակցում էին Հայաստանը դեպի իրենց կողմը քաշելու առումով, և Հայաստանը բանակցում էր Ասոցացման համաձայնագրի շուրջ, այդ նույն տարում ՌԴ-ն թանկացրեց Հայաստանին վաճառվող գազը։ 2013 թվականին` Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ, երբ արդեն պետք է ստորագրվեր Ասոցացման համաձայնագիրը, Ռուսաստանը շատ բացահայտ դեմոնստրատիվ սկսեց ռազմատեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին, նույն այդ ամառվա ընթացքում կրկին բարձրացվեց գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացման խնդիրը։

Սեպտեմբերի 3-ին Հայաստանը հլու-հնազանդ հայտարարեց ԵՏՄ-ի մեջ մտնելու մասին։ 2014 թվականի մարտի 5-ին, երբ Հայաստանը չդարձավ ԵՏՄ անդամ, որոշակի հետքայլ նկատեց Ռուսաստանը Հայաստանի մոտ և սկսեց կասկածել, որ չլինի՞ Հայաստանը չի ուզում դառնալ ԵՏՄ անդամ։ Եվ Աստանայի գագաթաժողովից առաջ կրկին Հայաստանում Ռուսաստանի մի շարք կազմակերպություններ դիմում են ՀԾԿՀ-ին` առաջարկելով վերանայել էլեկտրաէներգիայի գինը։

Եվ ահա հերթական անգամ` Ռիգայից առաջ, կրկին նոր ռուսական ընկերությունները հայտարարում են, որ իրենք վնասներ են կրում և պետք է էլեկտրաէներգիայի սակագինը վերանայեն։ Սա ակնարկ է, որ` տեսեք, իմացեք ձեր տեղը, հանկարծ չմտածեք` Եվրոպայի հետ «առանց իմ ասելու, առանց իմ ասած չափի» հարաբերություններ հաստատելու մասին։ Հետևաբար` այս փաստերի համադրումից ոչինչ չի մնում, քան ասել, որ սցենարը կրկնվում է, և Հայաստանին մեր դաշնակցի կողմից հասկացվում է ԵՄ-ի հետ որևէ փաստաթուղթ ստորագրելու անցանկալիության մասին։

Տեսանյութեր

Լրահոս