Դժվար է ասել, թե ինչ կարելի է բերել ԵՏՄ-ից

Մեր զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

– Պարոն Պողոսյան, նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվա կատարած այցից անմիջապես առաջ ԱՄՆ-ում էր: Ըստ Ձեզ` ի՞նչն էր խնդիրը, ի՞նչ մեսիջ Ս.Սարգսյանն ԱՄՆ-ից տարավ Մոսկվա:

– Այցերի ժամանակային հաջորդականությունը զուտ տեխնիկական խնդիր է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ին Մոսկվայի հետ հարաբերություններում հատուկ մեսիջ փոխանցող է պետք: Ուղղակի, հաշվի առնելով, որ մարդիկ իրար հետ հանդիպում են, ինչ-որ հարցեր են քննարկում, հետո ուրիշի հետ են հանդիպում, ավելի տեղեկացված են լինում: Հատուկ մեսիջի համար ԱՄՆ-ը և Ռուսաստանն իրար հետ դիվանագիտական հարաբերությունները չեն խզել, ունեն դեսպաններ, և դեսպաններն իրենց մեսիջները համապատասխանաբար փոխանցում են: Իսկ եթե կարիք է լինում, նույն Լավրովը Քերրիի հետ տարբեր միջոցառումների ժամանակ հանդիպում է, կարող է բոլոր մեսիջները փոխանցել:

Ինձ չի թվում, որ այդպիսի հզոր երկրներ, ինչպիսին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են, որևէ մի միջնորդի կարիք ունեն: Եվ կարիբյան ճգնաժամի դասերը երկու երկրներն էլ շատ լավ են քաղել, երբ ձևավորվեց թեժ հեռախոսակապը, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարիքի դեպքում հեռախոսափողը վերցնեն ու խոսեն:

Կարդացեք նաև

– Տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանը փորձում է Հայաստանը ԱՄՆ-ի համար ԵՏՄ-ում ներկայացնել` որպես վստահելի գործընկեր, որի միջոցով կարելի է հարցեր բարձրացնել ԵՏՄ-ում: Ի՞նչ կարծիք ունեք:

– Հայաստանն իր դիվանագիտության մեջ պետք է ամեն ինչ անի, որ վստահելի գործընկեր լինի ոչ թե ԱՄՆ-ի ու ԵՏՄ-ի հարաբերությունների մեջ, կամ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի հարաբերությունների մեջ, այլ բոլոր երկրների համար վստահելի գործընկերոջ տպավորություն թողնի և իրականում լինի այդ վստահելին: Հիմա ԵՏՄ-ում ՀՀ-ն գտնվում է, իմ կարծիքով` ստիպողաբար, կամ պայմաններից ելնելով, ուրիշների կարծիքով` իր սեփական ընտրությամբ: Առնվազն, եթե գտնվում ես որևէ տեղ, պետք է զբաղվես քո սեփական շահերով:

Ոչ թե մենք պետք է որևէ մեկի աչքում վստահելի լինենք, այլ պետք է սեփական բնակչության աչքերում վստահելի լինենք, և ՀՀ-ն ԵՏՄ-ում իր շահերով պետք է առաջնորդվի, ԵՄ-ի հետ իր համագործակցության մեջ կրկին սեփական շահով պետք է առաջնորդվի, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում նույնպես պետք է փորձենք մեր սեփական շահն առաջ տանել, այլ ոչ թե մտահոգվենք, թե ուրիշի աչքերում ինչպես կերևանք: Այդ փիլիսոփայությունը պետք է փոխենք: Միայն ու միայն պետք է առաջնորդվենք սեփական շահով, և ոչ թե միայն` կարճատև, այլ` երկարատև:

– ԵՏՄ-ի նախագահների հանդիպման ժամանակ Ղազախստանի նախագահը կրկին խոսել է Թուրքիայի հետ համագործակցության մասին, ՀՀ նախագահն էլ առաջ է քաշել Չինաստանի ու Իրանի հետ համագործակցությունը զարգացնելու հարցերը: Ինչպե՞ս եք գնահատում սա:

– Լավագույն օրինակն է, որ երկրները պետք է սեփական շահերով առաջնորդվեն: Ղազախստանի նախագահն առաջին անգամ չէ Թուրքիայի մասին բարձրաձայնում: Երևի իր սեփական շահերի մեջ է նա պատկերացնում, որ Թուրքիան պետք է ինչ-որ մի ձևով մասնակցի կամ դերակատարություն ունենա, չնայած պետք է գիտակցենք, որ Թուրքիան այսօրվա դրությամբ գտնվում է եվրոպական մաքսային միության մեջ: Եվ եթե ստացվի այնպես, որ կարողանա նաև ԵՏՄ-ում լինել, ապա շատ զարմանալի կլիներ և հետաքրքիր լսել եվրոպական տարբեր երկրների դիրքորոշումները: Դեռ չեմ լսել, որ Թուրքիան ասի, որ ինքը եվրոպական մաքսային միությունից պատրաստվում է դուրս գալ: Այնպես որ, Ղազախստանի նախագահն իր տեսակետն է ասել, իսկ Սերժ Սարգսյանն էլ, իր առաջարկները: Դա լավագույն օրինակն է` ինչպես պետք է փորձենք մեր սեփական շահերը տանել առաջ:

– Ի՞նչ եք կարծում` Սերժ Սարգսյանը, վերադառնալով ԱՄՆ-ից և ԵՏՄ հանդիպումներից, ի՞նչ է բերում տուն:

– Դժվարանում եմ ասել, ինչ է բերելու, կամ չի բերելու, կամ բերում է: Քանի որ մինչ հիմա մնացած բոլոր հարցերի վրա մենք խոսում ենք, բայց իրականությունն այլ է լինում: Եկեք արդյունքների սպասենք: Եթե ԱՄՆ-ՀՀ տնտեսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում ակնկալվող ներդրումները լինեն, ուրեմն կունենանք այդ տեսակի արդյունք: Թե ինչ կարելի է բերել ԵՏՄ-ից, կամ ինչ ունենք այնտեղից ընդհանրապես վերցնելու, դժվարանում եմ պատկերացնել, դրա համար դժվարանում եմ ասել, թե ինչ օգուտ կարող ենք քաղել: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, զարգացումների նոր փուլ կունենանք և ըստ այդմ կշարժվենք առաջ:

Տեսանյութեր

Լրահոս