Բրազիլացի գիտնականներին հաջողվել է ստանալ սարդի թույնի սինթետիկ հակաթույնը
Բրազիլացիները սինթետիկ հիմքի վրա ստեղծել են Loxosceles ցեղի սարդի հակաթույնը: Այս սարդերը բնակվում են Բրազիլիայում: Ամեն տարի նրանք խայթում են մոտ 7 հազար մարդու, որոնցից 1.5%-ը մահանում է երիկամային անբավարարության հետևանքով:
Հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց հայտնագործության հիման վրա հնարավոր է ստեղծել ունիվերսալ պատվաստուկ ցանկացած սարդի թույնի դեմ:
Սակայն այս հակաթույնը կատարյալ համարել չի կարելի: Բանն այն է, որ նյութի ստացման մեթոդը կապված է մի շարք բարդությունների հետ: Փորձի ժամանակ ձիու օրգանիզմ ներարկում են մեծ քանակությամբ թույն, որի հետևանքով արտադրվում են հակամարմիններ, որոնք և օգտագործվում են՝ որպես պատվաստամիջոց: Բայց հարկավոր է նշել, որ ձիերը շատ ծանր են տանում այս պրոցեսը: Բացի դրանից, մարդկանց մեծ մասի մոտ հակաթույնն առաջացնում է ալերգիկ ռեակցիաներ:
Այսօր այդ պրոբլեմը կարողացավ լուծել Կառլոս Չավես-Օլորտեգուիի ղեկավարած գիտական խումբը: Նրանք առանձնացրել էին թույնի 3 մակերեսային սպիտակուց, որոնք խթանում են հակամարմինների սինթեզը: Հետո հակաթույնի սինթեզի համար պատասխանատու գեները ներմուծել են աղիքային ցուպիկի օրգանիզմ, ինչի հաշվին կարճ ժամանակում հաջողվեց ստանալ մեծ քանակով սուբստանց: Հարկ է նշել, որ ստացված սուբստանցը թունավոր չէ:
Հաջորդ փուլում ստացված «թույնը» ներարկել են ճագարի օրգանիզմ, որտեղ հակամարմիններ են սինթեզվել: Այս նոր ստացված նյութը չէր թողնում որևէ վնասակար ազդեցություն կենդանիների վրա:
Առաջիկայում գիտնականները պլանավորում են սինթետիկ «թույնը» ներարկել ձիերին, ինչը հնարավորություն կտա մեծ քանակով հակաթույն ստանալ: Ամենակարևորը՝ այս դեպքում ձիերը ցավ չեն զգա, սակայն հնարավոր է՝ այս նյութն ալերգիկ ռեակցիա առաջացնի մարդու մոտ:
Նյութը պատրաստեց Մարիա Անտոնոսյանը