Բաժիններ՝

«Ոչ թալանին» նախաձեռնությունը՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման

Այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը կազմակերպել էր հանային քննարկում՝ կապված Էլեկտրաէներգիայի թանկացման հարցի հետ: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի 8-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով:  Ընկերությունն առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Ըստ այդմ՝ ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամից դարձնել 58.93 դրամ՝ 1/կՎտժ-ի համար, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ: Հիշեցնենք նաև, որ ՀԷՑ-ի կողմից բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 3.85 դրամով թանկացել էր 2014-ի օգոստոսի 1-ից:

Այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ նախաձեռնության անդամները որոշեցին խորհուրդ ստեղծել և հստակ առաջարկներով ու պահանջներով հանդես գալ: Քաղաքացի Արմեն  Վարդանյանն առաջարկեց շարժումն ավելի ընդլայնել, ճնշումներ գործադրել իշխանությունների վրա, որպեսզի թանկացումը տեղի չունենա: Նա ասաց, որ պետք է իրազեկեն մարդկանց, զանգվածային միջոցառումներ կազմակերպեն ՀԾԿՀ-ի, Կառավարության շենքի դիմաց և այլ վայրերում:

Ակտիվիստ Հարություն Աղամալյանն էլ նկատեց, որ ի տարբերություն նախորդ նման դեպքերի՝ հիմա ավելի «խորն» է վիճակը. «Հիմա, ինչքան գիտեմ՝ Որոտանի կասկադն են ուզում վաճառել, որը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար: Զուգահեռ էլեկտրացանցերն են ուզում վաճառեն: Այսինքն՝ պետք է մի քիչ հասկանանք՝ այս առուծախի մեջ ինչ խնդիրներ կարող է լինեն, և գուցե ճնշում գործադրենք Ամերիկայի վրա, Ռուսաստանի վրա, Կառավարության վրա, այսինքն՝ ճակատներն այս անգամ ավելի լայն են, և ակցիաների շրջանակն ավելի լայն կարող ենք վերցնել»:

Նշենք, որ այսօրվա հանրային քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պատգամավոր, ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով նկատեց, որ հոսանքի 1 տոկոս թանկացումը բերում է 1 տոկոս սպառողների կորստի: Ըստ նրա՝ նույնը գործում է նաև գազի սպառման դեպքում. «Այս տարվա առաջին եռամսյակում հոսանքի սպառումը 12 տոկոս պակասել է, արդյունքը՝ արտագաղթ, թանկացում:

Այդ արտադրված հոսանքը վճարվում է, եթե առաջ 10 հոգի էր վճարում, հիմա 8 հոգու վրա է նստում, դրա համար են նաև թանկացնում: ՀԷՑ-ը, որը հայտ է ներկայացնելու՝ թանկացնել 17 դրամով, իրենց ասելով՝ պարտքեր է կուտակել և ունի 9 միլիարդ կորուստ, բայց այստեղ մի ուրիշ բան կա, որ իրենք ծախսում են ահավոր անխնա, անտնտես, ինչ ուզում՝ անում են: Տարեկան 3 միլիոն դոլարի ՀԷՑ-ը բարեգործություն է անում: Որևէ մեկն իրենց թույլ չի տվել մեր մուծածի հաշվին տարեկան 1.5 միլիարդ դրամ բարեգործություն անել: Որտեղ ասես ծախսում են»,- ասաց նա:

Ըստ Ա. Մանուկյանի՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հատսատելու է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտը. «Բայց եթե ճնշում լինի և՛ ներսից, և՛ դրսից, մենք մեր ուժերով իրար հետ համահունչ կհասնենք հաջողության»:  Մեր հարցին՝ արդյոք նույն հիմնավորումը՝ դրամի արժեզրկման հետ կապված, ինչ ներկայացնում էին գազի սակագնի փոփոխման մասին քննարկումներում, կարո՞ղ են բերել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման համար, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց.

«Բերում են, իհարկե, բերում են, որ իրենք արդեն 9 միլիարդ դրամի վնասներ ունեն, բայց այդ դեպքում դու հակափաստարկ ես բերում՝ ցույց տուր քո կորուստները, ինչո՞ւ են այդքան շատ, ինչո՞ւ ես այդքան շատ ծախսեր անում, ինչո՞ւ են տեսուչներդ այդքան շատ գողանում, ինչո՞ւ ես այդքան բարձր աշխատավարձ տալիս մի երկրում, որի 1 միլիոն բնակիչն աղքատ է: Ամեն ինչ պետք է համամասնության մեջ դիտարկես: Այդ քո 16 դրամ բարձրացնելը քաղաքացուն երկրից դուրս է հանում»:

Լուսանկարը՝ արխիվից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս