Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման հավանականությունը մեծացել է. Վլադիմիր Եվսեև

«ԼՂ հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը` խոսելով տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Նա նշեց, որ աշխարհը փոփոխվում է, և փոփոխվում է իրավիճակը նաև Հայաստանի Հանրապետությունում և Հայաստանի շուրջ: Նրա որակմամբ` Աշխարհը և Հարավային Կովկասը տարանցիկ մի փուլում է, որը շարունակվելու է շուրջ տասը տարի, լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, որոնց արդյունքում՝ ներկայիս միաբևեռ աշխարհին փոխարինելու է գալու բազմաբևեռ աշխարհը:

Եվսեևի համոզմամբ` ԱՄՆ-ի թուլացում է տեղի ունենում, որի պատճառով չի բացառվում, որ Արևմուտքը մեծացնի ճնշումները Թուրքիայի նկատմամբ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում Անթալիայում տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Եվսեևի կարծիքով` ՀՀ-ն կարող է դառնալ մի երկիր, որի տարածքը որպես կամուրջ կարող է ծառայել ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև, Հայաստանն այդ իմաստով ամենահարմար երկիրն է:

Ըստ նրա՝ ԼՂ հակամարտության գոտում պատերազմի հավանականությունը մեծանում է, քանի որ շատ ավելի հաճախակիացել են սահմանային միջադեպերը, սադրանքները, ռազմական գործողությունների բնույթն է փոխվել, շատ ավելի խորը դիվերսիոն-հետախուզական բնույթ է սկսել ստանալ, նոր` նախկինից ավելի ծանր սպառազինություն է օգտագործվում, ու ոչ բոլորն են ռուսական: Ռուսաստանցի ռազմական փորձագետի համոզմամբ` Թուրքիայի մասնակցությունն է այդ պատերազմում անհանգստացնող և հնարավոր, անհանգստացնող է նաև այն, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ կազմակերպված նախագահական հանդիպումից հետո միջադեպերի հարցում դադար չստացվեց, լարվածությունը շարունակվեց, ուղղաթիռ խոցվեց, լարվածությունը շարունակվում է նաև այսօր, Ադրբեջանը գնում է իրավիճակի սրման ուղղությամբ:

Վլադիմիր Եվսեևը փորձեց բացատրել, թե ինչու է Ադրբեջանը գնում գիտակցված լարման: «Ադրբեջանը զգում է, որ ռեսուրսները միգուցե սկսեն չբավականացնել, քանի որ նավթի գներն անկում են ապրել և մեծ վնաս հասցրել ադրբեջանական տնտեսությանը: Ադրբեջանը նկատում է նաև, որ հետաքրքրության անկում կա ԼՂ հակամարտության նկատմամբ՝ ուկրաինական ճգնաժամի չհանգուցալուծման հետևանքով: Ադրբեջանը լարվածություն է հրահրում՝ հիշեցնելու համար, որ կա խնդիր, որով պետք է շարունակել զբաղվել:

Կարդացեք նաև

Ադրբեջանը ցանկանում է նաև տապալել ԵԱՀԿ ՄԽ-ն: Երևի թե հիշում եք այս տարվա սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Բեռլին, որտեղ Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ բացահայտվեց, որ Գերմանիան ցանկանում է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, ինչը ներկայիս ձևաչափի պայմաններում անհնար է: Ուստի, կարծում եմ, որ գաղափար կա՝ ընդլայնել կարգավորման ձևաչափը, այլ ձևաչափեր ստեղծել, այսինքն` կա ակտիվություն, որն իրականում չի նպաստում հակամարտության կարգավորմանը»,- ասաց Վլադիմիր Եվսեևը՝ շարունակելով, որ օգոստոս ամսից կարելի է լարվածության հերթական ալիքի սպասել ԼՂ հակամարտության գոտում. կարող են լինել ընդլայնված սադրանքներ, որոնք իրենց հերթին՝ կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների: Ռուսաստանցի վերլուծաբանը նման սցենարի հավանականությունը չի բացառում, ավելին, խորհուրդ է տալիս պատրաստ լինել:

Սակայն, ըստ նրա՝ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը չեն ցանկանում պատերազմ Հարավային Կովկասում, ուստի պետք է ձևավորեն մի ձևաչափ, որի շրջանակում պետք է պայմանավորվեն` ինչպես գործել հնարավոր պատերազմի դեպքում, ինչպես տեղայնացնել պատերազմը և թույլ չտալ, որպեսզի այն ավելի ընդլայնվի: Նրա համոզմամբ` ԱՄՆ-ի ուշադրությունը նվազելու է տարածաշրջանի նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ը եվրոպական թատերաբեմում է զբաղված, Պարսից ծոցում է լինելու ուշադրությունը, և ԱՄՆ-ը Հարավային Կովկասում ներկայություն պահպանելու համար ռեսուրսներ չի ունենալու:

Ի դեպ, ըստ Եվսեևի, այս ձևաչափը կարող է օգտակար լինել ոչ միայն ԼՂ հակամարտության համար, քանի որ չի բացառվում, որ Վրաստանում իշխանության գան այնպիսի գործիչներ, որոնք դեմ չեն Աբխազիան և Հարավային Օսեթիան ռազմական ճանապարհով վերադարձնելուն, ուստի համագործակցությունը նման խնդրի դեպքում ևս կարող է արդյունավետ դառնալ: «Պետք չէ սպասել, որ ամերիկացիները գան հաստատեն խաղաղություն տարածաշրջանում, որը միշտ ապակայունացնող է եղել, երկրներն ԱՄՆ-ի միջամտության հետևանքով տապալման են հասել, ոչ միայն Լիբիան, Աֆղանստանը, Իրաքը: Մենք այստեղ կարող ենք առանց ամերիկացիների ևս գլուխ հանել՝ ինչպես այդ համակարգը ստեղծել, ինչպես կանխարգելել մեծ պատերազմը, պետք է նման խնդիրներ դնենք: Եթե մեզ հաջողվի ԼՂ հակամարտության առաջնագծից հեռացնել ծանր սպառազինությունը,ապա կհաջողվի մեղմացնել լարվածությունը»,- ասաց Վլադիմիր Եվսեևը: Ըստ նրա` Ադրբեջանում Եվրոպական խաղերի ավարտից հետո Ադրբեջանի ձեռքերն այլևս ազատ կլինեն, և կլինեն սադրանքների հերթական ալիքներ, որոնք կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների:

 

Տեսանյութեր

Լրահոս