Բաժիններ՝

ՀՀ կառավարությունն առաջարկում է արտերկրում աշխատող քաղաքացիներին հարկվել հայրենիքում

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով:

Վ.Միրումյանը նշեց, որ օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությունից. «ՀՀ-ից ապրանքների արտահանման ոլորտը հանդիսանում է տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկը և գտնվում է Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում: Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը և կխթանի շինարարական ծառայությունների արտահանմանը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներին ներգրավել նաև Հայաստանի քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով»:

Ըստ փոխնախարարի՝ մյուս կողմից նաև լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությանն արտահանման շուկաներում: Միրումյանի խոսքով՝ եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաև շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին իրենց աշխատանքներում ներգրավել ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս