Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները շարունակվելու են մեծ ինտենսիվությամբ:

Այդ են վկայում արդեն ապրիլի 24-ին հաջորդած օրերին աշխարհի տարբեր վայրերում անցկացվող ոգեկոչման արարողությունները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա առանձնահատուկ շեշտեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Փարիզի քաղաքապետարանի համագործակցությամբ Փարիզում բացված ցուցահանդեսը:

«Ինչպես գիտեք, վաղը ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Միացյալ Նահանգներ, որտեղ կշարունակվեն 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները: Վաշինգտոնի Մայր Տաճարում կայանալու է էկումենիկ պատարագ` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի մասնակցությամբ»,-հայտնեց Վիգեն Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ` հուլիսին Երևանում կհյուրընկալվի Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը, որն իրականանում է երկու տարին մեկ անգամ: «Մենք արդեն ունենք ինֆորմացիա, որ գրանցվածների թիվը աննախադեպ մեծ է`մոտ 400 մասնակից է գրանցվել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա կարևորեց օգոստոսին Երևանում սպասվող Համահայկական խաղերի անցկացումը` նշելով, որ այդ օրերին հայության մեծ համախմբման ու ոգևորության ականատեսն ենք լինելու:

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա շաբաթը լի է լինելու միջոցառումներով: Այդ շաբաթվա ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի Մյուռոնօրհնեքը: Այդ օրերին կկայանա նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի 6-րդ նիստը, որի ժամանակ կամփոփվեն կատարված միջոցառումները ու հաստատման կդրվեն առաջիկա ծրագրերը»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում ապրիլի 21-24-ը Հայաստանում և աշխարհում իրականացվեցին քաղաքական, մշակութային, կրթական, գիտական միջոցառումներ` որոնք շեշտեցին մարդկության դեմ ուղղված ոճրագործության` Հայոց ցեղասպանության դատապարտման կարևորությունը:

Ապրիլի 21-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարանի նոր ցուցադրության պաշտոնական և հանդիսավոր բացումը: Ապրիլի 22-23-ին Երևանում հանդիպեցին 600 պատվիրակներ աշխարհի տարբեր երկրներից` մասնակցելու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից: Ապրիլի 23-ին համայն հայության սրբավայր Մայր Աթոռում իրականցվեց Հայոց ցեղասպանության` հավատքի ու հայրենիքի համար նահատակված զոհերի սրբադասման կարգը, նույն օրը երեկոյան Հանրապետության հրապարկում «Արթնացրեք հոգիները» համերգաշարով հանդես եկավ աշխարհահռչակ System of a down ռոք խումբը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակարբերդի բարձունքում «Հիշում եմ և պահանջում» խորագրով միջոցառմանը մասնակցեցին 60 երկրների պատվիրակությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի ու Կիպրոսի նախագահները: Այդ օրը երեկոյան տեղի ունեցավ «Վերածնունդ» դասական համերգը, ինչպես նաև ավանդական դարձած ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Artsakhpress.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս