Թուրքական արտադրության ATAK հարվածային ուղղաթիռներն առաջին անգամ սկսել են գործել քրդաբնակ նահանգներում
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական արտադրության ATAK հարվածային ուղղաթիռներն առաջին անգամ սկսել են իրեն գործունեությունն ահաբեկչության դեմ պայքարի գոտում (դրա տակ նկատի է առնվում այն գոտին, ուր սովորաբար ակտիվություն է դրսևորել PKK-ը – 168.am):
Այս մասին հայտնել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի կայքը: ATAK տիպի երկու ուղղաթիռ դրվել է 3-րդ բրիգադի հրամանատարության ներքո, դրանք մայիսից սկսել են զօրուգիշեր պարեկություն կատարել Սիիրթի, Շըրնաքի, Հաքքարիի ու Վանի նահանգներում:
Ապրիլի վերջին հաղորդվել էր, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունն առաջին անգամ A 400M Atlas ռազմափոխադրման ինքնաթիռով իրականացրել է ATAK տիպի միանգամից երկու ուղղաթիռի փոխադրում: Փորձն իրականացվել էր Մալաթիայում և պսակվել էր հաջողությամբ. ուղղաթիռները բարեհաջող հասցվել էին Քայսերիի (Կեսարիա) ավիաբազա: