Բաժիններ՝

Գործազրկության նպաստների վերացումը տարբեր արձագանքներ առաջացրեց, բայց արդյունքում փոխվեց իրավիճակը. Գագիկ Մակարյան

Այսօր՝ մայիսի 1-ին Հայաստանում տոնվում է Աշխատանքի օրը: Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ աշխատավորների իրավունքների պաշտպանվածությունը հետզհետե բարելավվում է, թեև դեռևս բավականին դժվարություններ կան՝ կապված թե´ մասնավոր հատվածի կամայականությունների, և թե´ պետական մարմինների կողմից ստեղծվող խնդիրների հետ: 168.am-ի հետ զրույցում Գ.Մակարյանը նշեց, որ վերջին 2 տարում աշխատավորության իրավունքների պաշտպանության ավելացմանը նպաստել է մի քանի գործոն՝ 4 տարի առաջ փոխվեց Աշխատանքային օրենսգիրքը, որում դրական փոփոխություններ եղան՝ հօգուտ աշխատավորների: Նա նշեց, որ այժմ կրկին Աշխատանքային օրենսգրքում էական փոփոխություններ են մշակվում, և աշխատավորության մասով առաջարկները հաշվի առնվել են. «Դեռ վերջնականապես չի ընդունվել Ազգային ժողովի կողմից, բայց պրոցեսը դրական է»:

Գ. Մակարյանի դիտարկամբ՝ հասարակությունն ակտիվացել է, մարդիկ ավելի պահանջատեր են դարձել իրենց աշխատանքի հանդեպ և գործատուի առջև ավելի լավ են պաշտպանում իրենց իրավունքները: Միության նախագահը նաև դրական գնահատեց փոքր բիզնեսի համար որոշակի մեղմացումները, ինչը նպաստում է փոքր բիզնեսի զարգացմանը, և դա էլ կարելի է համարել աշխատավորի իրավունքների պաշտպանություն. «Երբ ՓՄՁ-ն տապալվում էր, սնանկանում, ենթարկվում անհավասար ստուգումների, և դրա հետևանքով տուժում էին աշխատողները, կրճատվում կամ նվազեցվում էր նրանց աշխատավարձը, կամ ուշ էր վճարվում: Դա էլ աշխատավորության շահերին հարված էր, և միան գործատուի խնդիրը չի: Երբ կառավարությունը սահմանափակեց ստուգումները, մտցրեց ընտանեկան բիզնես հասկացությունը, որ երիտասարդները կարող են իրենց ծնողների հետ բիզնեսով զբաղվել, դառնալ զբաղված և իրենց իրավունքն իրացնել: Մյուս կողմից էլ՝ քանի որ ռեֆորմը շարունակվում է, տեսչական մարմիններն են կրճատվում ու այդքան ակտիվ չեն գործում նախկին տարիների համեմատ, դրական է՝ և´ գործատուի, և´ աշխատավորի շահերի տեսանկյունից»:

Գ.Մակարյանի խոսքով՝ գործազրկության նպաստների վերացումը տարբեր արձագանքներ առաջացրեց, այդ թվում՝ քննադատություն, արհմիությունն էր դեմ, բայց արդյունքում՝ փոխվեց իրավիճակը. «Քաղաքացիները նպաստ ստանալուց հաճախ գործատուից խնդրում էին իրենց չգրանցել, որ շարունակեն նաև նպաստը ստանալ: Իսկ այդ դեպքում արդեն բացակայում է աշխատանքային պայմանագիրը, չկան ճիշտ ֆիքսված հարաբերություններ, ինչը կարող է ցանկացած պահի խնդիր առաջացնել: Այդ նպաստների վերացումը նպաստեց աշխատաշուկայում ստվերայնության դեմ պայքարին, նաև, որ քաղաքացիները սովորեն աշխատել: Օրինակ՝ 40-45 հազար դրամ նվազագույն աշատավարձի դեպքում մարդիկ գերադասում էին նպաստ ստանալ ու նստել տանը, բայց հաշվի չէին առնում, որ աշխատանքը իրենց կրթում է, հոգեբանություն է փոխում ու, հատկապես՝ երիտասարդների դեպքում, թեկուզ նվազագույն աշխատավարձով աշխատելը կարիերայի զարգացման հնարավորություն է տալիս»:

Ամեն դեպքում, ըստ Մակարյանի, այսօր գերխնդիրը մնում է տնտեսության զարգացումը, որի բացակայության պայմաններում բարձր է աղքատությունը, բարձր է գործազրկությունը, փոքր բիզնեսը դեռ ճնշված ու անհավասար պայմաններում է, նաև փոքր բիզնեսը վատ վիճակում է՝ վատ մենեջմենթի ու խիզախության պակասի առումով, և սրանք խնդիրներ են, որ անդրադառնում են աշխատավորների վրա:

Կարդացեք նաև

«Եթե ինովատիվ փոփոխություններ չարվեն, ֆինանսապես չառողջացվեն ձեռնարկությունները, արտադրողականությունը չբարձրացվի, 3-4 տարի հետո բազմաթիվ փոքր բիզնեսներ կվերանան ՀՀ-ում: Եվ դա աշխատավորության խնդիրներ կառաջացնի, գործազրկությունը կբարձրանա: Այսօր գործազրկությունը մոտ 18% է, երիտասարդության շրջանում՝ 40%, և, եթե իրադրությունը չփոխվի, գործազրկությունը կաճի»,- ասաց Գ.Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս