«Տնտեսական ցիկլի անկման փուլի վրա ենք գտնվում». Տնտեսագետ
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսման՝ Հայաստանն այս տարի ունենալու է 1% տնտեսական անկում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ԱՄՀ-ի հրապարակած թվերին, նկատեց, որ ըստ դրանց՝ 2015 թվականի դրությամբ համաշխարհային տնտեսական աճը կկազմի 3.5%, իսկ ԱՊՀ տարածաշրջանում կգրանցվի 2.6% անկում:
Նա նշեց, որ ըստ այդ թվերի՝ իրենց զարգացման տեմպերով հիմնականում աչքի կընկնեն ասիական զարգացող երկրները, որտեղ աճի միտումները կտատանվեն 6.6 %-ի շրջանակներում, իսկ եվրոպական զարգացող երկրներում աճը կկազմի 2.9%. «Հետաքրքիրն այն է, որ ամբողջ համաշխարհային ՀՆԱ-ն 2014 թվականի համեմատությամբ 77 տրիլիոնից կիջնի 74-ի»:
Նրա տեղեկացմանբ՝ ԱՄՀ-ն կանխատեսել է, որ Հայաստանի իրական ՀՆԱ-ն կունենա որոշակի անկում. «Մենք այն երկրներից ենք, որոնք ընդգրված են զուտ էներգակիրներ ներկրող երկրների շարքում: Հայաստանում մինուս 1% անկում կլինի, և 2016-ից սկսած՝ 0% և որոշակի աճի միտումներ կարող ենք ունենալ»:
Տնտեսագետի կարծիքով՝ սա բացատրվում է մի շարք բացասական միտումներով, որ կան մեր տնտեսության մեջ և ընդհանրապես՝ ԱՊՀ տարածաշրջանում: «Մենք գիտենք, որ կախվածություն ունենք նաև ռուսական տնտեսությունից, որը միայն նավթի գծով 2014 թվականին ունեցել է 160 միլիարդ դոլարի կորուստ: Ինչպես գիտենք, ռուսական ընկերություններն էլ Հայաստանում բավականին շատ ներկայացված են և ներկայացուցչություններ ունեն: Նրանցից յուրաքանչյուրի կորուստը տնտեսական առումով իր անդրադարձն է ունենում նաև մեր երկրի տնտեսության վրա»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ նկատելով, որ ԱՄՀ-ն Ռուսաստանի տնտեսության համար կանխատեսում է 3.8% ՀՆԱ-ի անկում:
Լրագրողի հարցին՝ մի քանի օր առաջ վարչապետն ասաց, որ «ԱՄՀ-ն միշտ էլ վատ կանխատեսումներ է անում, մենք լուրջ չենք վերաբերվում այդ թվերին», Դուք որքանո՞վ եք հավանական համարում այդ թվերը, տնտեսագետը պատասխանեց, որ երբ ԱՄՀ-ի կողմից կանխատեսումներն արվում են, որոշակի շեղումով է արվում, և ժամանակ առ ժամանակ դա վերանայվում է. «ԱՄՀ-ն իր զեկույցները հրապարակում է ապրիլ և հոկտեմբեր ամիսներին, իսկ իրենց կանխատեսումների թարմացված տարբերակները տեղադրում են հունվարին և հուլիսին: Եթե մենք նայում ենք այս ժամանականահատվածին, նախորդ անգամվա կանխատեսումների համեմատ՝ իրենք իջեցրել են Հայաստանի կանխատեսումները, և իրական տնտեսական զարգացումները ևս դա են ցույց տալիս, որ որոշակի շեղումով դրանք իրականությանը մոտ լինում են»:
Տնտեսագետի կարծիքով՝ մենք կարող ենք նկատել մեր իսկ տնտեսական զարգացումներից, որ իրականությունը ցույց է տալիս, որ կա տնտեսության մեջ ակտիվության անկում. «Սա ինչ-որ առումով մեսիջ է, որ՝ ավելի լուրջ եղեք, ավելի զգույշ քաղաքականություն վարեք՝ տնտեսությունը զարգացնելու համար, որովհետև սա նշանակում է, որ տնտեսական ցիկլի կամ պարբերաշրջանի անկման փուլի վրա ենք գտնվում»: