Սահմանափակ քանակության Էրեբունի գրիչները հիշեցնում են Հայոց պատմության մասին. The National
The National-ը հրապարակել է ոսկյա և արծաթե ինքնահոս բացառիկ գրիչների մասին պատմությունը, որի հեղինակներն են հայազգի Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը:
Ե՞րբ եք վերջին անգամ գրիչով նամակ գրել: Իսկ որքա՞ն ժամանակ է անցել, ինչ ինքնահոս գրիչով եք նամակ գրել:
Եթե այսօր նամակ գրելը տարածված չէ, այնուամենայնիվ, նամակը մի բան է, ինչը հիշեցնում է անցյալի մասին: Միգուցե հենց այդ պատճառով է, որ Իտալիայի հնագույն գրիչների արտադրող Մոնտեգրապպան թողարկել է «Հոգևոր Էրեբունի» գրիչները՝ ի հիշատակ Օսմանյան տիրապետության օրոք տեղի ունեցած՝ հայ ժողովրդի ողբերգության 100-ամյակի:
Բացառիկ ոսկյա և արծաթե ինքնահոս գրիչների քանակը սահմանափակվում է 100-ով, գինը սկսվում է 50.000 ԱՄՆ դոլարից:
Այս գրիչի ստեղծման գաղափարի հեղինակներն են ԱՄԷ Հայկական համայնքի 2 նշանավոր անդամներ՝ Տիգրան Տչաբլակյանը և Գրիգոր Ժաբուրյանը:
Նրանք մշակել էին այս գաղափարը Մոնտեգրապպայից առաջ: Նկարիչ Կոկո Կարապետ Սակայանը կատարել է գրիչի դիզայներական աշխատանքները: Գրիչի վրա պատկերված է նուռ, որը կյանքի խորհրդանիշն է: Պատկերված են նաև հայկական այլ խորհրդանշաններ. «Հավերժության անիվը», աղավնի և արցունքի մի կաթիլ՝ կափարիչի վրա, որը ներկայացնում է վիշտը:
Գրիչը հիշեցնում է 1915 թվականի ապրիլի 24-ի մասին, երբ թուրքական կառավարությունը հայ համայնքի 200 առաջնորդների տեղափոխեց Կոստանդնուպոլիս և կալանավորեց: Հարյուրավոր մարդիկ էլ հետո կալանավորվեցին: Սակայն հայերի մեծամասնությունը մահապատժի ենթարկվեց:
Օսմանյան կայսրությունը ցանկացել է ազատվել հայերից Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում: Հաշվարկները ցույց են տալիս, որ նրանք ոչնչացրել են 500,000-1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների:
Գրիչը թողարկվել է Շվեյցարիայի BaselWorld տոնավաճառում, որը ժամացույցների և ոսկերչական իրերի աշխարհի ամենամեծ տոնավաճառն է:
Ավելի ցածր գնով կարելի է ընտրություն կատարել երկու այլ տարբերակների միջև՝ Erebouni Haverj, հայերեն՝ հավերժական, գրիչներ 1915 սահմանափակ քանակությամբ, 3000 դոլար արժողությամբ, և անսահմանափակ՝ Erebouni Kragan, հայերեն՝ գրական, որոնց գինը սկսում է 400 դոլարից:
Տիգրան Տչաբլակյանը («tecbuy»-ի՝ IT լուծումների ընկերության գործադիր տնօրեն), Էնդրյու Սքոթին պատմում է հիշատակման այս գրիչի մասին ավելի մանրամասն:
– Ինչո՞ւ նախագծեցիք գրիչը:
– Գրիչի ստեղծման գաղափարը մշակվել է իմ և «Airpo-Tech»-ի ղեկավար, գործընկերոջս՝ Գրիգոր Ժաբուրյանի կողմից:
Գրիչը յուրահատուկ տուրք և երդում է այն 1,5 միլիոն հայերի ժառանգությանը, ովքեր դաստիարակել և ոգեշնչել են հայ մշակույթը: «Էրեբունի» գրիչը տուրք է Հայաստանին:
– Ո՞ւմ համար է նախատեսված գրիչը:
– Հիմնականում հայկական ծագում ունեցող մարդկանց: Գրիչը շատ խորհրդանշական է, քանի որ այն ուղղված է Հայաստանի պատմության ամենահուզական ու զգայուն պահերին:
– Սպասո՞ւմ եք, որ համայնքից դուրս մարդիկ կգնեն այդ գրիչներից:
– Այս գրիչը, կարծում եմ, կհետաքրքրի նաև գրիչների կոլեկցիոներներին ամբողջ աշխարհում:
Ծրագրի շրջանակներում մենք կստեղծենք նաև բարձր կարգի ճարմանդներ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի:
– Պատրաստվո՞ւմ եք այլ գրիչներ էլ թողարկել:
– Դա կախված կլինի «Էրեբունիի» մասին ստացած արձագանքներից, որոնք կարող են դրդել մեզ ստեղծել նոր գրիչներ՝ Հայաստանի մշակութային ժառանգությունը հարստացնելու համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Անի Գաբուզյանը